arusyak grboyan charencavan

Իսկ մենք մեղավոր չե՞նք

Շատ եմ սիրում մեր փոքրիկ քաղաքը՝ Չարենցավանը, բայց երբեմն չեմ կարողանում հանդուրժել քաղաքացիների վարքը: Մեր քաղաքը Հայաստանում համարվել է ամենամաքուրը և կոչվել է «Երիտասարդական մայրաքաղաք»: Մեր քաղաքապետը շատ խստորեն է վերաբերվում մաքրության հարցին և ամեն կերպ փորձում է պահպանել այն: Նրա շնորհիվ ամբողջ քաղաքում տեղադրվել են աղբամաններ: Իսկ իմ քաղաքացիները վառեցին, հալեցրին, պայթեցրին, կոտրեցին այդ աղբամանները:

Այս ամառ՝ հունիսի 1-ին, ուսուցչուհուս և ընկերներիս հետ այգում էինք: Այնտեղ էր և գրեթե ամբողջ քաղաքը: Շատերը եկել էին ուրախ ժամանց անցկացնելու, որոշ մարդիկ՝ ուղղակի զբոսնելու, իսկ ոմանց հետաքրքրում էին միայն անվճար պաղպաղակները: Լավ, դեմ չեմ ես անվճար պաղպաղակներին, պարզապես հետո այդ պաղպաղակների թղթերը թափվեցին այգով մեկ: Տեղ չկար ոտքդ դնելու: Իսկ պաղպաղակները հափշտակում էին, ինչպես կարողանում էին՝ մեկը մյուսին հրելով, վնասելով: Հարձակվում էին այնպես, ինչպես ահավոր քաղցած գազանր՝ մի կտոր մսին: Նրանց այնքան պաղպաղակը չէր գրավում, ինչքան այն փաստը, որ դրանք անվճար էին: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանց մեծամանությունը կազմում էին կանայք և ծնողները, որոնք ամեն գնով փորձում էին հինգ-վեց պաղպաղակ անպայման վերցնել իրենց երեխաների համար: Վերցնելուց հետո էլ դնում էին իրենց պայուսակների մեջ և հեռանում այգուց: Այսինքն՝ ստացվում է, որ նրանք եկել էին միայն պաղպաղակի համար:

Նպատակս քաղաքացիներին փնովելը չէ: Պարզապես մենք բողոքում ենք մեր քաղաքից՝ չմտածելով, որ մենք ինքներս ենք փչացնում և աղտոտում նրան: Չէ՞ որ խնդիրը հենց մեր մեջ է: Կարծում եմ՝ պետք է լինել մի փոքր ավելի քաղաքավարի: Մենք ենք մեր քաղաքի ներկան ու ապագան: Մենք պետք է շենացնենք և գեղեցկացնենք այն, այլ ոչ թե փչացնենք ու վերածենք աղբանոցի: