Astghik Hunanyan vayots dzor

Ինչպես է դա եղել

Հունվար

Գիտեի, որ այս տարի փոխադրական քննություններ ունեմ, 9-ի քննություններ են, դե, վեց երկար ու ձիգ ամիսներ կան առջևում, կպարապեմ, էլի…

Փետրվար

Ֆիզիկա՞, թե՞ կենսաբանություն: Ասում էին ֆիզիկա հանձնել չեմ կարողանա, բոլորին հակառակ նայեցի դեպի ֆիզիկան: Դե հա, նայեցի, նայեցի դասագրքի առաջին էջին ու ընտրեցի կենսաբանությունը: Քննություններին պատրաստվելու համար դա շատ լուրջ քայլ էր, չէ՞:

Մարտ.

-Մամ, մամ, հեռախոսս ձեռքիցս կառնե՞ս` մի քիչ պարապեմ:

-Բա աչքն էլ չեմ հանի՞:

Դասարանով սկսեցինք կենսաբանություն պարապել: Կենսաբանության դասասենյակի պատերը սկսեցին սովորել մեր ամենօրյա ներկայությանը, գնում էինք, մի քանի դաս պատմում ուսուցչուհուն, նա էլ մի քանի բան էր բացատրում, «շատ պարապելուց» հոգնած վերադառնում էինք տուն: Պարապում էին, իսկ ես, պատճառաբանելով, որ հետ եմ ընկել, չէի սովորում, ախր, դեռ երեք ամիս կար: Մարտի վերջն էր: Տեսնելով, որ յոթերորդ դասարանի դասագիրքն ավարտեցին՝ որոշեցի՝ ես էլ շաբաթ-կիրակի օրերին կավարտեմ: Վճռական վերցրի գիրքն ու սկսեցի կարդալ, սովորել, հետո գրում էի շտեմարան՝ ինձ ստուգելու համար, ապա կենսաբանություն լավ իմացող ծանոթներիցս մեկին խնդրում էի, որ հարցեր տա: Հարցեր էր տալիս, ես էլ ոգևորված պատասխանում էի: Մի քանի սխալ հազիվ անեի, դա ինձ շատ էր ոգևորում, բայց եկավ մի օր, ու ծուլությունս էլի հաղթեց ոգևորությանս: Մարտին սկսվեցին նաև պատմության պարապմունքները: Դրանք էլ չէի պարապում, էլի ասում էի՝ հետ եմ ընկել, կսովորեմ: Այդպես էլ եղավ՝ մի գիշերում վեցերորդ դասարանի գիրքը ջրի նման սովորեցի: Բայց այդ ժամանակ դասարանս արդեն հասել էր ութերորդ դասարանի դասագրքին: Այստեղ էլ հավեսս ապստամբեց:

Ապրիլ

Գիտե՞ք, ամեն օր որոշում էի պարապել: Ահա, ժամը 2:23 է, ուղիղ 3:00 կսկսեմ պարապել: Վայ, ժամը 3:01-ն է, ուղիղ 4:00-ին կպարապեմ, լավ ուղիղ հինգին, անցավ, ուղիղ վեցին, անցավ, կպարապեմ երեկոյան՝ քնելիս: Բայց երեկոյան ո՞վ պիտի թերթեր ֆեյսբուքի ձանձրալի էջը՝ բողոքելով, որ ոչ մի բան չկա անելու: Բացի այդ՝ ես ապրիլին եմ ծնվել, էլ ո՞վ իրավունք ուներ ամբողջ ամիսը ուրախ-զվարթ անցկացնելու, եթե ոչ ես:

Մայիս

Քննությունից մի ամիս առաջ՝ մայիսին, սկսեցի զրոյից պարապել մաթեմատիկա, մի ամսում պետք է սովորեի, մայրս էլ ասում էր՝ պետք է բարձր ստանաս: Չէ մի: Մայիսն իսկապես տանջանքների ամիս էր, ամեն օր պետք է գնայի մաթեմատիկայի պարապմունքի, նվնվալով երկու ժամ դիմանայի ու վազեի անգլերենի պարապմունքներիս: Ամեն օր երկու ժամ՝ սինուս, կոսինուս, այս թեորեմ, այն թեորեմ, ֆակտորիալ, հավասարումներ ու անհավասարումներ, պրոգրեսսիա, կոորդինատային համակարգեր, թեստ մեկ, թեստ երկու, թեստ տասը, անցանք մյուս գրքույկին: Ինչ-որ տագնապ էր առաջացել մոտս, բայց չէ՞ որ կային քննությունների վերջին գիշերները: Գնում էի պարապմունքի՝ ճամփին պատմություն կարդալով (միայն ես գիտեմ, թե ինչքան վատ բառեր եմ լսել վարորդներից՝ գիրքը կլանված կարդալու պատճառով ճանապարհները անզգույշ անցնելու ժամանակ):

Հունիս

Այս տարի դժվար թե կարողանամ հունիսը ամռան ամիս կոչել: Այն շատ էր տարբերվում մյուս միանման հունիսներից, որ ապրել եմ: Ընդհանրապես չէի էլ կարողանում ինձ տրամադրել, որ ամառ է, անհամբեր չէի սպասում կեռասի հասնելուն, անընդհատ չէի կրկնում «ձմերուկ եմ ուզում» արտահայտությունը, մերոնք էլ առիթ չէին ունենում պատասխանելու՝ «Հիմիկվա ձմերուկը քիմիա ա, Աստղ», ինչպես անցած-գնացած բոլոր հունիսներին: Հարևանների թթի ծառերից «կախվելու» ժամանակ անգամ չունեի:

Եկավ հունիսի 5-ը, եկավ նաև հայոց լեզվի քննությունը, ստացա տասնութ, ցավալի էր: Հունիսի 9-ն էլ չուշացավ՝ մի գիշերում ամբողջ չորս տարիների դասերն էլ սովորեցի՝ քսան ստացա: Ահա, հունիսի տասներկուսը՝ մաթեմատիկան, էլի քսան, անգլերենը՝ քսան: Ոչ մի կերպ չէի կարողանում կենսաբանությունը պարապել: Չգիտեի էլ՝ որտեղից սկսել, բայց գիտեի, որ քննություններից կարող եմ բողոքել ու ողջ օրը քնել: Դե, կենսաբանությունն էլ բարեհաջող տվեցի, անկեղծ ասած՝ արտագրել եմ, օգնել են, բայց լավ է, դա էլ անցավ: Իսկ վերջն ամենասարսափելին էր՝ պատմությունը, մի գիշերում սովորել մի քանի հազարամյակների պատմությո՞ւն, ի՞նչ կա, որ: Վերջին օրն էր՝ վերջին քննությունը, այդ գիշեր երակներովս դեպրեսիա և մի քանի գավաթ մակսուրճ էր հոսում արյան փոխարեն: Քսանվեց տոմսից հասցրեցի սովորել միայն առաջին ութը, ու մնում էր միայն հուսալ, որ բախտն ինձ վերջին պահին չի դավաճանի: Չորրորդ տոմսն ընկավ, և քանի որ հինգ մատիս պես գիտեի սովորածս բոլոր դասերը, էլի ստացա քսան: Մինչև հիմա չեմ հավատում, որ տանջանքներս վերջացան, որ էլ մայրս չի գա սենյակ ու տեսնելով, որ գրքերի փոխարեն ձեռքիս հեռախոս է՝ չի հանդիմանի: Երա՞զ է արդյոք ու հիմա պետք է արթնանամ ու գնամ կոնսուլտացիաների՞: Չէ, չէ, վերջ: