mushegh kurekhyan

Ինչ էր ինձ սպասվում 2016-ին

Ողջույն, նորից ես եմ, բայց երկար դադարից հետո: Երկար դադարն իր պատճառները ուներ. միջանկյալներ, զինկոմիսարիատ և այլ-այլ պատճառներ:

Ուզում եմ այս անգամ ձեզ մի հետաքրքիր դեպք պատմել, որը իրականացավ այդ դեպքից մի տարի հետո:

2015 թվականի աշունն էր, օրը ստույգ չեմ հիշում, երեկոյան ես զբաղված էի իմ ամենասիրելի գործով` համակարգչի առաջ փորփրում էի ֆեյսբուքը: Ֆեյսբուքյան էջերից մեկում գտա մի նկար, որում տղան գրկել էր մի քանի ամսական մի երեխայի, երևի արտասովոր ոչինչ չլիներ, եթե չկարդայի նկարի վերևում գրվածը` «Տասնութամյա տղան գրկել է իր մեկ ամսական քրոջը»: Իմ մեջ այստեղ արթնացավ, այսպես ասած խանդը, թե ինչպես նա կարող է այդ տարիքում ունենալ փոքրիկ քույրիկ, իսկ ես` ոչ, բայց ես ոչ թե քույրիկ էի ուզում, այլ եղբայր:
Անցավ մի ամիս, և ես նորից նստած էի տան ինձ ամենահարմար վայրում: Գուշակեցիք. համակարգչի առաջ, նորից ֆեյսբուքում, այս անգամ պարապ լինելու պատճառով ֆեյսբուքի թեստերն էի լրացում: Թեստերից մեկի վերնագիրը հետաքրքիր թվաց`«Ի՞նչ է քեզ սպասում 2016 թվականին», փորձեցի ու երեք պատասխաններից մեկը զավեշտալի թվաց, պատասխանը հետևյալն էր. «Ձեր ընտանիքում նոր փոքրիկ անդամ կավելանա»:
Մի պահ ծիծաղեցի, կիսվեցի ֆեյսբուքում և այդքան էլ ուշադրություն չդարձրի (այսքանը ինձ ֆեյսբուքը հիշեցրեց):
Ինչպես ասում են, կյանքում ամեն բան պատահում է: Մեկ ամիս առաջ ծնվեց փոքրիկ քույրիկս: Իմ երազանքն իրականացավ. մեր տանը նոր անդամ ավելացավ: Պատկերացնո՞ւմ եք` 18 տարեկանում նոր քույրիկ: Դե ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքներում, աղջիկ երեխայի անունը պետք է լինի տան տատիկի անունը` մեր դեպքում այն եղավ Հասմիկ: Գնացի Վայք, տեսա նրան ու հետ եկա նորից դասերիս, մի տեսակ կապվածություն չկար այդ ժամանակ նրա հետ: Բայց երկրորդ անգամ տեսնելուց հետո, արդեն օրերն եմ հաշվում, որ տեսնեմ նորից:

Երևի սովորական է, որ գրկելուց վախենում եմ, որ կցավեցնեմ կամ կվնասեմ , ախր, այնքան փոքր ու փափուկ է: Երբ անակնկալ գնացի Վայք, պատրաստվում էին լողացնել պուճուրին, լողացրին, հագցրին շորերը ու մնաց գլխարկը դնեին.

-Մո’ւշ, գլխարկը դիր գլխին` չմրսի,- ասաց տատիկը:
Փորձեցի դնել գլխին, բայց վախեցա, մայրս եկավ ու արագ դրեց գլխին:
-Մա’մ, կամաց կցավեցնես:
-Չեմ ցավեցնի, քեզ ու քրոջդ ո՞վ ա մեծացրել:

Ու այդ գիշեր ես չքնեցի, ավելի ճիշտ չքնեց ողջ ընտանիքը, Հասմիկը նոր ժամային գոտի է «ստեղծել»` քնում է առավոտյան ժամը 6-ին ու արթնանում գիշերը ժամը 12-ին, ու էլ չի քնում մինչև առավոտյան 6-ը:

Մի հետաքրքիր բան էլ կա. հայրիկս հիմա Ռուսաստանում է ու երեխային չի տեսել, բայց չգիտես ոնց` երեխան կապված է իր հոր հետ: Եթե երեխան լացում է, միանգամից միացնում ենք սքայփը, զանգում հայրիկին ու հենց լսում է հոր ձայնը, միանգամից սուս է մնում: Դե բացատրեք, ի՞նչից է:
Մեր ընտանիքի կարգախոսն է դարձել.
«Փոքրիկ երեխան յուրաքանչյուր տան ուրախությունն է և գիշերը չքնելու գրավականը»:

Հունվարին բանակ եմ գնալու ու երկու տարի չեմ տեսնի քրոջս, չեմ տեսնի նրա երկու տարվա մեծանալը. առաջին ատամը, նստելը, քայլելը, խոսելը… Բա դա արդարացի՞ է: