ofelya hovhannisyan

«Ինչ եմ ուզում այս աշխարհից»

Հարցազրույց հարևանուհուս՝ Վարդ Ավագյանի հետ: 

Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ տիկին Վարդին: Նա ծնունդով Հրազդան քաղաքից է, դպրոցն ավարտել է գերազանց, որից հետո սովորել է Հրազդանի քոլեջում՝ «կապակցվող նյութերի տեխնոլոգիա» բաժնում: 1971 թվականին ամուսնացել է ու տեղափոխվել Սևան, որտեղ ընդունվել է Սևանի ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը: 1974 թվականին ավարտել է տեխնիկումի լրիվ դասընթացը՝ «Մետաղների մշակումը կտրմամբ» մասնագիտությամբ, գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմով: Ավարտելուց հետո նրան անմիջապես աշխատանքի ընդունեցին որպես էլեկտրատեխնիկայի լաբորանտ և գրադարանավար: Նրան ուղարկեցին բարձրագույն ուսումը շարունակելու, բայց ընտանիքում ծնվեց 3-րդ երեխան, որի պատճառով ուսումը չկարողացավ շարունակել: Դրանից հետո 3 տարի տիկին Վարդն աշխատել է մանկապարտեզում՝ որպես թե՛ փոքրերի, թե՛ մեծերի խմբերի դաստիարակչուհի: Շուրջ 18 տարի աշխատել է Գագարինի լուսատեխնիկական ապակու գործարանում՝ որպես հսկիչ: Իսկ հիմա աշխատում է որպես ավանի հավաքարար: Հոգով մաքուր և բարի այս կինն անցել է կյանքի մեծ ուղի, տեսել ցավ, տառապանք, բայց այդ ցավն ու տառապանքը չեն փոխել նրա հոգու մաքրությունը: Այդ ամենը նա հանձնել է թղթին:

-Քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք ստեղծագործել

-7-րդ դասարանում էի սովորում, խմբակի էի հաճախում: Գրականության ուսուցչուհուս ամուսինը՝ Վարդան Փարթամյանը, բանաստեղծ էր, նա մեզ համար ուղեցույց էր հանդիսանում: Մի քանի առաջադրանքներից հետո, որ հանձնարարել էր մեզ, նկատեց, որ ստեղծագործական ձիրք ունեմ:

-Ի՞նչ թեմաներով եք գրել առաջին անգամ

-Առաջին անգամ գրել եմ դպրոցի մասին, ընտանիքիս մասին, շրջապատում կատարվող վատ կամ լավ իրադարձությունների մասին, աշխատանքային ընկերներիս մասին: Մտքումս տարբեր թեմաներ էին առաջանում, որոնք անմիջապես թղթին էի հանձնում:

-Իսկ ընտանիքում և շրջապատում ինչպե՞ս էին դրան արձագանքում

-Ընտանիքում և շրջապատում բոլորն ուրախանում էին, խնդրում, որ իրենց մասին էլ որևէ բան գրեմ: Կային այնպիսի թեմաներ, որոնք գրելիս մտածում էի, թե լավ չի ստացվել, բայց ընտանիքում և շրջապատումս բոլորն ինձ քաջալերում էին, հաջողություն մաղթում:

-Իսկ երբեմն չե՞ք մտածել, որ կարող եք տպագրել ձեր ստեղծագործությունները

-Սկսած այն ժամանակից, երբ արդեն գրում էի բանաստեղծություններ, երազում էի, որ դրանք տպագրվեն: Բայց ոչ ընտանիքս ուներ միջոցներ, ոչ էլ շրջապատում որևէ մեկը, որ կարողանար աջակցել ինձ: Դիմել եմ տարբեր կառույցների, բայց ապարդյուն: Սակայն մինչև հիմա էլ այդ երազանքն ինձ համար շատ կարևոր է, դեռ չեմ կորցրել հույսս, որ կգտնվի մի բարերար, ով կօգնի ինձ՝ կատարել իմ ամենանվիրական երազանքը:

-Իսկ բացի ստեղծագործելուց՝ էլ ի՞նչով եք սիրել զբաղվել

-Մանուկ հասակից սիրել եմ շփվել երեխաների հետ: Թեկուզ հիմա արդեն էլ երեխա չեմ, բայց սիրում եմ խաղալ երեխաների հետ: Նրանց համար միջոցառումներ էի կազմակերպում, ամեն կերպ ջանում էի օգնել երեխաներին և հիմա էլ շարունակում եմ նույն կերպ:

-Եթե ժամանակը հետ տայիք, հատկապես ի՞նչը կցանկանայիք փոխել ձեր կյանքում

-Ուսումը, որն ինձ համար մնաց անկատար երազանք: Ուսումս կիսատ թողեցի, որովհետև խնամում էի եղբորս երեխաներին: Հետագայում ինձ էլի շանս ընձեռվեց, բայց ես այդ ժամանակ արդեն ընտանիքի մայր էի: Մտածեցի, որ ընտանիքումս սովորելս կարող է խնդիրներ առաջացնել: Եթե ամուսինս բանվոր է, ուրեմն ես էլ բանվոր կլինեմ. այդպես էի ես մտածում: Ես իմ կյանքում բազմաթիվ զիջումների եմ գնացել, և իմ կատարած այն բոլոր քայլերի համար, որոնցով օգնել եմ մարդկանց, երբեք չեմ զղջացել:

-Տիկին Վարդ, ներկայումս աշխարհին ի՞նչ կցանկանաք

-Ի՞նչ եմ ուզում այս աշխարհից.

Ես ուզում եմ խաղաղություն,

Միայն ժպիտ ու բարություն,

Բայց մարդկային հոգու ամեն կոպտություն,

Տրորել է սիրտս մի պահ ու անցել,

Մի վատ խոսքից օրերով եմ վշտացել,

Ու մարդկանց դաժանության համար զարմացել,

Մի թույլ ժպիտ, բարի հեգնանք

Մոռացնել են տվել ինձ ամեն դառնություն,

Եվ հոգուս մեջ լույս է վառվել, համառ կամք,

Կարծես նորից բարության տենչն է ծնվել իմ հոգում,

Ինչ եմ երազել իմ կյանքում.

Երազել եմ սեր, մաքրություն, միասնություն,

Ի՞նչ եմ խնդրել մեծ արարչից,

Մեծ արարչից ես խնդրել եմ

Զավակներիս առողջություն,

Շատ երկար կյանք, հաջողություն,

Զերծ ու հեռու փորձանքներից, չար աչքերից, նենգի ձեռքից,

Եվ փա՜ռք Աստծո,

Զգացված եմ ու շատ գոհ,

Որպես Աստծո գթություն,

Գտել եմ միշտ օգնություն: