Իսկ սիրելով չե՞ն…

arxivԱշնանային տաք ու պայծառ երեկո էր: Արևի շողիկները բաց պատուհանից լցվում էին սենյակս, խաղում մազերիս հետ, ձեռքիցս փախցնում գրիչը: Հեռու, հեռու գնացեք, այ չարաճճիներ, այսօր ես զբաղված եմ, չեմ կարող ձեզ հետ խաղալ: Մտածում եմ` պետք է անպայման գրել խաղաղության մասին: Լավ, լավ, մի րոպեով կմոտենամ պատուհանին, կնայեմ Մասիսի ճերմակ գագաթին, կհիանամ Հրազդանի կիրճի աշնանային գույներով: Վերջ, էլ ինձ չխանգարեք: Ես գրում եմ:

Չգիտեմ ինչու, խաղաղություն ասելիս անպայման մտածում եմ, որ այդ բառի հականիշը պետք է լինի պատերազմը: Պատերազմ և խաղաղություն: Դարեր շարունակ մարդիկ պատերազմել են, կոտորել միմյանց, ավերել ծաղկած քաղաքները, կործանել իրենց իսկ ձեռքով ստեղծած հրաշալիքները: Եվ միմյանց ամեն տեսակ չարիք պատճառելուց հետո` խաղաղության դաշն են կնքել և ուրախացել: Նորից սկսել են վերականգնել իրենց իսկ ձեռքով ավերվածը: Բայց ինչպե՞ս կարող են վերադարձնել իրենց քույրերին, եղբայրներին, մայրերին` բոլոր նրանց, ովքեր զոհվել են այդ պատերազմներում:
-Նառ, Նառ, ի՞նչ կլինի, օգնիր, էլի~:
Ռոմանիկն է` փոքր եղբայրս: Անգլերենի գիրք թևի տակ, գրիչը, ինչպես միշտ, բերանում, սևուկ աչիկները կլորացած, ինձ է նայում:
-Տուր, տուր տեսնեմ, միայն թե արագ, թե չէ` կմոռանամ, թե ինչ պիտի գրեմ:
… Մտքիս թելը կտրվեց: Ինչի՞ մասին էի գրում: Հա: Խաղաղության:

Վերականգնել, երևի հնարավոր է ամեն բան, բացի մարդկային հարաբերություններից ու կյանքից: Իսկ զոհվածների ու անմեղ նահատակների արյունը պիտի վրեժխնդրություն ծնի: Եվ ահա` նոր պատերազմի առիթ: Պետք է ընդհանրապես դադարեցնել ամեն տեսակ պատերազմներ, թե չէ, աշխարհի երեսին մարդ չի մնա…

… – Նառ, Նառ շուտ արի, հարսանիք է, տես, փողոցն էլի խցանվել է: Ո~ւխ, էս ինչ սիրուն հարս է: Շուտ, փուչիկներն արդեն բաց թողեցին;
Էլի Ռոմն է: Թռել է պատուհանի գոգին և ուրախանում է:
-Ռոմ, մի խանգարիր:
-Նառ, տես, էլի մի հարսանիք: Մեկն էլ եկավ, արդեն խառնվեցին իրար:
Բաց պատուհանից հեղեղի նման սենյակ է լցվում խառնաշփոթ երաժշտություն: Այս գիշեր էլ մինչև լույս կնվագեն, կաղմկեն, չեն թողնի քնենք: Է, ինչ արած, մարդիկ ուրախանում են: Փակում եմ պատուհանը, փորձում կենտրոնանալ: Ինչպե՞ս համոզել մարդկանց, որ չպատերազմեն: Ինչպե՞ս համոզել ահաբեկիչներին, որ չպայթեցնեն ինքնաթիռները, որ չգրավեն թատրոնները… Ի՞նչ անել: Չէ՞ որ այնքան լավ է, երբ կապույտ երկնքում փայլում է պայծառ արևը, երբ բակում աղմկում ու խաղում են երեխաները, երբ գույնզգույն ծաղիկների վրա հանգստանում են բազմերանգ թիթեռները: Այնքան լավ է այս աղմկոտ հարսանիքը, թեկուզ շատ է խանգարում ինձ: Երևի պետք է, որ բոլոր մարդիկ սիրեն իրար, այնքան սիրեն, որ երբեք չվիրավորեն, չնեղացնեն միմյանց…
Մի՞թե այդքան դժվար է սիրել մարդկանց:

Նարինե Դանեղյան, 13տ.
«Երիտասարդությունը և խաղաղությունը» էսսեների մրցույթից,
«Մանկանց երկիրը», 2003թ.