Jemma

Ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը

Չնայած ես չեմ սիրում ամառային արձակուրդները, բայց այդ օրերը հաճույքով անցնում են ընկերական շրջապատում։ Չեմ սիրում, քանի որ դպրոց հաճախելուց մի առանձին ոգևորություն և ուրախություն եմ զգում, իսկ դրանից բացի, այսպես ասած, «արգելակվում եմ», որովհետև դպրոց հաճախելով գիտելիք եմ ստանում, իսկ տանը չկրկնելով այն, ինչ ուսուցիչների միջոցով ենք սովորում, մոռանում եմ։ Ապրում եմ Ակնալիճ գյուղում, որտեղ չկան նաև Երևանի զվարճությունները. Զբոսայգի, սրճարան, կինո, պարզապես զբոսանք գեղեցիկ վայրերով:

Դե մենք էլ դասարանի երեխաներով ավելի հաճախ ենք հանդիպում ու հավաքույթներ կազմակերպում, քանի որ ոչ դաս կա, ոչ էլ առավել ևս, գրավոր։

Չնայած այս ամենին, սիրում եմ ամառն իր տոներով և հետաքրքիր զվարճություններով։ Ես ամառ ասելով հասկանում եմ հունիսի մեկ, Վարդավառ, Խաղողօրհեք․․․ Իսկ զվարճություն ասելով հասկանում եմ, երբ այդ տոն օրերին ընկերներով հավաքվում ենք՝ ուրախանալու նպատակով։

Ամառվա օրերը անցնում են կամ տանը, կամ էլ մի այնպիսի վայրում, որտեղ բնություն կա։ Տանը լինելով փորձում եմ այնպիսի գրքեր կարդալ։ Իսկ բնության գրկում սիրում եմ լուռ նստել և վայելել բնության գեղեցկությունը:

Ամառային արձակուրդների ժամանակ՝ գրեթե ամեն օր, դուրս ենք գալիս բակ խաղալու: Երբեք չեմ մոռանա անցյալ տարվա մեր արշավը դեպի Բազմաղբյուր: Ի տարբերության այլ հավաքների, սա մենք ինքներս էինք կազմակերպել: Այս տարի ևս  գնալու ենք, բայց դեռ չենք կողմնորոշվում` ուր և երբ։ Ես վստահ եմ, մի փոքր վիճելուց հետո բոլորս կազմակերպված կփնտրենք մի վայր, որտեղ կարող ենք լավ ժամանակ անցկացնել: Ամառը մեզ սովորեցնում է ինքնուրույն որոշումներ կայացնել, սա էլ պակաս կարևոր չէ, քան դպրոցական առարկաները: