juli abrahamyan

Ինտերվալ

Այն ժամանակ, երբ վրձինը պետք է վերջապես հանդիպի թղթին, կարծես թե տեղի է ունենում այն, ինչ բոլորս տեսել ենք մեր համակարգիչների էկրաններին` error 404, բայց սա արդեն տեղի է ունենում նկարչի ուղեղում:

Մոտավորապես նույն բանը տեղի է ունենում իմ գլխում, երբ համակարգիչս մի փոքր դանդաղ է միանում, կամ էլ երբ գրելուց առաջ, ըստ սովորության, word-ի էջերն եմ հավասարեցնում: Բոլոր բառերս դուրս են գալիս գլխուղեղիցս ու առանց ցտեսություն ասելու` լքում են ինձ:

Սա տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ ես հայերենով դաս եմ պատասխանում, ուղղակի այս ժամանակ տեղի է ունենում «տեղափոխման» տարբերակը, որը իրենից ներկայացնում է բառերի տեղափոխումը մեկ լեզվից մեկ այլ լեզուն: Բառապաշարիս բառերը միանգամից թարգմանվում են անգլերեն, որոնք ես չեմ կարողանում հետ փոխել հայերենի, և ուղեղիս խորքերից մեկ-երկու գերմաներեն բառեր են գալիս, իսկ թե դրանք որտեղից գիտեմ` ոչ մեկը դեռ չի հասկացել:

Ինչևէ, այս անգամ ցանկանում էի մի փոքր ուրիշ բան գրել` առանց առօրյա անհամ դրվագների, կենցաղային խնդիրների ու դժգոհությունների, սակայն համակարգիչս մի քիչ ուշ միացավ: Ես կարծես թե նմանվում եմ գրողի, ով մեծ ցանկությամբ մոտեցնում է թանաքով լցված գրիչը կաթնագույն թղթին, բայց թանաքը չորացած է լինում, իսկ իրեն հարվածում է հիասթափության ալիքը:

Երբ գրում ես, ցանկանում ես, որ բառերիցդ յուրաքանչյուրը հարվածի մատներիդ, որ ոչ մի բառ անտեսված չմնա, որ յուրաքանչյուրն էլ գա ու իր համար նախատեսված անկյունում մնա, այդ իսկ պատճառով ես չեմ գրում: Ավելի քիչ դրամատիկ հնչելու համար կասեմ, որ համեմատաբար քիչ եմ գրում, որովհետև իրականում ես պահպանողական եմ: Ավելի լավ է՝ բառերս մնան մտքումս` այնտեղ, որտեղ սովոր են մնալ, թեկուզ և փտեն: Մտքերիցս դուրս չեն գա, կմնան ու անտեսված չեն զգա իրենց:

Հոգնած ուրբաթի վերջին ժամերը վաստակած հանգստով վայելելու համար պառկում ես բազմոցին ու աչքերս փակելուն պես դիմացդ են գալիս բոլոր չասված-չգրված բառերը` հատիկ-հատիկ, կարծես թե դատում են լուռ աչքերով քեզ՝ իրենց չարտաբերելու համար: Մնացած երկու օրերը քեզ հանգիստ չեն տալիս: Ավելի ճիշտ` մնացած բոլոր ընկեր-բարեկամներդ քեզ հանգիստ չեն տալիս, որովհետև «հազիվ ազատ ենք, բա մի հատ չգա՞ս, մեզ չտեսնե՞ս»: Դե արի` բացատրի, որ չէ, պետք չէ:

Մի խոսքով, նման ինտերվալներ շատ են լինում, հիմնականում՝ հենց այս պարբերությունների միջև եղած ինտերվալների չափով, սակայն դրանք ավելի մեծ են իմ գլխում, որտեղից բառերս կտոր առ կտոր, կարծես ափսոսելով, որ լքում են ինձ, դուրս են գալիս ու հարվածում ստեղնաշարին, ու հենց այս պահին ես հասկանում եմ, որ ինչքան էլ ես հիմա ստեղնաշարով ժամանակ եմ խնայում (որովհետև վերջապես սովորել եմ խնայել), ինչ-որ մի տեղ ինչ-որ մի թուղթ իրեն լքված է զգում:

Իսկ իմ մտքի թանաքն արդեն վերջանում է…