milena ghazaryan

Ինչ են անում ուսուցիչները

Ֆիզիկայի ժամ: Խոսում են հոսանքի ուժի մասին: Այո՛, խոսում են, որովհետև ես ընդհանրապես չէի էլ լսում: Գլուխս հենել եմ արմունկներիս ու աչքերս փակել: Ի դեպ, երբ մի քիչ երկար եմ ձանձրանում, սկսում եմ տարօրինակ բաներ մտածել: Քիչ էր մնացել, որ մտորումների մեջ ընկնեմ, բայց հանկարծ լսեցի.

-Ուրեմն, դասը պատասխանելու է գալիս…

«Մենակ թե ես` չէ, մենակ թե ես` չէ, խնդրում եմ»:

-Աննա, արի գրատախտակի մոտ:

«Հուուո՜ւ, լավ պրծա, այ, հիմա կարամ հանգիստ խորասուզվեմ մտքերիս մեջ»: Նայում եմ ուսուցչին ու մտածում. «Տեսնես, որ գնա տուն, ի՞նչ ա անելու: Հա՞ց ա ուտելու: Հա՞ որ: Մի՞թե ուսուցիչները հաց էլ են ուտում (չգիտես՝ ինչի, միշտ մտածել եմ, որ ուսուցիչները ապրում են ռոբոտի նման. ո՛չ հաց են ուտում, ո՛չ քնում են, ո՛չ բարեկամներ ունեն, ո՛չ էլ ընտանիք): Դե հա, եթե ինձ էլ միշտ դպրոցում տեսնեին, ես էլ ամեն օր միայն դաս սովորեցնեի, լուրջ բաներից խոսեի, հաստատ իմ մասին էլ էդպես կմտածեին: Լավ, բա հետո՞: Ախր, հետաքրքիր ա, տեսնես` ի՞նչ ա ուտելու: Երևի համով ինչ-որ բան, օրինակ՝ իտալական պաստա, մինչդեռ ինձ տանը սպասում է հնդկաձավարով փլավը: Երանի իրենց: Իսկ կարո՞ղ ա` հարցնեմ հենց իրենից: Չնայած՝ իմ ֆիզիկայի ուսուցիչը էնքան խիստ ա ու կոպիտ, որ կարող ա հաջորդ անգամ էլ ի վիճակի չլինեմ մտածելու: Ինչ ծիծաղելի ա, ասենք՝ պատկերացրեք․ Միլենան մի շաբաթ դասի չի գա, որովհետև դասատուին հարցրել ա, թե ինչ ա էսօր ուտելու»:

Զանգը տվեց, ու մտքերս էլ իսկույն ցրվեցին: Բայց գիտեմ, շուտով հետ են գալու մինչև հաջորդ ժամը: Որոշեցի սուսուփուս գնամ՝ առանց ապուշ հարցերի:

Հիմա էլ աշխարհագրության ժամ է, էլի եկան էն մտքերը, թե ինչ է անելու ընկեր Միսկարյանը վերջին դասից հետո: «Երևի գնալու ա տուն, գրքերը բացի, մեր հաջորդ դասը աչքի տակով անցկացնի, հետո գրավորները ստուգի, հետո նոր թեստեր կազմի: Մի րոպե, բա ո՞վ ա ճաշ պատրաստելու, բա` տեսնես երեխաների դասերը ստուգելո՞ւ ա: Ուֆ, եսիմ, է, չեմ պատկերացնում, ինձ թվում ա, որ ուսուցիչները մենակ դաս սովորեցնելու համար են»:

Արդեն դասերն ավարտվել էին: Տուն եմ գնում, գլուխս էլի լիքն է էդ տարօրինակ մտքերով: Էսօր պիտի գնամ պարապմունքի, շուտ հասնեմ տուն, հնդկաձավարս ուտեմ, փոխվեմ ու դուրս գամ: Բա տեսնես ընկեր Սիմոնյանը վերջը ի՞նչ ա ուտելու:

Լրիվ մոռացել էի: Մաման մի երկու բան էր ասել, որ տուն գնալուց առնեմ: Մտա սուպերմարկետ, անսպասելիորեն տեսա, որ նույն ընկեր Սիմոնյանը կարտոֆիլ է գնում, հետո մոտեցավ ու ձեթ վերցրեց: Այ, հիմա պարզ է, ի՜նչ պաստա, ի՜նչ Իտալիա, տապակած կարտոֆիլ է ուտելու: Կարծիքս լրիվ փոխվեց, արդեն պատկերացնում էի, թե ոնց են ուսուցիչները առևտուր անում, հաց ուտում, ու թե ոնց են ընդհանրապես դասից բացի ուրիշ բան անում:

Պատկերացումներս լրիվ արդարացրին իրենց, երբ պարապմունքի գնալուց ավտոբուսի մեջ տեսա ռուսերենի ուսուցչուհուս, բարևեցի ու թեթև ժպտացի: Հաջորդ օրն էլ, երբ ընկերուհուս հետ մտա խանութ՝ մի երկու բան փորձելու, տեսանք քիմիայի ուսուցչին: Բարևեցինք: Մերին հարցրեց.

-Ընկեր Կարապետյան, ի՞նչ եք կարծում՝ էս բլուզը շատ աչք ծակող գույն ունի՞:

-Չէ, ընդհանրապես, քեզ էլ շատ կսազի:

-Լո՞ւրջ: Մերսի:

Ապշել էի: Մի՞թե ուսուցիչները էդքան անմիջական կարող են շփվել աշակերտների հետ: Դպրոցում աշխարհի չափ նկատողություն են անում, իսկ դրսում հաճելի խորհուրդներ են տալիս:

Դասերի ժամանակ էլ չեմ անհանգստանում, թե տեսնես` էս դասատուն ինչ է անելու տանը, ինչ է ուտելու, ոնց է շփվում ընտանիքի հետ: Արդեն հստակ գիտեմ, որ ընկեր Սիմոնյանը շատ լավ առևտուր է կարողանում անել, տիկին Արամովնան, չնայած իր բարձրաճաշակ հագուկապին, անձնական մեքենայի փոխարեն ավտոբուսով է տուն գնում, իսկ այ, քիմիայի ուսուցիչս շատ բարձր ճաշակ ունի հագուստի հարցում:

Գուցե մեզ պակասում է հենց իրար ավելի լավ ճանաչելու հնարավորությո՞ւնը: Գուցե, եթե իմանանք իրենց խնդիրների մասին, առօրյա կյանքի, դպրոցից դուրս զբաղմունքի, ի վերջո հասկանանք իրար ու կոտրենք մեզ բաժանող պատնեշները: Գուցե…