Ինչ անել, երբ զրույցը ձանձրալի է

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Տուկ-տուկ՝ դուռն է նորից: «Վայ, բարև ձեզ»: Նորից հյուրեր են եկել, և քանի որ ամանորին մայրս աշխատանքի է, ես պետք է նրանց հյուրասիրեմ: Ահա և վերջ, ամեն ինչ արված է: Հիմա նստել եմ նրանց կողքին և լսում եմ հորս և հյուրերի խոսակցությունները: Նրանք խոսում էին տարբեր թեմաներից,  և ահա հերթը հասավ քաղաքականությանը: 

Ոչ մի բան ինձ չէր հետաքրքրում այդ խոսակցությունից, սակայն քանի որ ես էի «տանտիրուհին», ստիպված էի նստել ու խելացի հայացքով նայել հյուրերին: Միայն թե չնկատեն, որ ես չեմ լսում: Իսկ մտքով բոլորովին ուրիշ տեղ էի: Ճիշտ նույն իրավիճակում, ինչ հիմա, երբ զրույցը ձանձրալի է, բայց ստիպված ես լսել:

Ես հիշեցի այն օրերը, երբ Երևանում էի: Աշնանային արձակուրդներն էին, և ես գնացել էի հորաքրոջս հյուր՝ առանց վերարկուի: Առանց վերարկուի, այն էլ աշնանը: Երևանում այդ օրերին շատ ցուրտ էր, և ես տանից դուրս գալ չէի կարողանում: Վերջապես մի երկու օրից ընկերուհիս իր հետ Ջերմուկից բերեց վերարկուս, և հորաքույրս ասաց, որ հաջորդ օրը արդեն տնից դուրս եմ գալու: Վերջապես կզբոսնենք, կգնանք ակնաբույժի մոտ, և էլի շատ վայրեր…

Երբ հաջորդ օրը պատրաստվում էինք տանից դուրս գալ, հորաքույրս ասաց, որ շատ կարճ ժամանակով պետք է մտնենք դատարան: Հորաքույրս պետք է դատի մասնակցեր: Ի դեպ, ասեմ, որ հորաքույրս փաստաբան է: Դե, ես էլ Նանեն չէի լինի, եթե նրա հետ դատարան չգնայի: Մի անգամ էլ էի գնացել, երբ դեռ փոքր էի, դրա համար ոչինչ չեմ հիշում, իսկ հիմա արդեն մեծ եմ և ուզում եմ դառնալ իրավաբան:

Դե, գնացինք դատարան և երբ ներս մտանք, հենց առաջին քայլից, հորաքույրս ստացավ շատ ողջույններ իր կոլեգաներից, և մի տղամարդ, ով նույնպես փաստաբան է, վախեցած ձայնով հարցրեց. «Հո այսօր քեզ հետ դատի չե՞մ: Հորաքրոջս բացասական պատասխանից նա հանգստացավ և մեր հետ եկավ այն նույն դատական սենյակը, կամ այն սենյակը , որի անունը չգիտեմ, որտեղ դատեր էին ընթանում: Պարզվեց, որ առավոտյան դատը երկար էր տևել, և դատերի հերթը խախտվել էր: Հորաքույրս մեղավոր հայացքով նայեց ինձ, բայց ես ասացի, որ շատ հետաքրքիր է, շատ եմ ուզում դատավարությունների ներկա լինել: Մի որոշ ժամանակ դահլիճից դուրս էինք սպասում, հետո ներս մտանք, և ես մի  քանի դատավարության ներկա եղա: Ահա այդպիսի մի հայացքով նստել էի դահլիճում և անհամբեր սպասում էի, թե երբ հորաքրոջս հերթը կհասնի, ու մենք դուրս կգանք վերջապես քաղաքը տեսնելու: Ահա վերջապես  հասավ հորաքրոջս  հերթը, բայց… Պարզվեց մի բան այն չէ, և դատը հետաձգվեց:

Ես հորաքրոջս վրա բարկացել էի, որովհետև անիմաստ այնտեղ անցկացրինք երկու ժամ, և այդքանից հետո նույնիսկ չտեսա նրա դատը: Եվ դա էլ դեռ քիչ էր, զանգահարեցին և ասացին, որ շտապ պետք է գնա աշխատավայր: Ես բարկությունից տեղս չէի գտնում, իսկ նա իմ կարմրածությունը տեսնելով պատասխանեց, որ պետք է դեռ ընդմիջում անի: Դե ես չէի համարձակվի հորաքրոջս ասել այն, ինչ մտածում էի և տեսնում էի: Դե ինքն էլ գոհ չէր, որ իր դատը այդպես էլ չէր կայացել:

Մենք գնացինք ակնաբույժի մոտ, հետո հորաքույրս շտապեց աշխատավայր, իսկ ես եղբորս հետ գնացի զբոսնելու:

Ես էլի բաներ հիշեցի, բայց երբ որոշեցի իսկապես ընկղմվել այդ հիշողությունների գիրկը, հանկարծ հասկացա, որ հյուրերը արդեն գնում են:

Նոր տարի է, և ես պետք է արագ կարգի բերեմ սեղանը և սպասեմ նոր հյուրերի: