arxiv

Ինչպես են խոսում երեխաները

-Ինչպե՞ս եք ձեզ զգում,- ասացի ես եղբորս խաղալու ժամանակ:
-Մենք լավ ենք մեզ զգում:
-Ո՛չ, Դավի՛թ ջան: Դու պիտի ասես` ես լավ եմ: Ես քեզ հետ «Դուք»-ով եմ խոսում, որովհետև ես քեզ հարգում եմ:
-Էհ, ես էլ եմ ինձ շատ հարգում:

Գրի առավ` Էմմա Մարտիրոսյանը

***

Մի անգամ, երբ ես փոքր էի, իմ մայրիկը հարցրեց, թե 2-ին գումարած 3 ինչ է անում: Ես ասացի, որ չգիտեմ: Մայրիկս պարզեց մատները և ասաց, որ նայեմ իր մատներին ու պատասխանեմ: Ես ասացի.
-Չորսուկես:
Մայրիկս ասաց.
-Ո՞նց թե` չորսուկես, ուշադիր նայիր:
Ես լացելով ասացի.
-Ես ի՞նչ անեմ, որ քո բութ մատը կարճ է:

Երբ փոքր էի, տառերի կեսը չէի արտասանում: Մի անգամ էլ «Կարմիր գլխարկն» էի պատմում.
-Կամի գլխակը ծասը վեցնում է, ո գնա տատիկի տուն… Գալն ասում է. «Ու ես գնում, կամի գլխակ…»
Այդ ժամանակ միայն աչքս ընկավ մայրիկիս խոժոռ դեմքին: Ես զարմացած ասացի.
-Մամ, էս գալը ինչ թլոշ ա, չէ՞…

Գրի առավ` Լիլիթ Հովհաննիսյանը

***

Մի օր փոքրիկ Դանիելն ասաց քրոջս՝ Գոհարին, որն ուսանող է.
-Գոհար, տուր ժիլետդ հագնեմ:
Գոհարը պատասխանեց.
-Որ հագնես, մեջը կլողաս:
Դանիելը զարմացած հարցրեց.
-Ինչի՞, մեջը ջուր կա՞:

Գրի առավ` Մարիամ Մանուկյանը

***

Ուսուցչուհին հարցրեց Աննային.
-Դուք տանը ձկներ ունե՞ք:
-Այո, մայրիկն այսօր պետք է տապակի:

Գրի առավ` Կոնստանտին Բեգիջանյանը

***

Մի անգամ փոքր եղբայրս` Հովնանը, ինձ հարցրեց.
-Դու որ մեծանաս, մորուք պահելու՞ ես:
-Չգիտեմ,- պատասխանեցի ես,- իսկ դու՞:
-Չէ, ես ձուկ եմ պահելու:

Հովնանը մի օր շատ լաց եղավ: Երբ կարողացանք հարցնել, թե ինչ է պատահել, ասաց.
-Ծնունդս չի գալիս, կարոտել եմ, չէ՞:

Մի անգամ փոքր եղբայրս հայրիկիս հարցրեց.
-Ինձ կոնֆետ կարելի՞ է:
-Այո՛,- պատասխանեց հայրիկը,- եթե ուզում ես` կեր:
-Բայց պետք է լինի, չէ՞, որ ուտեմ: Կգնե՞ս ինձ համար:

Գրի առավ` Մուշեղ Բաղդասարյանը