arxiv

Ինչպե՞ս խուսափել «երկուս»-ներից

Սիրելի հասակակիցներ, ինչպես գիտեք, հիմա շատերս դաս չենք անում և նորանոր պատճառներ ենք փնտրում դասերից խուսափելու։ Դեռևս քարե դարից մեզ է հասել մոտավորապես 761 միլիոն այդպիսի միջոց։ Անիմաստ է շատ օրինակներ թվարկելը, որովհետև բոլորդ էլ գիտեք դողացնել, տնքտնքալ, հանկարծակի ուշաթափվել, կամ էլ պատճառաբանել, թե ձեր խեղճ հիվանդ տատիկն անսպասելի վախճանվեց։ Բայց դրանք հնացած խորամանկություններ են, նույնիսկ մեր ծնողներն են օգտվել դրանցից, ուստի ուսուցիչներն իսկույն կռահում են։ Ուրեմն, պետք է մտածել ավելի սրամիտ հնարքների մասին։

1․ Եթե դասը սովորած չեք լինում, վստահ ձեռք բարձրացրեք և ուժգին թափահարեք։ Ուսուցիչը, կարծելով, թե դուք պատրաստ եք, դաս չի հարցնի։

2․ Եթե դասը չգիտեք, ընտրեք մի թեմա, որը ձեր ուսուցչին հուզում է, և նրա հետ բանավեճի մեջ մտեք։ Չեք էլ հասցնի ձեր աչքը թարթել, երբ ազատաբաղձ զանգն անուշ կղողանջի, և դուք կհայտնվեք միջանցքում՝ դպրոցի օազիսում։

3․ Դասը սովորած չլինելու դեպքում խնդրեք ձեր ընկերներին հարցեր տալ ուսուցչին և շեղել նրան։

4․ Եթե դասը չեք սովորել, կարող եք «շպո» սարքել։ Այն կարող եք ամրացնել վերնաշապիկին, դիմացը նստած աշակերտի մեջքին, սեղանի տակ կամ գրել ափի մեջ կամ ոտքին։

Լուսինե Զեյթունյան

 

Վերցնում եք ձեր մանրահաշվիչի (կալկուլյատոր) չափով կտրած թուղթ, ֆիզիկայի բանաձևերը գրում և թափանցիկ կպչանով փակցնում հաշվիչի հակառակ երեսին։ Այժմ կարելի է համարձակ մասնակցել ֆիզիկայի ստուգողականին։

Գոհար Հաջինյան

 

Տետրի թուղթը կտրեք երեք սանտիմետր լայնությամբ և անհրաժեշտ երկարությամբ։ Եթե պիտի մեծ բաներ ծածկագրեք, ապա կտրեք ևս մեկ այդպիսի կտոր և սոսնձեք իրար։ Ծալեք թուղթը հարմոնի նման։ Այնուհետև «հրաշագործ» հարմոնի վրա 2-3 միլիմետրանոց տառերով գրեք ծածկագիրը։ Կարելի է թաքցնել ժամացույցի թվատախտակի տակ։

Հայկ Գրիգորյան

 

Եթե ծանոթ վիրաբույժ ունեք, ապա ստուգողականից մեկ օր առաջ խնդրեք, որ ձեր ձեռքը վիրակապի կամ գիպսի մեջ դնի։ Դասի ժամանակ ծածկագիրը հարմար տեղավորեք գիպսի մեջ։ Իսկ հետոն, դուք երևի ինքներդ եք կռահում։

Ջուլիետա Ղազարյան

 

Թղթի վրա ֆլոմաստերով գրեք անհրաժեշտ տեքստը կամ բանաձևերը և դրեք տետրի այն էջի տակ, որի վրա պետք է ստուգողականը գրեք։ Ֆլոմաստերով գրած տառերը թղթի տակից թափանցում են։

Մարիաննա Հովհաննիսյան

 

Իմ ծանոթ տղաներից մեկը որոշել էր դասի չգնալ։ Մոռացա ասել, որ դա այն տարիներին էր, երբ հեռուստացույցով մեկը ջուրն էր կախարդում, մյուսը՝ քարտեզը․․․ Իմ ծանոթ տղան առավոտյան մորն ասաց, որ էքստրասենսը նախորդ երեկոյան սեանսի ժամանակ հրամայել է իրեն դասի չգնալ։ Նա այնքան համոզիչ էր ասում, որ մայրն իրար խառնված որդուն անկողին մտցրեց։ Համա թե տեսարան էր․․․ Մեծերին խաբելը հեշտ է, բայց երբ քույրիկ ու եղբայր ունես, ո՛չ դերասանությունը, ո՛չ սուտը չեն անցնի։ Իմ ծանոթի քույրն էլ խորհուրդ տվեց ծնողներին եղբորը թույլ չտալ հեռուստացույց դիտել։ Եթե էքստրասենսը ասելիք ունի, նա կողքի սենյակից էլ կլսի։ Առավոտյան տղան դարձյալ պատմում էր նախորդ օրվա սեանսի ժամանակ ստացած հրահանգների մասին․ դարձյալ մի քանի օր «ստիպված» է տանը մնալ։ Եվ այստեղ սուտը բռնվեց։ Պարզվեց, որ նախորդ օրը ոչ մի հեռուստատեսային սեանս էլ չի եղել։ Չեմ ուզում շարունակել, թե ինչ եղավ այնուհետև։

Սոֆա Դանիելյան

 

Եվ վերջապես ամենակարևոր խորհուրդը։ Բոլոր մեթոդները փորձելուց հետո կնկատեք, որ մեծ ջանքեր, երկար ժամանակ է պահանջում թե՛ ծածկագիր սարքելը, թե՛ ահով ու դողով դասի ժամանակ արտագրելը։ Շատ ավելի հեշտ, հանգիստ և օգտակար է դասերը սովորելը։ Ցանկանում ենք հաջողություն։

«Հե՜յ» ակումբ

1997 թվական