Lilia Apresyan

Ինչ է խաղաղությունը

Սիրում եմ «Հետք» լրատվականի «Երկնքից կես քայլ ներքև» ֆիլմը, մտաբերում սարերի մարդկանց, նրանց խոսքը, մտածելակերպը, ապրելաձևը: Էդ ֆիլմը նայելով խաղաղվում եմ, չգիտեմ՝ ինչից է, երևի շատ անկեղծ ու շիտակ ֆիլմ է: Հենց այդ ֆիլմի ու խաղաղության մասին էի մտածում, երբ դուռը բացվեց: Ներս մտնողը մորս հորաքույրն էր, որին արդեն բավականին երկար ժամանակ է՝ բոլորս Էլո ենք ասում: Հարցնում եմ.

-Էլո՛, քեզ համար ի՞նչ ա խաղաղությունը:

-Խաղաղությունը, վեր կռիվ չես անում, խաղաղ ես, պատերազմ չկա:

Քիչ հետո ավելացրեց.

-Խաղաղություն չկա:

Բարձրանում եմ Արաքսի տատիկենց տուն, նույն հարցը նրան տալիս:

-Ազատություն էլի, ազատ ըլենք,- պատասխանում է:

Իջնում եմ տատիկենց տուն:

-Տա՛տ, քեզ համար ի՞նչ ա խաղաղությունը:

-Մեծ երջանկություն, անամպ երկինք, ամեն մի մայր խաղաղություն կուզի, վե՞ր մի ծնողը չի ուզի, ա՛յ բալա ջան:

Ընկերուհուս եմ հարցնում ֆեյսբուքով:

-Ինձ համար խաղաղությունը էն կլինի, երբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում սահմաններին զինվորներ չկանգնեն, կարիքը չլինի, որ զինվորներին բանակ ճանապարհելիս չլացեն, այլ ուրախանան:

Հաջորդ զրուցակիցս Հովիկ պապիկն է: Տղան Արցախյան ազատամարտի ժամանակ է զոհվել: Հարցիս պատասխանում է.

-Երբ վեր երտիտասարդներ չզոհվեն, մեր աղջիկները, պատանիները չիմանան՝ ինչ ա պատերազմը, պատերազմ չտենան: Դա կլինի խաղաղություն:

Ապարանցիների մասին անեկդոտներ է պատմում, ծիծաղում, վերջում էլ ավելացնում.

-Ա՛յ, տհե պաներ կրեն, ժողովրդին ուրախացնեն, հոգսը թեթևացնեն: Թե չէ՝ էս երկիրը երկիր չի:

Ինձ համար խաղաղությունն այն կլինի, երբ ամեն անգամ եկեղեցում մոմ վառելիս ոչ թե Աստծուց խաղաղություն խնդրեմ, այլ շնորհակալ լինեմ խաղաղության համար, երբ ամեն օր լրատվականներով չլսենք ևս մի զինվորի կորստի մասին, երբ իբր «խաղաղ բանակցություններ» չեն վարի, երբ արյամբ պահած հողը մի քանի վայրկյանում ու մի թղթի կտորով չեն զիջի, երբ հոպարին առաջվա նման ավելի հաճախ կտեսնենք, երբ, վերջապես, նման «պաթոսախեղդ» հարցեր չենք հնչեցնի, նման բովանդակությամբ նյութեր չենք գրի, այլ կլինենք խաղաղ ինքերս մեզ հետ, մեր հոգում, աշխարհի նկատմամբ:

Բայց միգուցե Էլոն ճիշտ էր. խաղաղություն չկա: Դեռ չկա…