«Լամփ»-ըս

Երևի ձեզ վերնագիրը շատ տարօրինակ թվաց: Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ:

Մայիս ամիսն էր: Մեզ կանչեցին Word Vision-ի Ամասիայի գրասենյակ և ասացին, որ հետաքրքիր ծրագիր է լինելու անունը` ԼԱՄՓ, ու եթե ցանկանում ենք, կարող ենք մասնակցել ծրագրին:

Ես էլ ասացի` էս  ի՞նչ է, «Լամփ» մի քիչ տարօրինակ է, բայց թե քանի որ սիրում եմ մասնակցել տարբեր ծրագրերի, որոշեցի մասնակցել: Լրացրի հարցաթերթիկը և գնացի տուն:

Մի քանի օր անց մեր մոտ եկան Երևանի «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի երիտասարդները, ովքեր ծրագրի հեղինակն էին, և սկսեցինք ծանոթանալ ծրագրին, որը ինձ շատ դուր եկավ:

Նախ, ուզում եմ ասել, որ ԼԱՄՓ-ը դա հապավում է՝ լինելով ակտիվ միացիր փոփոխությանը: Դե ես էլ, քանի որ շատ ակտիվ եմ, չէի կարող չմիանալ փոփոխությանը:
Դա մի վայր է, որտեղ մենք թիմով կարող էինք խոսել մեզ հուզող հարցերի մասին: Մեծ միջոցառում էր լինելու օգոստոսի 12-ին՝ երիտասարդների միջազգային օրը:
Սկզբից մտածեցի. «Ես` ուր, բեմը` ուր»: Բայց դե փորձը փորձանք չէ:
Իմ թիմի հետ նրանց ուղարկեցինք մեր գաղափարը, ելույթի նախատիպը և ընտրվեցինք: Որոշ չափով ուրախացնող, որոշ չափով էլ պարտավորեցնող բառ է:
Մեր ելույթի վերնագիրն էր` «Մեր փոխարեն»: Այն ծնողների մասին էր, որոնք մասնագիտություն էին ընտրում երեխայի փոխարեն և ստիպում նրանց` շարունակել այդ ուղղությամբ:
Ձեզի սեմ` վերնագիր ընտրելուց դժվար, մեկ էլ ըդոր մասին գրելն է: Եվ շնորհիվ մեզ ուղղորդող Ալլայի, դա ստացվեց: Այն 10 անգամից ավել փոփոխել ենք և վերջում հասել մեր ցանկալի արդյունքին: Վերջապես ելույթն արդեն պատրաստ էր:
Սքայփով մի քանի անգամ Ալլային ներկայացնելուց հետո մենք պատրաստ էինք մեծ ելույթին:
Օգոստոսի 11, շատ սպասված օր: Արդեն հասկացաք. վերջին օրն էր, մենք մեր թիմով՝ ես,  Հասմիկը և Շուշանը, գնացինք Դիլիջան: Այնտեղի Կենտրոնական դպրոցում էր լինելու միջոցառումը: Միջոցառմանը մասնակցելու էին եկել շուրջ 50 երիտասարդ  Հայաստանի բոլոր մարզերից, որոնց արդեն ճանաչում էինք: Իսկ հիմա արդեն լավ ընկերներ ենք դարձել:
Սկսվեցին փորձերը սկզբից միայն Ալլայի առաջ, հետո մեզ ուղղորդողներ՝ Հայկի, Խաչիկի, Սեդայի,Դիանայի, հետո բոլոր մասնակիցների, իսկ վերջում… 300 հոգանոց հանդիսատես:
Մեր վրա դրված պատասխանատվությունը մեծ էր, քանի որ մեզանից էր կախված ծրագրի շարունակականությունը:
Եկավ երկար սպասված օրը, օգոստոսի 12՝ երիտասարդների միջազգային օր: Բոլորիս ելույթները պատրաստ էին: Մենք ուղևորվեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց:
Ազդարարվեց ԼԱՄՓ-ի սկիզբը: Մենք հանդես էինք գալու երկրորդը: Դռան հետևում կանգնած մտածում էինք մեր ելույթին մասին, հանկարծ Շուշանը գոռաց.

-Իիիիի… Էրեխեք, ես ինչըղ բդի միկրաֆոն վերցնեմ:
-Է, դե զզվցըրիր, Շուշան,- ջղայնացավ  Հասմիկը,-սաղ էլ լավ կեղնի:
Բարձրանում էինք բեմ, հանկարծ Ալավերդու մասնակից Սոնան և Երևանի Էլենը ասացին.
-Երեխեք մենք ձեզ հետ ենք:

Եվ Հայկը հայտարարեց, որ մեր հերթն է: Մարմնովս մի տեսակ դող անցավ, անցան բոլոր վախերս, ու բեմ բարձրացանք: Խոսելու հերթը հասավ ինձ, ժպտացի, սկսեցի խոսել: Կարծես ճախրում էի երկնքում ու հանկարծ հանդիսատեսի վրայով թռչող հայացքս կանգ առավ Ալլայի ժպտադեմ աչքերի վրա: Ես ավելի ոգեշնչվեցի ու անգամ չհասկացա, թե երբ ավարտեցի խոսքս: Սթափվեցի ծափահարությունների ձայնից: Իջանք բեմից ու գնացինք Ալլայի կարծիքը իմանալու:
Մեր դիմաց դուրս եկավ Ինգան ամուր գրկեց ու ասաց.
-Շնորհավոր, երեխեք ջան, շատ լավ ելույթ ունեցաք:
Հասանք Ալլային: Նա մի քիչ տխուր էր, մեր ելույթի ժամանակ փչացել էր պրոյեկտորը, ինչի պատճառով նկարները չկարողացավ ցույց տալ: Բայց նաև ուրախ էր, որ ելույթը ստացվել էր:
Երբ ավարտվեց միջոցառման առաջին հատվածը, Հայկը մոտեցավ վերջին շարքում նստած մի աղջկա ու հարցրեց.
-Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր թիմին կուզեիք միանալ:
-Երկրորդ,- ասաց նա ժպտալով:
Այդ պահին այնքան ուրախացանք, ասես աշխարհը մերը լիներ:
Հիմա նստած գրում եմ այդ մասին, և հասկացա որ սիրեցի հանդիսատեսին, և հանդիսատեսը սիրեց ինձ:
Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար, ԼԱՄՓ-ի կազմակերպիչներ ջան, և ուզում եմ մի բան ասել.
-Չմոռանաք մեզ…

Լինելով ակտիվ միանում ենք փոփոխություններին, չէ՞: