jenya abgaryan

Լավագույն տարիներ

Բոլորդ էլ երևի լսած կլինեք այն հայտնի արտահայտությունը, թե ամենալավն ու հիշարժանն ուսանողական տարիներն են։ Դե, ինչպես արդեն կռահում եք, ես էլ, իհարկե, բացառություն չեմ։ Դեռ մի քանի ամիս է, ինչ ներթափանցել եմ կյանքի այս նոր էջ և չեմ դրժի այն փաստը, որ ավելի լավ է ուսանող լինել, քան աշակերտ, սակայն չեմ էլ ժխտի, որ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։
Նախ սկսենք նրանից, որ եթե դպրոցական տարիքում դու ապրում ես քաղաքում կամ որևէ մարզում և համադասարանցիներդ տեղաբնիկ են, դու ինչ-որ չափով ճանաչում ես իրենց, ապա համալսարանում պատկերն այլ է։ Այստեղ քեզ շրջապատողները եկել են տարբեր տեղերից, ունեն զանազան տեսանկյուններ տարբեր հարցերի մասին, ուրիշ մտածողություն ու հետաքրքրություններ։ Եվ ահա, դու՝ բացարձակապես անտեղյակ, ընդհանրապես չես ճանաչում դիմացինիդ, չգիտես՝ ով է և անգամ չգիտես՝ ինչ է անունը։ Ինչ-որ տեսանկյունից այս հանգամանքը վախեցնող է, մանավանդ՝ ինքնամփոփ և փոփոխություններին դժվարորեն հարմարվող մարդկանց համար։
Ի տարբերություն մյուսների, ինձ դեռ ամռանը բախտ էր վիճակվել ծանոթանալու այն անձանց հետ, որոնք պետք է դառնային «լավագույն տարիներիս» մի մասը (ամեն դեպքում, մարդկանց մեծամասնությունն այդպես է կարծում)։ Առաջին տպավորությունս այդքան էլ դրական չէր։ Չեմ թաքցնի, որ սիրում եմ ամեն ինչին քննադատորեն վերաբերվել և յուրաքանչյուր երևույթի մեջ տեսնել բացասականը։ «Բոլորս աղջիկ ենք, սա վատ է»,- մտածեցի ես, քանի որ այդքան աղջիկ մեկ լսարանում՝ հաստատ լավ չի վերջանալու։
Առաջին տպավորությունիցս արդեն անցել է մի քանի ամիս։ Ճիշտ է, աղջիկներից ոմանք դեռ չեն հարմարվել տնից հեռու գտնվելուն և ժամանակավորապես ինքնուրույն կենսակերպ վարելուն, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենք էլ քաղաքային եռուզեռի և ուսանողական այս բաղձալի տարիների մի մասնիկը լինեն։ Հենց այս վաղանցիկ ամիսների ընթացքում է, որ դասերից զատ ձեռք եմ բերել ուսանողական ընկերներ: Ամենքս էլ տարբեր անհատականություններ ենք, խոսում և մտածում ենք տարբեր, անգամ ոճային տարբերություններ կան: Այս հանգամանքը, եթե ուրիշներին կխանգարեր և տարաձայնությունների առիթ կհանդիսանար, մեր պարագայում լրիվ հակառակն է: Ասածիս ապացույցը հետևյալ օրինակն է. մեր ընկերական նեղ շրջանում մի աղջիկ կա, որ Շիրակից է ու տեղի բարբառով է խոսում: Թեև մեզ համար բարբառը խորթ է և ականջին անսովոր, սակայն, ընդունելով իրեն, ընդունում ենք և իր բարբառն ու անգամ մենք նույնպես հաճախ շատ բառեր բարբառով ենք ասում, ինչն իրեն ուրախություն ու հարազատության զգացում է պատճառում:
Ըստ իս՝ այսպիսի մանրուքներն են, որ ընկերներին ավելի մոտ են դարձնում և վստահ եմ, որ միասին ենք կերտելու մեր պայծառ ու միշտ հիշվող լավագույն տարիները։