hovhannes ghulijanyan

Ինչպես կառուցվեց Մեծամորը

-Բարև, Մանուկ պապ, գիտեմ, որ Մեծամոր քաղաքի առաջին բնակիչներից ես։ Մի փոքր պատմիր՝ ո՞նց է քաղաքը ոտքի կանգնել, վերջիվերջո՝ քո աչքերի առաջ է ստեղծվել։

-Բարև, տղես։ Սկսեմ։ Ուրեմն 1968-69 թվականն էր, կարդացի շինարարությունում աշխատանքի մասին և Աշտարակի սովխոզից եկա։ Սարքեցինք սկզբում ոչ թե որպես քաղաք, այլ ատոմակայանի աշխատողների համար ավան, մոտ 15-20 տարի հետո ստացավ քաղաքի կոչում։

-Բա ո՞նց ստացվեց, որ դու մնացիր այստեղ։

-Դե, էն ժամանակ աշխատանքը գնահատվում էր, տուն ստացա ու մնացի այստեղ։

-Իսկ հիմա՞։ Հնարավո՞ր է քաղաքից դուրս գնահատվի։

-Չէ, չէ, եթե չի գնահատվում, ուրեմն էդ համատարած ա: Քաղաքից փախչելով բան չենք փոխի։

-Իսկ դժվար չէ՞ր գյուղից հետո քաղաքում ապրելը։

-Չէ, դժվար չէր, որովհետև էստեղ ես արդեն աշխատանքի անցա ատոմակայանում: Այ, հիմա է դժվար, որ թոշակառու մարդ եմ ու զբաղմունք չունեմ, ամբողջ օրը դուրսը նարդի եմ խաղում: Հա, մեկ-մեկ էլ գնում եմ հողամաս ու ծառերս եմ ջրում։

-Պապի ջան, շատերն են ասում, որ մեր քաղաքը գյուղից չի տարբերվում, դու ի՞նչ կասես, եթե տարբերվում է, ապա հիմնականում ինչո՞վ։

-Դե, բալա ջան, թամբալները կասեն, որովհետև բան չեն փորձում անել, բայց քեզ ի՞նչ ա թվում, եթե գյուղից չտարբերվեր, ես կթողնեի՞ իմ տունն ու տեղը ու գայի էստեղ՝ նոր կյանք սկսեի։ Հարցիդ, որ նորմալ պատասխան տամ, կասեմ՝ տարբերվում է հիմնականում նրանով, որ էստեղ աշխատանք կա, կյանքը ավելի աշխույժ ա։

-Իսկ ո՞նց բնակեցվեց քաղաքը։

-Ավանը սարքում էինք հիմնականում ատոմակայանի աշխատողների համար, հետագայում ավելացան նաև Սումգայիթից, Բաքվից եկածները, ու աստիճանաբար ձևավորվեց քաղաքը։

Ահա, այսքանը համառոտ իմ քաղաքի՝ Մեծամորի կառուցման մասին։