Ինչպես առաջ էր

Ես ապրում եմ Աշտարակում, բայց ծննդավայրս Գյումրին է: Կյանքիս առաջին հինգ տարիները անցկացրել եմ Գյումրիում: Ես այդ ժամանակ փոքր էի և չէի հասկանում, թե ինչու ծնողներս որոշեցին, որ պետք է Գյումրիից տեղափոխվենք Աշտարակ: Բայց երբ հիմա այցելում եմ Գյումրի, հասկանում եմ նրանց այդ քայլի դրդապատճառը: Իսկ պատճառն այն էր, որ ոչինչ այնպես չէր, ինչպես առաջ էր…

 

***

Ծնողներս ասում են, որ մինչև 1988 թվականի երկրաշարժը Գյումրին զարգացող, կյանքով լեցուն քաղաք էր: Այնտեղ կյանքն ավելի բարեկեցիկ էր, քան մայրաքաղաքում: Սակայն 1988 թվականի դեկտեմբերի 7-ը փոխեց ամեն ինչ: Կարիք չկա ներկայացնելու այն դեպքերը, որոնք հաջորդեցին այդ եղերական իրադարձությանը, որովհետև քաղաքի ներկայիս իրավիճակը ինքն է խոսում այդ մասին:

Երբեմնի ուրախ ու եռանդուն քաղաքը վերածվել է խորը հակադրությունների կենտրոնի: Իհարկե, շատ հայրենանվեր մարդկանց շնորհիվ քաղաքը կարողացավ ոտքի կանգնել և վերականգնել իր նախկին տեսքը: Բայց վերականգնվեցին միայն քարե կառույցները: Չվերականգնվեցին մարդկանց աշխատատեղերը, չվերականգնվեցին քաղաքի արվարձանները, որտեղ առ այսօր հարյուրավոր մարդիկ տնակներում են ապրում: Չվերականգնվեց գյումրեցու խաղաղ ու բարեկեցիկ կյանքը:

Բայց մնաց ու չկոտրվեց գյումրեցու կամքը, լավատեսությունը և արարելու եռանդը: Այսօր Գյումրին բարեկարգ կենտրոնով, բայց բնակավայր չհիշեցնող տնակային թաղամասերով, հումորի մեծ զգացումով մարդկանցով, բայց միևնույն ժամանակ, օրեցօր քաղաքը լքող բնակիչներով մի քաղաք է:

Գյումրեցիներն ապրում են այն համոզմունքով, որ Գյումրին կրկին կդառնա հայոց հայրաքաղաքը` իրեն բնորոշ հակադրություններով, մշակութային մայրաքաղաքին վայել կյանքով: Կգա օրը, երբ այլևս չեն լինի տնակներում ապրող մարդիկ, իսկ այդ տնակների տեղում կկառուցվեն նոր գործարաններ, նոր աշխատատեղեր, որտեղ կրկին կստեղծի ու կարարի գյումրեցին:

Ինչպես առաջ էր…