Anush abrahamyan

Ինչպես լուծել հարցը

Գյուղում հաճախ է հրացանի փողն ուղղվում մեզ նման ապրել ցանկացող կենդանիների` շների վրա:
Նախ ասեմ, որ գյուղացիների մեծամասնությունը շուն ունի և հոգում է նրա մասին ինչպես հարկն է: Բայց գյուղում շների թիվը անհամեմատ մեծացել է: Իհարկե. սա չպետք է հիմք դնի կենդանիների սպանդին:

Առհասարակ գյուղացին վաղ է արթնանում՝ կովերը նախիր հասցնելու, հանդում խոտ քաղելու ու շատ այլ գործեր անելու համար: Գյուղում շները խմբերով են շրջում ու հարձակվում գյուղացիների վրա, նման դեպքեր հաճախակի են լինում: Ծնողները վախենում են երեխային դպրոց ճանապարհել շների պատճառով, հաշվի առնենք, որ մեր դպրոցում (թիվ 1) դասերը սկսվում են 08:30: Ներքին Գետաշենը մեծ գյուղ է, ու կան ծայրամասային թաղամասեր, որտեղ, ասենք, կա հինգ բնակելի տուն՝ շրջապատված մեծ հողակտորներով: Այդ տների դպրոցականները հաճախ բացակայում են դպրոցից հենց շների հարձակմանը չենթարկվելու պատճառով: Էլ չասեմ՝ ձմռան մասին, երբ ձյունը կարող է հասնել մինչև տանիք: Դե իհարկե դուք էլ հասկացաք, որ վիճակը ավելի քան ծանր է:

Շների ոչնչացման մասին տեղյակ չէի մինչև այն օրը, երբ որոշեցի վաղ արթնանալ ու օգնել տատիս: Առավոտյան այդ ժամին գյուղացիները հավաքվել էին փողոցում ու վիճում էին: Մոտեցա նրանց, ու պարզվեց, որ չէին վիճում, այլ սրտնեղած խոսում էին: Նկատեցի նաև, որ խնդրում էին մի մարդու կրակել շներին: Այս մարդն էլ պնդում էր, որ փամփուշտ չունի, իսկ դրանք թանկ արժեն: Չեմ ասի, թե զարմանքից ապշեցի, քանի որ այդ պահին զգացածս միայն զայրույթ էր:

Գյուղացիներից մի քանիսն էլ պատմեցին, թե ինչպես են շները հարձակվել իրենց վրա, թե ինչպես են հողամասի նոր փորած մարգերը գետնին հավասարեցրել և այլն: Նշեմ նաև, որ գյուղացիները իրենց հողամասերը հաճախ ջրում են գիշերով: Հարցրի` ինչո՞ւ գյուղապետին չեն դիմում, ասացին, որ դիմել են, իսկ նա արգելել է շների վրա կրակել: Ախր, միայն արգելելով ոչ մի հարց չի լուծվի, քայլեր է պետք ձեռնարկել: Այս հարցը ավելի կարևոր է, քան գյուղի փողոցները ասֆալտապատելը կամ լուսավորելը: Ինչո՞ւ միաբերան մեղադրել գյուղացուն այն դեպքում, երբ ամեն ինչ իր ուսերին է մնացել: Եվ այն, ինչ նա անում է, անում է ստիպողաբար՝ իրեն պաշտպանելու համար:

Ստեղծված կացությունը ուղղակի անհանդուրժելի էր: Կարծում եմ, ամեն դեպքում ամեն ինչ չպետք է թողնել գյուղացու ուսերին ու սպասել նրա կայացրած որոշմանը, այլ լրջորեն զբաղվել այդ հարցով: Շներն սպանելը լուծումչէ: Արթնացեք քնից, այդ հարցերի մասին շուտ մոռացող պաշտոնյաներ, որովհետև միայն փողոցները ասֆալտապատելով չեք լուծի գյուղացու ամենակարևոր ու առաջնահերթ խնդիրները: Նաև համացանցում եմ փնտրել շների խնամքով զբաղվող կազմակերպություններ: Պարզվեց անտուն կեդանիների խնամքով զբաղվում է «Դինգո թիմը»: Որոշեցի դիմել Օվսաննա Հովսեփյանի օգնությանը: Նրանց կատարած աշխատանքը ողջունելի է: Բայց ի ուրախություն ինձ ու շատերին, հուլիս ամսին շներին կրակելու փորձ անգամ չեղավ: Իհարկե, դա չի նշանակում, որ խնդիրը լուծվեց:

Ամեն դեպքում ես ամեն ինչ կանեմ, որ գյուղում այլևս երբեք կենդանիների իրավունքները չոտնահարվեն: