gohar grigoryan

Իսկ դու երբևէ ծամե՞լ ես ինքդ քեզ

Հա, հա, մի զարմացիր, հենց ծամել:

Հիմա եմ հասկանում, թե Բայրոնը ինչու էր հայերենը աստվածների հետ խոսելու լեզու համարում:

Սնունդը դյուրամարս դարձնելու համար նախ մենք ծամում ենք այն: Եվ ինչքան դանդաղ ենք ծամում, այնքան ավելի լավ ենք ընկալում նրա համային որակները:

Մենք ճանաչում ենք սնունդը, այսպես ասած, ծամելու միջոցով:

Ծանիր զքեզ, այսինքն՝ ճանաչիր ինքդ քեզ: Այս նախադասությունը գրված էր անգամ Դելփյան տաճարին:

Ծանել նույնն է, ինչ ծամել․ ինքդ քեզ, մարդկանց, շրջապատող աշխարհը, բայց դանդաղ, շատ դանդաղ:

Պետք չէ միանգամից կուլ տալ ու չմարսել:

Պատկերացրեք՝ ուզում եք մեկի հետ ծանոթանալ ու հարցնում եք․

-Կներեք, կարելի ՞ է Ձեզ ծամել:

-Իհարկե, միայն դանդաղ:

Սա պարզապես սկիզբն է այն բանի, ինչ պատրաստվում եմ ասել:

Ինքնաճանաչում: Թերևս կյանքի որակը մի քանի աստիճանով բարձրացնելու նախապայման, որին, ցավոք, շատ ու շատ մարդիկ չեն տիրապետում ու անգամ չեն էլ տեսնում դրա կարիքը:

Մեզ դպրոցներում սովորեցնում են համարյա բոլոր անպիտան բաները կյանքի համար: Անգամ հպանցիկ ակնարկ չի նետվում ինքնաճանաչմանն ու ինքնաբացահայտմանը: Ենթադրենք՝ մեկը գիտի մաթեմատիկական ամենաբարդ խնդիրների լուծումը, գիտի պատմության բոլոր թվականները և այլն, բայց չգիտի ինչպես մոտիվացվել, ինչպես հասնել նպատակին, ինչ է ուզում և վերջապես ով է ինքը:

Կան մարդիկ, որ ապրել են երկար տարիներ, հասել են իրենց կյանքի սպիտակ գծին, բայց ամբողջ ժամանակ անհաղորդ են եղել իրենք իրենց ու շրջապատող աշխարհին:

Կարծում եմ՝ դպրոցներում առաջին հերթին պետք է խթանեն ինքնաճանաչումը:

Առողջ հասարակության ատաղձը ինքնաճանաչ մարդն է:

Ծամե ՞նք մեզ․․․