elada

Աղվերանի մեդիա ճամբար. Ինչպես միացա պատանի թղթակիցներին

Ես չգիտեի այս ծրագրի մասին: Մեր գյուղ` Աղվերան եկան 17-ի մի խումբ թղթակիցներ: Նրանք եկան նաև մեր տուն և փորձում էին հարցազրույց վերցնել հայրիկիցս, ով զբաղվում է դարբնությամբ: Նրանք շատ հետաքրքիր և սիրով էին կատարում իրենց գործը. լուսանկարներ էին անում, զրուցում  և, այդ ամենը ինձ շատ դուր եկավ:

Ես  հետևում էի նրանց աշխատանքներին և մտածում այն մասին, թե ինչ լավ կլիներ, որ ես էլ միանայի նրանց և դառնայի թղթակից: Ընտանիքիս անդամներին ես նույնպես  հայտնեցի իմ ցանկության մասին: Պատանի թղթակիցներին գտա համացանցով: Հայրս դիմեց նրանց, որ աղջիկս ցանկանում է դառնալ պատանի թղթակից: Նրանք շատ սիրալիր և բարեհամբույր պատասխանեցին.

-Մենք Աղվերանում ենք, և դուք կարող եք գալ, կզրուցենք այդ մասին:

Մենք հաջորդ օրը գնացինք այնտեղ: Մեզ դիմավորեցին արդեն ինձ շատ սիրելի դարձած պատանի թղթակիցները, որոնք հայտնեցին այն մասին, թե որոշել են մեր ընտանիքի մասին ֆիլմ նկարահանել: Ինձ համար դա մեծ անակնկալ էր:

Կողքիս նստած էր Ռուզանը, ով արդեն մի քանի ամիս է, ինչ պատանի թղթակիցների թիմում էր: Սկսեցի նրան հարցեր տալ հոդվածների մասին: Նա ինձ պատմեց իր առաջին հոդվածի մասին:

Հարցրի. «Ինչի՞ մասին է եղել քո առաջին հոդվածը»: Նա ասաց.

-Մայրիկիս հետ հարցազրույց եմ արել` «Ինչպե՞ս մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել» վերնագրով: Նա մանրամասներ պատմեց ինձ իր առաջին  հոդվածի մասին:

Ես էլ առանց այս ու այն կողմ ընկնելու սկսեցի գրել իմ առաջին հոդվածը «Ի՞նչն է ինձ հուզում» թեմայով:

Նաև ինձ բացատրեցին, թե ինչ է լրագրությունը, լուսանկարչությունը և առավել ևս, կինոն, որը հենց մեր տանը պիտի նկարահանվեր, ու ես էլ մասնակցում էի հայրիկիս մասին պատմող «Դարբին Արտակը» ֆիլմի նկարահանումներին:

Երբեք չէի պատկերացնի և անգամ մտքիս ծայրով չէր անցնի, որ հայրիկիս մասին ֆիլմ կնկարեմ:

Երկու օր է,  ինչ այստեղ եմ, արդեն սկսել եմ հունի մեջ ընկնել և ոգևորվել: