anush hovhannisyan

Իրական պատճառը

Ինչպես ասել է հայտնի պապիկը. սովորել, սովորել, սովորել, որը մեր օրերում վերածվել է մոտավորապես մի այսպիսի արտահայտության. ալարում եմ, հավես չկա, ա, դե լավ, ի՞նչ դաս: 

Չգիտեմ՝ ինչն է նպաստում երիտասարդության մեջ այսպիսի մտքերին, միգուցե ավագ դպրո՞ցը: Չէ, եկեք չքննադատենք ավագ դպրոցներին, չէ որ ոչ ոք էլ չէր պլանավորել, որ այն այսպես պետք է անդրադառնա, մեզ վրա, և ոչ բոլոր դպրոցներում է, որ պատկերը վատն է:

Լավ հիշում եմ իմ առաջին մուտքը ավագ դպրոց: Մի քիչ վախեցած, մի քիչ շփոթված մտա, տվեցի փաստաթղթերս ու վերջ, ես դարձա ավագ դպրոցի աշակերտ: Եվ ի՞նչ, ինչ-որ բան փոխվե՞ց: Առանձնապես ոչինչ: Տրամադրվեցի, որ պետք է առաջին տարին քիչ աշխատել, ուժերը հավաքել, որպեսզի սկսեմ մասնավոր պարապմունքները: Հա, ու մեկ էլ ինձ արդեն մի քիչ մեծ սկսեցի զգալ: Երևի այսքանն էին փոփոխությունները: Ահա թե որն է մեր խնդիրը: Հարցին, թե ինչու չենք սովորում, կա մեկ պատասխան, և հիմնականում նույնը.

-Դե լավ, էլ ի՞նչ սովորեմ, մեկ ա, պետք ա պարապեմ:

Ո՞վ է ասել, որ ավագ դպրոցի ուսուցչին հաճելի չէ անցկացնել հետաքրքիր, նյութերով լեցուն, բանավեճներով հարուստ դասաժամ, այլ ոչ թե նստել ու անգիր անել շտեմարանի ամեն մի տողը: Միանշանակ մեզ նույնպես հաճելի կլինի այդպիսի դասապրոցեսը, բայց քանի որ մենք կարծում ենք, որ շատ զբաղված ու լուրջ մարդիք ենք, ու շուտով տանջվելու ենք պարապմունքների ձեռքը, ալարում ենք ու հանգստի ենք մատնում մեզ:

Իրականում ավագ դպրոցը շատ տալու ու սովորեցնելու բան ունի, ուղղակի մենք չենք ընդունում, քանի որ ալարում ենք կամ պատրաստվում ենք շտեմարանի էջերը հատ առ հատ անգիր անելուն:

Չեմ կարող չխոստովանել, որ ես էլ եմ դասվում ալարկոտների շարքին, բայց դե ինչ արած, արդեն ուշ է. մոտենում է տարեվերջը: Պետք է քիչ ալարել, որպեսզի հանձնենք քննությունները:

Իսկ վերջում ինձ և բոլորին մնում է կրկին հեշեցնել , որ պետք է՝ սովորել, սովորել, սովորել…