hayk Sargsyan

Լավատեսության հազար ու մի պատճառ

Օրս սկսվեց ինչպես իմ կյանքի 5844 (16*365+4 նահանջ տարիները, իմ մաթեմատիկական հաշվարկներում չեք կարող սխալ գտնել) օրերից մեկը. օպտիմիստ տրամադրվածությամբ, պայծառ ժպիտով, բաց չակրաներով (չակրա բառը ես սովորել եմ երկու տարի առաջ)։ Մի խոսքով՝ սովորական օր, սովորական Հայկ։

Օրենքին համաձայն՝ ես ու իմ դասընկերները երկուշաբթի օրերը գնում ենք Թումո, բայց քանի որ ավտոբուսի ժամերը չեն համընկնում մեր դասերին, մենք վարձում ենք տաքսի։ Այդ օրը բացառություն չէր, սակայն տուն գալու ճանապարհին դեպքերը ստանում են այլ ընթացք.

-Սուսեք, տղեք, ոնց որ մեքենայից ձայն է գալիս,- ասաց վարորդը։

-Ինչ-որ հոտ չե՞ք առնում։

-Հը՞, կարո՞ղ է շմոլ գազ է, -տագնապալի ձայնով հարցրի ես։

-Ընկեր Վարդանյանին որ կանչենք, ինքը հաստատ կասի։

-Արմեն, ընկեր Վարդանյանը որ գար, կշնչեր ու կմահանար, -պատասխանում է Դավիթը, ինչին հաջորդում է բոլորիս ծիծաղը։

-Ծուխ է հելնում, -բացականչեցինք բոլորս…

Է՛լ վարորդը, է՛լ տղաները, ջանք չէին խնայում վերականգնելու փչացած մեքենան։ Թարսի պես մեքենան փչացել էր ինչ-որ ռեստորանի առջև, որտեղ կարծես պատրաստվում էին ընթրել նախկին իշխանավորները։ Շատ ախորժալի էր բուրում։

Մինչ բոլորը նստած «Գույն տրամադրության` սևն» էին լսում, ես նախընտրում էի the neighborhood-ի R.I.P. to my youth-ը, քանի որ արդեն ժամը ինն էր, ու մենք դեռ Երևանում էինք։ Ինչևէ, չենք մոռանում, որ ես օպտիմիստ եմ, ու դրանք զուտ խոսքեր չեն։ Սրա մեջ լավ կողմ էլ կար։ Մենք չենք ասի վաղվա գրականության անգիրը։ Յե՜հ։ Ես անկեղծ էլ ուժ չունեի սովորելու Թումանյանի «Հայոց լեռներում» անգիրը։ Սա մենք կարող էինք օգտագործել որպես արդարացում, ու քանի որ մենք յոթով էինք, մեր՝ «երկուս» ստանալու շանսերը քչանում էին։ Առաջ ընկնելով ասեմ, որ մենք պարտացուցակի մեջ ենք, ու վաղ թե ուշ ասելու ենք այդ անգիրը։

Հետո բոլորս նկատեցինք, որ դեպի մեզ է սլանում մի էվակուատոր։ Մենք փրկված էինք։ Այնպիսի զգացողություն էր, ասես մեր ինքնաթիռը ընկել էր ամայի կղզի, և մի քանի տասնամյակ այնտեղ գոյատևելուց հետո վերջապես գտել էր փրկության նավը։ Իսկ այ, էվակուատորով մեր ճանապարհորդությունը այլ պատմություն է, որը չգիտեմ՝ ինչի ես, ձեզ չեմ պատմի։