Lilit tovmasyan

Իսկ ես ի՞նչ եմ ուզում

Մասնագիտություն ընտրելը սարսափելի բարդ է ինձ համար: Ախր, էդ մասնագիտություն կոչվածը ամբողջ կյանքի համար է, բա որ սխալվե՞մ:

-Մա՛մ, դե ասա՝ ի՞նչ դառնամ:

-Լի՛լ, դու շատ լավ հաղորդավարուհի կլինես: Միշտ երազել եմ քեզ էկրանից այն կողմ տեսնել:

-Չէ՛, Լիլիթ ջան, հոպարիդ պես բժիշկ դարձիր:

-Եղբորդ պես իրավաբան դարձիր:

-Լի՛լ ջան, մորքուրին լսի ու մատնահարդար դարձի, դրանից լավ գործ չկա:

Ու էսպես ամեն անգամ մեր գերդաստանը ինձ չափազանց «օգտակար» խորհուրդներ է տալիս: Ես զարմանում եմ, մեկը չի ասում՝ բա դու ի՞նչ ես ուզում, այ բալա:

13 տարեկանում որոշեցի թարգմանչուհի դառնալ, հետո լրագրող, բժիշկ, դիվանագետ, իրավաբան…

Հիմա կարծես որոշել եմ իրավաբան դառնալ: Բայց վերջերս ուսուցչուհուս հետ ունեցած զրույցը ավելի խճճեց ինձ:

Ես նաև լավից-վատից երգում եմ: Բայց միշտ անտեսել եմ ձայնային տվյալներս:

-Լիլիթ, մի բան մտածի, հազար հատ հանդեսի ես մասնակցել, մի հատ երգ չգիտե՞ս:

-Ախր, ընկեր Փամբուկյան, ես չեմ երգում, այսինքն՝ երգում եմ, բայց միշտ խմբակային:

-Լավ, որ էդպես է, ժողովրդական երգի: Սայաթ-Նովայից կամ Կոմիտասից ի՞նչ գիտես:

-Ես ժողովրդական չեմ երգում:

-Լավ, ուրեմն էստրադայից մի բան երգի:

-Ընկեր Փամբուկյան, բայց ոչ մի երգ անգիր չգիտեմ: Ես չերգեմ էլի:

-Աստված քեզ երգելու շնորհ ա տվել, որ դու անտեսե՞ս: Ես զարմանում եմ, մարդիկ երազում են ձայն ունենալ, դու էլ ունես, հեչ պետքդ չի՞:

-Դե, ես մի քիչ եմ երգում, էն էլ՝ սիրողական:

Սիրողական երգի իմ ունկնդիրները մերոնք են: Ես ամերիկյան փոփի հիմարությունները անգիր եմ անում սխալ-մխալ, ու ամբողջ օրը դրանք եմ երգում: Անկեղծ ասած՝ սիրում եմ երգել, բայց միայն տանը, բեմի վրա ինձ վատ եմ զգում: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ երգչուհի դառնալ: Հիմա ի՞նչ անեմ․ թողնեմ ձայնս անիմաստ գնա կորչի՞, թե՞ դառնամ երգչուհի ու իրավաբան դառնալու երազանքս ուղարկեմ գրողի ծոցը: