ella mnacakanyan yerevan

Ինքնամեկուսացած ծանոթություն

Հակավիրուսային բարև։ Գիտեմ, որ վաղուց չեմ գրել քեզ, ու միգուցե արդեն մոռացել ես ինձ ու ձեռագիրս։ Բայց, ոչի՜նչ, նորից կծանոթանանք․․․ դե՜, եթե իհարկե, դեմ չես։ Անունս չեմ ասում, որովհետև եթե մինչև էստեղ կարդացել ես արդեն, ուրեմն անունս էլ հաստատ նկատած կլինես վերևում՝ էն դեղին զգեստով նկարիս տակ։ Այդ դեղին զգեստով նկարիս օրն այսօրվա նման հիշում եմ․ երկինքը պայծառ էր, ու արևը դեղին-դեղին էր՝ ճիշտ զգեստիս նման։ Դպրոցն ավարտելու շեմին էինք ու դասարանով հավաքվել էինք՝ մի վերջին նախաավարտական ֆոտոսեսսիայի։ Այդ օրն ուրախ էի, երևի ակնհայտ երևում է ժպիտիցս։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ուրախությանս պատճառը դպրոցական կյանքիս մոտալուտ ավա՞րտն էր, թե՞ արևոտ երկինքը, որովհետև վերջինը սովորաբար բարձրացնում է տրամադրությունս, բայց առաջինն էլ վատ առիթ չէր ժպտալու համար։ Այդ ժամանակներից մոտավորապես 3 տարի է անցել, արդեն վաղուց աշակերտ չեմ ու հասկացել եմ, որ դպրոցական կյանքը բոլորովին էլ վատագույնը չէր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Սակայն որոշ բաներ այնուամենայնիվ անփոփոխ են իմ ներսում։ Էլի շարունակում եմ սիրել արևառատ եղանակն ու դեղինը՝ որպես հավաստում արևի նկատմամբ իմ անշահագրգիռ ու հավատարիմ սիրո։ Իսկ հիմա նստած եմ համակարգչի առջև ու ժամանակ առ ժամանակ հայացքս գցում եմ պատուհանից դուրս կախված գորշ ու ամպամած երկնքին։ Անձրևում է, անձրևում, անձրևում։ Էս ինքնամեկուսացում կոչվող սպանիչ շղթայում անձրևն էր միայն պակասում։ Ես անձրև չեմ սիրում, իսկ դու սիրո՞ւմ ես։ Բայց փոխարենը, դրա կաթկթոցի ձայնը հաճելի է ականջիս։ Հետաքրքիր է չէ՞, էդպիսի երևույթներ կան, որ չենք սիրում, բայց արդյունքը հաճելի է։ Օրինակ, մարմնիդ մարզվել պարտադրելը երբեմն շատ մեծ ջանք ու կամքի ուժ է պահանջում, մինչդեռ դրա արդյունքում քաշ կորցնելիս քեզ լավ ես զգում։ Կամ շարունակ ցավ պատճառող, բայց հարազատ դարձած մեկին կյանքիցդ հեռացնելու քաջություն ոչ միշտ է, որ ստացվում է հավաքել, մինչդեռ այդ քայլին հաջորդող հոգեկան ներդաշնակությունն արժի այն գինը, որ ստիպված ես լինում վճարել։ Հա, ինչ եմ ուզում ասել։ Մտածում եմ՝ միգուցե էս ինքնամեկուսացումն էլ, թեև արդեն անտանելի է դառնում, այն երևույթն է, որ պիտի ինքներս մեզ պարտադրենք ու դիմանանք, որ հետո արդյունքից հրճվենք ու մեզ լավ զգանք։ Չէ՞ որ ցանկացած արդյունքի համար էլ պիտի մի քիչ ինքդ քեզ նեղություն տաս․ մարմինդ բազմոցից պոկես կամ առավոտյան սովորականից շուտ արթնանաս կամ գուցե հարմարվես բացակայությանը էնպիսի մարդկանց, ում ներկայությունը թունավորում է կյանքդ՝ նույնիսկ առանց քո գիտակցության․․․ Կամ միգուցե ե՞ս եմ էսպես ինձ հույս տալիս, որ շարունակեմ դիմանալ ապասոցիալականացված ու անսովոր էս վիճակին։ Իսկ դու ո՞նց ես դիմանում։ Իսկ քեզ ի՞նչ մտքերով է պարուրում ինքնամեկուսացման շղթան։

Հ․Գ․ Արդեն մի քանի օր է՝ էս նյութս գրում ու ջնջում, խմբագրում ու սրբագրում էի, որովհետև ուզում էի հնարավորինս լավ ծանոթանալ քեզ հետ։ Բայց հետո հասկացա, որ ինձ ճանաչելուդ լավագույն տարբերակը մտքիս եղածը լսելդ է։ Իսկ դո՞ւ։ Իսկ դու կպատմե՞ս՝ ինչ կա քո մտքին․․․