«Ինտելեկտուալ» զրույց

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Երթուղային տաքսիները վաղուց արդեն դադարել են միայն «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու հարմարանքներ լինելուց: Մարդիկ այնտեղ ինքնահաստատվում են, ընթրում հացաբուլկեղենով, ըմպում կոլաներ, բամբասում իրար հետ, հետո, օգտվելով գիտական հեղափոխության բարիքներից՝ հեռախոսներից, հիշում իրենց հարևանուհի Ռոմելային ու տալի հետ շարունակում բամբասել: Ու էնպես էմոցիոնալ, ասես կյանքի ու մահվան կռիվ է, ու եթե նրանք մի փոքր համեստ լինեն, մենք կկործանվենք, չէ՞ որ նրանց ձեռքերում է ողջ մարդկության ճակատագիրը:

Հըմ, հիմա կստեղծվի այնպիսի տպավորություն, որ ես սուրբ եմ ու անթերի, մատաղի ուլ՝ երթուղայինում: Բայց ո՛չ, ես էլ այսօր՝ Ֆլեքսի առաջին փուլից հետո, ընկերներիս հետ քննարկելով գալիս էի տուն՝ Ավշար: Ճանապարհը 45 րոպե է տևում, ու երևի պատկերացնում եք, թե այդ ժամանակում մենք ինչ վեհ գաղափարներով կարող էինք փոխանակվել․ էլ սուկուլենտի աճեցման իդեալական պայմաններ, էլ կնոջ և տղամարդու հավասարություն, էլ բուսակերություն, էլ թե ինչու անցյալ տարի չհաղթեցինք էդ Ֆլեքսը, էլ` թե որ համալսարանը ընտրենք, էլ ալտրուիզմ: Մեր խոսակցության թեմաները ասես ծառեր լինեին՝ գնալով ավելի էին արմատներ տալիս ու փարթամանում։

Բայց հանկարծ մեր խոսակցությունը «շաքարով է կտրում» մի տղա, ով ամբողջ հոգով փորձում էր ինտելեկտուալ թվալ.

-Շատ հաճելի ա քո կիրթ, գրական պահվածքը, ո՞ւր ես գնում, ջիգյարս։

-Ավշար,- մի փոքր զարմացած, բայց ժպիտը դեմքիս պատասխանում եմ ես։

-Իսկ ես գնում եմ Այգեստան,- շատ հետաքրքիր է ինձ այդ ինֆորմացիան, իրոք,- չէի՞ր կարա մի երկու րոպե չխոսեիր, նախշս։

Այդ արտահայտությունից հետո իմ աչքերի դիմաց գալիս է միայն՝ error, error, error.․. Բայց մի կողմից ես հասկանում եմ նրան։ Եթե ինձ մոտ էլ 3 հոգի խոսեին բարձրագույն մաթեմատիկայից կամ քվանտային ֆիզիկայից, ես էլ կարող է նրանցից հոգնեի ու անգամ խնդրեի, որ բերանները փակեն (իրականում` ոչ)։ Բայց, ինչևէ, ես նրա խնդրանքը, էհ, ասում եմ խնդրանքը, պահանջը կատարեցի ու 2 րոպեի փոխարեն, ուշադրություն, չխոսեցի 3 րոպե՝ հուսալով, որ մեր այգեստանցի ընկերը էլ իր թանկագին ժամանակը չի վատնի ինձ նմանի հետ խոսելու վրա, բայց ցավոք, ես սխալվեցի, ու այս սխալը ճակատագրական եղավ (իրականում ամեն ինչ այսքան դրամատիկ չէր, ես եմ ուղղակի այսպես գրում, որ կարդաք շարունակությունը)։

-Ուսանո՞ղ ես, թե՞ դպրոց…

-Չէ, դպրոցում եմ սովորում,- շարունակում եմ ժպտալով պատասխանել:

-Իսկ սիրած առարկա ունե՞ս, ախպերս։ Ո՞րն էս, էլի, առարկաների միջից նախընտրում, էլի:

-Անգլերեն:

-Երևի կցանկանայիր շարունակեիր ուսումդ Ամերիկայում կամ ուրիշ «տե»:

-Հա, հուսով եմ, որ հա:

-Իսկ ո՞ւմ վրա ես հույսդ դրել, նախշս,- հերիք չի ինձ էլի ասում է նախշս, մի հատ էլ այնպիսի տոնով է ասում, ասես իր վրա եմ հույսս դրել ու ինքն է իմ տեղը պարապելու, որ ընդունվեմ բուհ։

-Իմ, միայն իմ,- վստահությամբ պատասխանում եմ ես, մտածելով՝ բա հո քո վրա չէի դնի հույսս:

-Շատ իզուր։

«Չէ, փաստորեն իրոք նա է իմ տեղը պարապելու»,- այդ պահին մտածում եմ ես։

-Մարդ ինքնին ոչ մեկ ա, նա ոչնչի չի կարա հասնի առանց Վերևի,- շարունակում է նա,- անունդ ո՞նց ա:

-Հայկ:

-Իմն էլ Հայկազ, ջիգյար։

«Էլի ջիգյա՞ր»,- ու հաջորդ 46,4 վայրկյանը նա սեղմում է իմ ձեռքը՝ քարոզելով, որ ես ոչնչություն եմ առանց գերբնականի: Այն աստիճան, որ անգամ ինձ թվաց, թե նա ինչ-որ աղանդի ներկայացուցիչ է: Փառք տիեզերքին, 2 րոպե մենախոսությունից հետո նա «պոկվում» է ինձնից ու նստում մի տատիկի տեղում, որը հենց նոր իջավ Փոքր Վեդի։