Roza Harutyunyan vayots dzor

Իսկ քեզ շնորհավորե՞լ են

Մանկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընգրկում է ծնվելու պահից մինչև մեծահասակի կյանք մտնելու հնարավորության առաջացման շրջանը… Էս ի՞նչ եմ խոսում։ Դե, կենսաբանությունը չսիրածս առարկան է, բայց հիմա վիճակս սրանով եմ մեկնաբանում։

Գիտե՞ք ինչ ահավոր է նվեր չստանալը տոնի օրով։ Էդ էլ հերիք չի, չեն էլ ուզում շնորհավորեն։ Ոչ բոյ ունեմ, ոչ դիմագիծ, ինչի՞ չեք շնորհավորում։ Ես շնորհավորում եմ բոլոր 13-18 տարեկան երեխաներին։
Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը:
Փոքր ժամանակ ինձ հերթափոխով են պահել։ Մայրս դպրոցում էր աշխատում, իսկ հայրս հաշվապահ էր: Դրա համար առավոտյան հայրիկիս հետ էի մնում։ Բայց էդքան էլ նեղություն չեմ տվել, որ հայրս բողոքի՝ չհավատաք։ Ինչ ասել են՝ սուսուփուս լսել եմ, դրա համար էլ հիմա տեղը հանում եմ։ Մենակ մի անգամ մայրս առավոտը պահեց, ու կաթով լոգանք եմ ընդունել։ Դե չեմ դժգոհում, բայց եռացող կաթով էդքան էլ հաճելի չի։ Համ էլ ես Կլեոպատրան չեմ…
Ես երկու դպրոցական տարիք եմ ունեցել։ Մայրիկիս հետ գնում էի դպրոց, իբր թելադրություն էի գրում ու նեղանում էի, որովհետև ամբողջ տետրս կարմիր էր։ Բայց շատ աշակերտի պես էի ինձ պահում, մայրիկիս երբեք դպրոցում չեմ ասել՝ մամա, ինքը մեր ընկեր Խաչատրյանն էր, իսկ ես դասարանի լիիրավ անդամը:
Հետո գնացի դպրոց ու շատ-շատ էի սիրում, չնայած հիմա էլ եմ սիրում։ Փոքր ժամանակ ուսուցչուհուն «ուշուչից» էի ասում, առաջին «ուշուչուհիս» ընկեր Ալեքսանյանն էր։ Շատ սիրուն ծաղիկներ ունի։ Դասարանը ոնց որ այգի լինի։
Մանկությանս մեջ ամենավառը եղբայրս է, շատ խիստ ու շատ սիրող։ Քույրիկի հետ շատ էր կռվում, որովհետև չէր թողնում փոքր 500 դրամանոցները տամ ու մեծ 10 դրամանոցները վերցնեմ։ Թե ասա՝ ինչ գործ ունեին 500 դրամանոցներն ինձ մոտ: Ապե՜ր, ես քո 10 դրամանոցները հետ եմ տալու, որովհետև դու տալիս էիր, իսկ ես 500 դրամանոցները չէի տալիս։