heghine grigoryan

Ինչ անել 12-րդ դասարանում

Չեմ ուզում շատ բողոքի նման ստացվի, բայց չեմ կարող չբողոքել: Ասեմ, որ շատ «լավ» կրթական համակարգ ունենք: 12-րդ դասարանում եմ սովորում, իբր թե սովորում, որովհետև առանձնապես սովորելու բան չկա, իսկ երկրորդ կիսամյակից ամբողջովին դասընթացի կրկնություն է լինելու: Ճիշտ է քննություններ ենք հանձնելու հիմա ու փաստացի ատեստատ ենք փակում, բայց դա էական չէ, պետք է երկրորդ կիսամյակում ուսումնասիրենք բոլոր առարկաները:

Եթե նախորդ տարի դեկտեմբերյան քննությունները հանձնում էին միայն դիմորդները, ապա հիմա հանձնում են անխտիր բոլորը: Քննական առարկաներն են` հայոց լեզու, մաթեմատիկա և ինձ համար չարաբաստիկ, (դե, ժամանակին չեմ սովորել, դրա համար, էլի) հայոց պատմությունը: Հա, մի հետաքրքիր և միգուցե բուհերում ընդունելությանը նպաստող փաստ` այս տարի ավարտականները քիչ են: Ասենք, մեր՝ Ներքին Գետաշենի դպրոցը, մոտ 800-900 աշակերտ ունի, և այդքանից ընդամենը 23-ն է շրջանավարտ: Գյուղի մյուս դպրոցում նրանց թիվը, եթե չեմ սխալվում, 18-ն է: Պատկերացնում եմ, թե սահմանամերձ գյուղերում ինչքան կլինեն: Էնպես չէ, որ 2000 թվականին ծնվածները քիչ են, ուղղակի 12 տարի առաջ էր, որ որոշեցին կրթությունը դարձնել տասներկուամյա, և մեր հասակակիցներից շատերը, իսկ ավելի ճիշտ, 2000 թվի սկզբի ամիսներին ծնվածները նախորդ տարի ավարտել են դպրոցը: Մենք առաջիններն ենք, ովքեր լիարժեք 12 տարի են սովորում:

Ինձ թվում է, որ բոլոր դիմորդներին հարմար կլիներ այս տարբերակը, եթե մյուս կիսամյակին տվյալ առարկան անցնելը լիներ ցանկությամբ: Այդ դեպքում կենտրոնացումը ավելի շատ կլիներ այն առարկաների վրա, որոնցից պետք է միասնական քննություն հանձնել: Իսկ հիմա մենք քննություն ենք հանձնում, գնահատում են մեր` 12 տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ստանում ենք մեր գիտելիքին համապատասխան գնահատական ու հետո էլ, կոպիտ ասած, մի տեսակ անկապ գնում դասի: Դե հա, գիտակցում եմ, որ ամեն դեպքում պետք է սովորել, բայց հիմա ամեն ինչ այլ է: Իմ օրինակով ասեմ: Ասենք, ես գիտեմ, որ մեկ-երկու առարկա ես 12 տարի կարգին չեմ սովորել, ու 5 ամիսը ոչինչ չի փոխելու: Բայց եթե այդ ամիսներին ավելի շատ կենտրոնանամ այն առարկաների վրա, որոնցից պետք է միասնական քննություն հանձնեմ, հաստատ գիտեմ, որ բուհ ընդունվելու շանսերս կմեծանան:

Ամեն դեպքում, հաջողություն մաղթեք ինձ ու բոլոր ավարտականներին: Եթե նյութիս վերաբերյալ կան կարծիքներ, հատկապես առարկություններ, սիրով կլսեմ: