Իջևանի քանդակների այգին

Սա Աղստև գետն է: Հենց այս գետի մոտ է գտնվում Իջևանի քանդակների այգին:

1985-1991թթ. Իջևանում արվեստաբան Սարո Սարուխանյանի և Ջեմմա Անանյանի (ով այն տարիներին Իջևանի շրջկոմի առաջին քարտուղարն էր), նախաձեռնությամբ տեղի էր ունենում ամենամյա քանդակի սիմպոզիում, որին մասնակցում էին թե՛ տեղի, թե՛ աշխարհի տարբեր անկյուններից եկած քանդակագործներ: Ամեն տարի մեկուկես ամսով Իջևանի կենտրոնական զբոսայգին վերածվում էր բացօթյա արվեստանոցի: Սիմպոզիումի շնորհիվ այգին զարդարվեց գեղեցիկ և յուրօրինակ քանդակներով: Այդ քանդակներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:

«Շղթայված հրեշտակ», քանդակագործ՝ Արմեն Հովհաննիսյան: Հրեշտակի ձեռքերը կապված են: Քանդակագործը դրանով ցանկացել է ցույց տալ Շուշիի վիճակը. այդ ժամանակ Շուշին դեռևս ազատագրված չէր: Քանդակը ավարտելու ժամանակ նա ասել էր, որ երբ Շուշին ազատագրվի, ինքը կքանդի հրեշտակի ձեռքերի կապանքները: Քանդակն ավարտելուց հետո նա մեկնեց Շուշի՝ ազատագրական պայքարին մասնակցելու: Ի դեպ, նա Արցախից էր եկել սիմպոզիումին մասնակցելու համար: Դժբախտաբար, Արմեն Հովհաննիսյանը զոհվեց մարտերի ժամանակ, և հրեշտակի կապանքները այդպես էլ չքանդվեցին:

«Բամբասողները» (քանդակագործ՝ Բենիկ Պետրոսյան) քանդակը գտնվում է այգու սկզբնամասում: Տարիներ առաջ մարդիկ այն կոտրելով բաժանել էին վեց մասի: Երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում գտնել գեթ մեկ կտոր: Բայց տարիների ընթացքում մասերը քիչ-քիչ հայտնաբերվեցին, մեկը՝ աղբանոցից, մյուսը՝ քաղաքի մյուս ծայրից: Գտնվեցին բոլոր վեց մասերը և միացվեցին:

Սիմպոզիումի ավարտից հետո, մի պապիկ, որի անունն էր Գուրգեն (իջևանցիները նրան Դոդո էին անվանում), սկսեց ամեն օր գալ այգի և հսկել այն: Նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկը վնասի քանդակները: Ձեռնափայտը ձեռքին անընդհատ վազում էր չարաճճի երեխաների հետևից և այգուց դուրս էր հանում կենդանիներին: Նա միշտ այդ այգում էր, կարծես այգին իր տունն էր դարձել, իսկ քանդակները՝ իր սեփականությունը:

Տարիներ անց, երբ Դոդո պապիկը արդեն չկար, մարդիկ սկսեցին վնասել քանդակները: Վանդալիզմը այն աստիճանի էր հասել, որ այգում գրեթե անհնար էր չվնասված քանդակ գտնելը:

Վերջապես մի օր հայտարարվեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման Իջևանի ազգային կենտրոնը, ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը և Իջևանի քաղաքապետարանը պատրաստ են հովանավորել Իջևանի այգու քանդակների վերանորոգման ծրագիրը: Իջևանի քաղաքապետարանը դիմեց հայրիկիս՝ Արմեն Դավթյանին, որը եղբորս՝ Գոռի հետ սկսեց վերանորոգման աշխատանքները: Եվ իհարկե, գետափնյա ճեմուղին կրկին զարդարված է գեղեցիկ քանդակներով: Միտք ծագեց այգում տեղադրել Դոդո պապիկի արձանը: Հայրիկս որոշեց իր միջոցներով քանդակել և տեղադրել Դոդո պապիկի արձանը այգում: Այն այժմ գտնվում է այգու սկզբնամասում, և մարդիկ, տեսնելով քանդակը, հիշում են Դոդո պապիկին ու այլևս չեն համարձակվում վնասել որևէ քանդակ: