mariam miqayelyan india

Ինչքան օտար, նույնքան էլ հարազատ

Բարև,
Գրում եմ տանից 3780 կիլոմետր հեռավորության վրա, օտարության մեջ` Պունե, Մահարաշթրա, Հնդկաստան, ու դե իհարկե, կարոտը սրտումս, բայց մեկ է, տանը։ Պարադոքս կթվա, բայց արդեն սովորական բան է։
Էստեղ  ամեն ինչ տարբեր է, ամեն-ամեն ինչ։ Նույնիսկ տրանսպորտն է հակառակ կողմից։
Էստեղ ես չեմ կարող ազատ, երբ սիրտս տա, դուրս գալ եղևնիների տակ քայլել, որովհետև նախ ապահով չի, հետո ժամանակ չունեմ, ու հա, մեկ էլ եղևնիներ չկան: Փոխարենը` ջունգլիներ են, որոնք արդեն հարազատացել են։ Ժամանակն էլ է տարբեր: Ճիշտ է, մեծ չի տարբերությունը, բայց մեկ է, տարբեր է։ Ու որ ամենակարևորը՝ էստեղ մամա չկա, որ ինձ ամեն առավոտ արթնացնի, ես էլ ասեմ․
-Է՜, մամ, լավ էլի, թող մի քիչ էլ քնեմ։
Ինձ էստեղ հիմնականում արթնացնում են տանիքիս վրա վազվզող կապիկները։
Էստեղ մամայի եփած համով ճաշիկներն էլ չկան։ Փոխարենը, կան տարօրինակ անուններով ուտելիքներ, ու հա, երևի հասկացաք, որ դրանք էլ են հարազատ դարձել: Մեկ էլ կա Լիլիթը, ում հետ միշտ փորձում ենք համով բաներ պատրաստել, դե իհարկե, չի ստացվում, բայց մենք մեզ համոզում ենք, որ «տուն տանելու աղջիկներ ենք»։
Կա լիքը-լիքը կարոտ ու էմոցիաներ, որոնք հաճախ չեմ կարողանում կառավարել։ Էստեղ լսում եմ երգեր, որոնք տանը հաստատ չէի լսի, ու եթե նույնիսկ ինչ-որ մեկը լսեր, կա՛մ կխնդրեի, որ անջատեն, կամ էլ ականջակալներս կդնեի, կսկսեի իմ երգերը լսել։ Հա, ու ասեմ, Թաթայի երգերի մեջ էլ շա՜տ հարազատություն կա: Դե կարոտն է, ի՞նչ կարող եմ անել։
Մի սենյակում ապրում եմ Մեքսիկայից, Սլովենիայից ու Հնդկաստանից սենյակակիցներիս հետ, ովքեր արդեն դարձել են քույրեր, և ում հետ ամեն շաբաթ կիրակի փոփքորն ենք սարքում ու Նեթֆլիքս նայում, որ ցրվենք դասերի թոհուբոհից։
Ամեն առավոտ դասի գնալու ճանապարհին, ծանոթ մարդկանց տեսնելիս չեմ ասում «Բարև», էստեղ բարևին փոխարինում է «Նամաստե»-ն։ Ճիշտ է, դա էլ է հարազատ դարձել։

Հնդկաստանը էն Հնդկաստանը չի, որը պատկերված է հնդկական սերիալներում, և որոնք մեր պապիկ-տատիկները մեծ հետաքրքրությամբ նայում են։ Թաջ Մահալից բացի, էստեղ շատ ու շատ սիրուն բաներ կա տեսնելու։
Համարյա 7,5 ամիս էստեղ ապրելու ընթացքում հասցրել եմ տեսնել անթիվ անհամար տաճարներ ու թագավորական պալատներ, փորձել եմ մրգեր, որոնց անունն էլ չգիտեի, հանդիպել եմ մարդկանց, ում փոքր ժամանակ ես ու մանկությանս ընկերները, եթե հանդիպեինք կասեինք՝ «հելոներն» են։
Էստեղ տեսել եմ աշխարհի ամենասիրուն ու ամենատպավորիչ արևածագերն ու մայրամուտները, չնայած, ո՞ր արևածագը կամ մայրամուտը չի տպավորիչ։
Արշավ չի եղել քոլեջի կողմից կազմակերպված, որ բաց թողնեմ։
Ունեցել եմ անթիվ, անհամար քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։

Երբեք չէի պատկերացնի, որ 17-ամյակս կնշեմ տանից շատ հեռու, մի բլրի վրա (քոլեջիս ֆիզիկական տեղակայմանը էդպես ենք ասում), ընկերներիս  հետ, էնպիսի երկրներից, ինչպիսիք են` Մեքսիկան, Սլովենիան, Հնդկաստանը, Նիկարագուան, Սիրիան, Չինաստանը, Նամիբիան, Տաջիկստանը ու էլի շատ երկրներ։ Չէի պատկերացնի, որ մի սենյակում կունենամ իմ անկյունը՝ զարդարված սպիտակ լույսերով ու ընկերներիս նկարներով, որպեսզի թեկուզ նկարներից կարողանամ կարոտս առնել։
Երբեք չէի պատկերացնի, որ ուսուցիչներիս անունով կդիմեմ ու դասերից հետո թեյ կխմեմ իրենց հետ։ Կամ չէի պատկերացնի, որ 16 ժամ գնացքով ճամփորդելիս, մեր դպրոցի Գլոբալ քաղաքականության  դասատուին կպատմեմ Ապրիլյան հեղափոխության ժամանակ ունեցածս արկածների մասին։ Չէի պատկերացնի, որ կանցնեմ էնպիսի առարկաներ, որոնց մասին երազում էի Հայաստանում սովորելու ժամանակ, օրինակ՝ Ֆիլմ կամ Հոգեբանություն։ Հա ու մեկ էլ չէի պատկերացնի, որ իմ դպրոցում կլիներ ուսուցիչ, ով համագործակցում է ՆԱՍԱ-ի հետ։
Շատ կուզեի էս փորձը կիսել ընթերցողներիս հետ, հոդվածի միջոցով, բայց դեռ տեխնիկան էդքան չի զարգացել։
Չգիտեմ` էլ ինչ գրեմ: Մի բան հաստատ գիտեմ՝ ես տանն եմ, ինչքան էլ տանից հեռու եմ։

Էս ժամանակը աճելու, կրթվելու, զարգանալու ու ավելի ինքնուրույն դառնալու ժամանակ է։ Հա, ու արդեն մի քիչ ինքնուրույն եմ. առաջին անգամից հետո Երևան-Շարժա-Մումբայ, հետո էլ 5 ժամ դեպի քոլեջ ճանապարհը կարողանում եմ մենակ անցնել առանց վախենալու։
Անչափ հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն ներկայացնելու հայրենիքս օտարության մեջ, ինչը բավական մեծ պատասխանատվություն է ներկայացնում։ Ճիշտ է, դրսում հայ աղջիկ լինելը շատ դժվարություններ ունի, բայց իհարկե, հաղթահարելի դժվարություններ են։
Դե ինչ ասեմ, գնամ հոգեբանությանս թեստի համար պարապելու: Երբ նորից մաման զանգերիս չպատասխանի, ես էլի կուզեմ զգացմունքներս արտահայտել ու կգրեմ հոդված։
Մա՛մ, դե պատասխանի, էլի՜․․․