Ինչպես անցկացրեցին աշնանային արձակուրդները Հայաստանի դպրոցականները

Երևան

-Ո՞նց թե՝ «անցկացրել», արդեն վերջացա՞ն արձակուրդները։ Լո՞ւրջ։ Հըմ, ախր, ի՞նչ ասեմ: Ասեմ, որ ժամը երկուսին հազիվ արթնանում էի, որովհետև ամբողջ գիշեր չէի քնո՞ւմ: Ասեմ, որ մինչև ուզում էի վեր կենալ, լինում էր ժամը հի՞նգը, էլ վեր կենալու իմաստը ո՞րն էր, եթե պիտի մի քանի ժամից քնեի էլի։ Ու ասեմ, որ հերիք չի, ամբողջ շաբաթն էսպես անցկացրեցի, մի բան էլ հիմա շոկի մեջ եմ, որովհետև ֆիզիկայիս գործնական աշխատանքը չեմ արել (Մարիամ Կարապետյան, 15տ, Եղեգնաձոր):

-Արթնանում էի, շնչում, ասում՝ լավ, մի հատ էլ արտաշնչեմ։ Վեր էի կենում, հաց ուտում, դուրս էի գալիս բակ՝ մի քիչ թարմանալու, լուծվող սուրճ էի պատրաստում, նստում «կոմպի» առաջ, կինո նայում, հետո գրավորներս էի գրում, հաց ուտում ու պառկում քնելու։ Շաբաթվա բոլոր օրերը… (Կարապետ Բաղդասարյան, 15տ, Եղեգնաձոր):

-Դե ոնց մյուս շաբաթները՝ ամեն օր գնացել եմ երաժշտական դպրոց, եկել տուն՝ պարապել։ Ոչ մի օր նորմալ տանը չեմ մնացել՝ հանգստանալու (Էլեն Գասպարյան, 15տ, Եղեգնաձոր):

-Աշնանային արձակուրդս վատնել եմ «ուժեղացուցիչ», «դրոնի վահանակ» սարքելով, մի հատ էլ ժապավենով ձայնագրիչ եմ սարքել՝ հեռախոսի համար։ Մի խոսքով՝ չեմ հանգստացել (Նարեկ Հարությունյան, 15տ, Եղեգնաձոր):

-Շատ խառը: Սովորականի պես արձակուրդից բան չհասկացա։ Արձակուրդը սկսվեց հետաքրքիր էքսկուրսիաներով, ավարտվեց վերջին օրով գրքերը «քրքրելով» (Ժորա Անդրեասյան, 16տ, Եղեգնաձոր):

-Հասցրել եմ կիսատ թողած մի սերիալ նայել ու վերանայել կյանքիս իմաստ դարձած «Teen wolf» սերիալը։ Հա, համ էլ՝ հասցրել եմ ամեն օր պլանավորել, որ հաջորդ օրը պատմությունը կպարապեմ։ Կիրակի օրով բնականաբար մի «ծով» դաս եմ արել։ Հասցրել եմ մի լա՜վ քնել ու առանց հոգս ու ցավի կանգնել վառարանի կողքին, մինչև այնքան այրվեմ, որ էլի բարկանան վրաս։ Թե չէ, որ դասերի ժամանակ վառարանը գրկելու ժամանակ հազիվ եմ կարողանում պեղել ծանր ու հոգնեցուցիչ դպրոցական առօրյայիցս (Աստղիկ Հունանյան, Եղեգնաձոր, 15տ):

-Դե, ես էնքան զբաղված էի ֆիլմեր նայելով, որ բացի դրանից ուրիշ ոչինչ չեմ արել։ Հա, ու մեկ էլ՝ շնչել եմ (Քնարիկ Սմբատյան, 15տ, ք. Երևան):

-Գնացել էի Դիլիջան։ Օրը մի երեք ժամ զբոսնում էի: Մի օր էլ ընկերուհուս հետ եմ գնացել զբոսանքի։ Ու էս ամենը համատեղել եմ գիրք կարդալու հետ։ Հա՜, մեկ էլ՝ նոր սերիալ եմ սկսել նայել (Ժենյա Կարապետյան, 15տ, Բյուրական):

-Ինչպես միշտ՝ բազմոց վարելով (Մելինե Քարամյան, 15տ, Երևան):

-Չեմ անցկացրել (Վահե Յավրումյան, 15տ, Երևան):

-Ոնց մնացած օրերը՝ պարապմունքներով, բայց մի քիչ հանգստացած (Հովհաննես Աբրահամյան, 16տ, Եղեգնաձոր):

-Շատ հետաքրքիր և հաճելի օրեր անցկացրեցի։ Այս աշնանային արձակուրդներին այցելեցի թանգարաններ (ժամանակակից արվեստների և Երկրաբանական)։ Զբաղված էի իտալերենիս իմացությունը խորացնելով և ընթերցանությամբ (կարդացի «Հարրի Փոթթերը և հրե գավաթը» ու շուտով կավարտեմ Դեն Բրաունի «Ինֆեռնոն»։ Ըկներներիս հետ հաճախ էի դուրս գալիս զբոսնելու և վայելում էի մեր քաղաքի չքնաղ աշնանային տեսարանները։ Իսկ այժմ պատրաստվում եմ դասերիս, քանի որ վաղը երկուշաբթի է, եւ վերսկսվում են հոգնեցուցիչ դասերը (Զառա Սարգսյան, 15տ, Երևան):

Աստղիկ Հունանյան, Եղեգնաձոր, 15տ.

***

Կոտայքի մարզ, ք.Հրազդան

-Իրականում պետք է յուրաքանչյուր օրը լիարժեք և ճիշտ օգտագործել, անկախ արձակուրդներից: Հիանալի օրեր եմ ունեցել, տանը գրեթե չեմ եղել: Սիրում եմ աշունը, այն թույլ է տալիս մտորել, ստեղծագործել և մի փոքր խաղաղվել, շուտով կունենամ նոր աշնանային ֆոտոշարք (Մարիամ Հովհաննիսյան,18 տ):

-Արձակուրդի ընթացքում անընդհատ երեկույթների եմ մասնակցել: Շատ հրաշալի անցավ (Ռաֆայել Խաչատրյան,16 տ.):

-Դասերով, գործերով ծանրաբեռնված էի, բայց հասցրի ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Մեկ շաբաթը քիչ է լավ հանգստանալու համար, բայց փորձեցի (Միշել Ոսկանյան, 15 տ):

-Արձակուրդս տատիկիս տանն եմ անցկացրել, տիպիկ հայ թոռնիկի նման (Էլեն Գրիգորյան, 15 տ):

-Աշնանային արձակուրդներս անցկացրեցի ինտերնետում (Էրիկ Եղյան,15 տ):

-Արձակուրդին գնացել եմ մայրական գյուղ, հետս վերցրել եմ երկու գիրք ու ամեն օր կարդացել եմ: Արձակուրդն օգտագործել եմ գերհոգնածությունից ազատվելու համար (կատու եմ սիրել…), բացի այդ, գյուղում ունեմ լավագույն ընկերներ, հանդիպել եմ նրանց հետ, հավաքվել ենք ու լավ ժամանակ անցկացրել։ Արձակուրդը գյուղում ավելի լավ է անցնում, քանի որ մաքուր օդ եմ շնչում ամեն առավոտ, կտրվում առօրյա հոգսերից, մոռանում դասերի մասին։ Չեմ սիրում արձակուրդին դաս անել, վերջին օրն եմ անում, փոխարենը՝ կարդում եմ այն, ինչ ինձ հետաքրքիր է (Նարե Վարդումյան, 17տ):

-Ամբողջ շաբաթ ՖԼԵՔՍ-ի հայտադիմումն եմ լրացրել (Վահե Բաղդասարյան, 16 տ):

-Էքսկուրսիա ենք գնացել: «Հայ Ասպետի» խմբով ենք պարապել, պիտի կիրակի չորս օրով տանեին Արցախ, էն էլ չտարան (Հովսեփ Հովսեփյան, 16 տ):

-Դե պարապմունքներով, էլի: Ֆոտոսեսիայի պատվերներով եմ զբաղվել մեկ էլ (Դավիթ Շառյան, 17 տ):

-Արձակուրդս անցկացրել եմ հարսանիքի պատրաստվելով (Ռոզա Հարությունյան,15 տ):

-ԱԿԿ- Հանրային ռադիո – պար, կիթառ-տուն- UWC հայտադիմում: Այսպես (Արմինե Գևորգյան,16 տ):

-Աշնան գրկում էի հինգ օր, հինգ օրերիցս ոչ մեկն էլ անկապ չի անցել: Ընկերներիս հետ եմ եղել, նախընտրեցի իրենց հետ անցկացնել արձակուրդս, քան թե գնալ շոփինգի կամ այդպիսի մի բան: Այս հինգ օրվա մեջ լավ երջանկացա, լիքը ֆոտոներ արեցի, մասնակցել եմ Հելոուինին, որը այդքան էլ չեմ ընդունում, բայց կարևորը ընկերներիս հետ էի, ու դա ինձ հերիք է երջանիկ դառնալու համար (Մարիամ Հովհաննիսյան,16 տ):

-Արձակուրդ չունեի: Այս մեկ շաբաթվա ընթացքում հասկացա, թե ինչքան հարազատ են դարձել մետրոյից օգտվող աշակերտները, առանց իրենց մետրոն դատարկ էր, չկային էն չարթնացած կամ հոգնած աշակերտների դեմքերը: Կարոտով սպասում եմ երկուշաբթի օրվան (Իռեն Գևորգյան):

-Էս շաբաթվա մեջ ավելի շատ անհանգստացա, քան թե հանգստացա: Անընդհատ մրցույթներ, պարապմունքներ (Մարիետա Մինասյան):

 Լիլիթ Գրիգորյան, Հրազդան

***

Արագածոտնի մարզ

-Ես արձակուրդների ընթացքում իջել եմ բակ, խաղացել եմ։ Գնացել եմ «Փարքինգ» ու հոդ-դոգ եմ կերել (Գառնիկ Աբրահամյան, 9տ):

-Երգել եմ, պարել եմ ու դասերս եմ սովորել (Ժենյա Խորշորյան 8տ.):

- Անունները չեմ հիշում, բայց շատ տեղեր եմ գնացել։ Կարդացել եմ, առաջադրանքներս եմ արել, բայց առաջադրանքներս էդքան շատ չէին: Գիրք եմ կարդացել, երգ եմ պարապել

(Մարիամ Մանասյան, 10տ.):

-Շատ են հանձնարարություններ տվել։ Տասնհինգ հեղինակ պետք ա կարդանք (Անահիտ Դանիելյան, 11տ.):

-Ուղղակի հանգստացել եմ։ Զբաղվել եմ նկարչությամբ, երգել եմ, շատ պարել եմ։ Շատ հանձնարարություններ եմ ունեցել։ Շատ գրքեր են տվել կարդալու (Անուշ Խորշորյան 11տ):

-Արձակուրդների ընթացքում սպորտային խաղեր եմ խաղացել, դասերս եմ սովորել և երեկոյան համակարգչային խաղեր եմ խաղացել (Հրաչ Մկրտչյան, 12տ):

-Մեր արձակուրդները շատ դուրս եկան, որովհետև էլ դասի չէի, ազատվել էի էս դասերի հոգսերից։ Բայց ընդամենը մի շաբաթ էր, է… Հա, էդ մի շաբաթն էլ ա էլի բան։ Մի շաբաթվա ընթացքում ընկերներիս հետ եմ խաղացել։ Տատին ասում էր՝ դասերդ արա, բայց չէի ուզում անել (Անդրանիկ Աբրահամյան, 12տ):

-Արձակուրդներն անկապ անցան: Համակարգիչ, հեռախոս։ Երևան եմ եկել էս ընթացքում (Վահե Ավետիսյան, 14տ.):

-Արձակուրդներին զվաղվել եմ առօրյա գործերով։ Գնացել եմ պատմության մրցույթի փորձերին։ Չեք հավատա, 2-3 օր միայն մուլտ եմ նայել

(Ժորա Հովհաննիսյան, 15տ.):

-Ես իմ աշնանային արձակուրդները անցկացրել եմ տանը ու ֆեյսբուքում (Արմինե Հովհաննիսյան, 16տ):

Անուշիկ Մկրտչյան, Արագածոտնի մարզ, գ.Արագած

***

Կոտայքի մարզ, գ.Արզական

-Մինչև արձակուրդները շատ էի ուզում հագստանալ, իսկ հիմա կարոտել եմ դպրոցը, դասընկերներիս, ուսուցիչներիս (Դիանա Երանոսյան, 14 տ.):

- Շտեմարաններ գրելով ու պարապմունքներ անելով, բայց դրա հետ մեկտեղ կարողացա նոր հոդվածներ գրել վիքիպեդիայում (Տաթև Գաբրիելյան, 17 տ):

-Հանգստանալուց բացի գիրք եմ կարդացել ու հիմա էլ կարդում եմ: Տանը մնալուց հոգնել եմ (Վաչե Համբարձումյան, 14 տ):

-Արձակուրդներn անցան շատ վատ: Մի շաբաթ էլ տային, լավ կլիներ (Անժելա Համբարձումյան, 16 տ):

Էլադա Պետրոսյան, Կոտայքի մարզ, գ.Արզական