anna khachatryan

Իսկ ո՞ւր էր տարվա մեր եղանակը

Առավոտյան սարսափելի վատ տրամադրությամբ կարթնանաս, կանջատես զարթուցիչի նողկալի ձայնը, կփաթաթվես փափուկ վերմակովդ, մի ձեռքով կբռնես տաք թեյիդ բաժակը, մյուսով՝ դարակիդ խորքերից գտած, խոնավությունից դեղնած էջերով հին գիրքն ու դեմքիդ լուրջ արտահայտություն տված՝ կսկսես ընթերցանությունդ: Հետո վեր կկենաս, կավելացնես թեյդ, կփակես գրքիդ կիսատ էջն ու ծալապատիկ կնստես բազմոցին: Կդնես ականջակալներդ, խլացնելու չափ բարձր կմիացնես ձեր սիրած երգն ու կզգաս, որ թացանում են աչքերդ, որ դուք այդպես էլ չգտաք տարվա ձեր եղանակը, որ դուք անտեղի վատնեցիք ձեր ժամանակը այն գտնելու համար: Այն չեկավ, որովհետև չկար, կամ գուցե եկավ ու աննկատ անցավ ձեր կողքով: Դուք անտեղի չափչփեցիք երևանյան փողոցները, տրորեցիք գետնի չոր ու տանջահար տերևները: Դուք իզուր սրճարաններում սպանեցիք ձեր ժամանակը թեյ խմելով, իզուր իրար աչքերի չնայեցիք ու չխոստովանեցիք իրար, որ ախր չկա այդ անիծյալ հինգերորդ եղանակը: Դուք իզուր իրար գտաք ու իզուր էլ իրար կորցրիք: Դուք իզուր գրախանութներից չգնեցիք Վահան Տերյանի ժողովածուներից ու իզուր իրար համար չարտասանեցիք ինչ-որ սիրուն բանաստեղծություն: Դուք իզուր իրարով անցաք, երբ առաջին անգամ տեսաք իրար ու իզուր իրարից անցաք, երբ պատահաբար հանդիպեցիք փողոցում: Դուք իզուր չուզեցիք խմել ձեր իսկ պատրաստած թեյը, այլ փոխարենը նախընտրեցիք ինչ-որ մեկի պատրաստածը: Դուք իզուր կուչ եկած չնստեցիք բուխարու առաջ: Ի վերջո, իզուր էիք այդքան «քաղաքավարի» իրար հետ. աղջիկն իզուր էր մազերը կոկիկ հարդարում: Ավելի լավ չէ՞ր լինի՝ երկար մազերն անփութորեն պոչիկ աներ, շրթներկ ու դիմափոշի չքսեր, լավ արդուկված վերնաշապիկը չհագներ, իսկ տղան մանրակրկտորեն չածիլվեր ու չհագներ տոնական կոշիկները: Դուք իզուր էիք արևագալի փոխարեն միշտ հանդիպում սարսռեցնող արևամուտին:
Ու դուք այդպես էլ չգտաք այդ կործանարար հինգերորդ եղանակը: Փոխանակ գտնելու՝ կորցրիք իրար, որովհետև իզուր էիք գտել իրար ու այդպես իզուր էլ կորցրել…