valentina

Ինչ է GAP տարին հայկական իրականությունից դուրս

GAP (Ակադեմիական) տարին դպրոցն ավարտելու կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ընդմիջման տարին է, որը նպատակաուղղված է բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ տեսակետների ձևավորմանը։ Այդ շրջանում անցկացվում են առաջադեմ ակադեմիական դասընթացներ, արտադասարանային դասընթացներ, ինչպես նաև ոչ ակադեմիական դասընթացներ:

Շատ երկրների քաղաքացիներ տարբեր կերպ են կազմակերպում իրենց ակադեմիական տարին, օրինակ «Time Credit » համակարգը Բելգիայում տալիս է հնարավորություն, որ երիտասարդները մեկ տարի առանց աշխատելու անցկացնեն այս երկրում: Սա միտված է այն հանգամանքին, որ երիտասարդները, առանց վախի, առանց աշխատանքն իրենց գոյությունն ապահովող միջոցի գիտակցության, հանգիստ ապրեն և զբաղվեն իրենց համար ավելի կարևոր խնդիրների լուծման գործով:

Նիգերիայում երիտասարդները քոլեջն ավարտելուց հետո, մեկ տարվա ընթացքում անցնում են հանրային ծառայության: Այն սկսվում է երեքշաբաթյա ռազմական ճամբարից, որտեղից նրանք տեղափոխվում են կառավարության գրասենյակ` տարվա մնացած ժամանակահատվածում աշխատելու համար:

Ավստրալիացիները և Նոր Զելանդացիները ճանապարհորդում են արտերկրում, իսկ ԱՄՆ-ում շատ համալսարաններ, օրինակ՝  Հարվարդը և Պրինթսոնը, խրախուսում են  ընդունելության ժամանակ այն ուսանողներին, ովքեր վերցրել են GAP տարի։

Կախարդական «Գուգլ» փայտիկով չստացվեց պրպտել ու գտնել հայաստանյան GAP տարվա օրինակը, որովհետև ծայրահեղ տարբեր է հայերի վերաբերմունքը դպրոցից հետո GAP տարի վերցնելու վերաբերյալ, չնայած որ  ճանաչում եմ շատ մարդկանց, ովքեր օգտվել են այդ հնարավորությունից և «անխնա» խորհուրդ են տալիս ու խրախուսում են  ակադեմիական տարին։

Մի ամիս առաջ, երբ դպրոցն ավարտելուց հետո արդեն որոշել էի, որ GAP տարի եմ վերցնելու, անընդհատ հանդիպում էի տարօրինակ ու սահմանափակ կարծիքների,  որոնց լսելը ցավոք ուղղակի խելագարության էր հասցնում։ Օրինակ՝ «Հա, լավ ա, բայց դե տարի ես կորցնում», «Բայց ինչի՞ չես ուզում սովորել (էն, որ մտքի մեջ արդեն պատկերացրել է իմ ապագա ամուսնու, լացող ու անհոգ երեխեքի պատկերը մի տարվա նպատակի շրջանակում», «Հա, լավ, ինչի՞ հետևից ես ընկնում, ԵՊՀ տուր՝ պրծի», «Շատ ձևերով ես, հիմա որ ես GAP տարի չեմ վերցրել, վա՞տ եմ առավոտ արթնանում, գնում գործի ու գալիս տուն», «Գնացիր Ամերիկա եկար՝ զարգացար, ուզում ես մեր ուսանողներին փոխես»։

Մեր իրականության մեջ, շատ դժվար է բացատրել համալսարանական կյանքի իրական կորստի մասին,  ոչ ֆորմալ կրթական կյանքի ու արտահամալսարանական ծրագրերի դերի մասին ու հա, գրողի տարած ընտանեկան երջանկության սահմանումը։ Ծնողներիս ու ընկերներիս խորհրդով, որոշեցի 1 տարի ժամանակ տալ ինձ՝ ինքնազարգացման, մասնագիտական կողմնորոշման, նոր հմտություններ զարգացնելու, նախաբուհական քննություններին ավելի լավ պատրաստվելու ու մշակութային և սոցիալական ծրագրերի մասնիկը դառնալու համար։ Վստահ եմ, որ ինձ սպասվում է շատ արդյունավետ տարի, ինչպես նաև կիսվելու եմ իմ GAP տարվա փորձառությամբ համացանցի միջոցով։ Հուսով եմ, օրինակ կծառայեմ շատ հայ երիտասարդների համար, որոնք տատանվում են մասնագիտական  առումով բուհ ընդունվելուց առաջ կամ ձախողել են ընդունելության քննությունները և չեն պատրաստվում փոխել իրենց նպատակակետը այլ համալսարանի ուղղությամբ, մտածելով ՝ դե հա բարին էլ էս էր։ Չէ, բարին մարդու կամքն է, որը չի ակնկալում չար կամ կեղտոտ մտքեր։

 

Ինչո՞ւ վերցնել GAP տարի

•  Ցանկանում ես սովորել նոր լեզու և նոր հմտություններ:

• Ուզում ես ուսումնասիրել նոր գիտական ճյուղ, որի ժամանակը երբեք չես ունեցել 12 լարված տարիների ընթացքում։

•  Տատանվում ես մասնագիտության ընտրության հարցում և չես ուզում լսել հարևան Գագո ձյաձյային, ով միշտ ասում է ՝ ճիշտը բիզնեսն է, եթե չունեցար՝ չես ապրի։

• Ձախողել ես ընդունելության քննություններդ կամ ուզում ես ձեռք բերել ավելի բարձր միավորներ` կրթաթոշակ ստանալու համար քո ցանկալի բուհում սովորելիս։

• Հավես ունես կամավորական աշխատանքների, մշակութային ծրագրերի ու  նոր խելացի ծանոթությունների համար։

•  Ուզում ես ժամանակ տրամադրել սպորտին, գնալ թենիսի, լողի կամ ֆիզիկական պարապմունքների։

• Կարիք ունես part-time աշխատանքի և երազում ես ֆինանսապես անկախ լինել ծնողներիցդ, կամ զուտ համալսարանի campus-ի գումարն ես ուզում կամաց-կամաց հավաքել ։

• Ուղղակի ուզում ես չշտապել, ինքդ քեզ ժամանակ տալ կարևոր որոշումների համար, որովհետև հավատում ես, որ կյանքի միջին տևողությունը բավականին կարճ ժամանակ է ձանձրալի լինելու համար։

Ինչո՞ւ չվերցնել GAP տարի

• Եթե կարծում եք, որ չպետք է կորցնել ժամանակ, քանի որ արդեն հստակ են մասնագիտական, բուհական և ապագայի հետ կապված որոշումները։

• Եթե մտավախություններ ունես, որ 1 տարվա ընթացքում կընտրես սխալ ծրագրեր, կվատնես ժամանակդ, կքնես, կնստես տանը, կմիանաս տատիկիդ ու պապիկիդ «support group»-ին հնդկական սերիալի ժամանակ և հետ կզարգացնես բոլոր հմտություններդ, որոնք քեզանից ժամանակ են խլել զարգանալու համար։

• Եթե չգիտես` ինչի համար ես վերցնում։

• Եթե մտածում ես, որ ժամանակի վատնում է, ու դրա փոխարեն կարելի է միանգամից այլ համալսարան ու մասնագիտություն ընտրել, անցյալում թողնելով նպատակները, ցանկությունները ու երջանկության ձգտումը։

•  Եթե հավատում ես Գագո ձյաձյային։

• Եթե համալսարան ընդունվելու միակ նպատակը դիպլոմն է, որը հետագայում դնելու ես օժիտիդ մեջ սկեսուրիդ մոտ հպարտանալու համար։

•  Եթե մտածում ես, որ մածունը սպիտակ է։

• Եթե կրթություն ստանալու մասին պատկերացումներդ արտահայտվում են միայն համալսարան ընդունվելով և ավարտելով։

• Եթե մտածում ես, որ չես կարող ավելի շատ բան անել 1 GAP տարվա ընթացքում, քան կարող է անել միջին վիճակագրական ուսանողը 1 տարի բուհում սովորելու ժամանակ։

Մի քանի օրից կսկսեմ իմ GAP տարին և 17.am-ի և սոցիալական ցանցերի միջոցով ժամանակ առ ժամանակ կկիսվեմ իմ փորձառությամբ։ Ու վերջում, ինչպես կասեին մեր հայ բլոգերները․ «Եթե հետաքրքրված եք, դրեք լայք, սըբսքրայբ եղեք իմ էջին և սեղմեք զանգակը` հետագա նորություններին հետևելու համար»։