Լավ է չանել ոչինչ, քան անել ոչինչ

Հարցազրույց Արտաշատի Ամո Խարազյանի անվան Պետական  դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան, տիկնիկավար Կամո Նաղդալյանի հետ

-Պատմեք Ձեզանից. որտե՞ղ եք ծնվել, ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը։
-Ես ծնվել եմ Գարդման աշխարհում, դա պատմական Գարդման աշխարհն է, որ հիմա մեզ մոտ չի, ցավոք, (ցավոտ հարցեր ես տալիս)։ Ամեն մարդ ինչ֊որ ձևով իր մանկությանը կապված է։ Էն գյուղը, որտեղ որ ես ծնվել եմ` անտառներով շրջապատված, հրաշալի բնությամբ, պատմական հին հայկական աշխարհ, եկեղեցիներ։ Սահակ Սևադայի ամրոցը (մեր պատմությունից լսել ենք իր մասին) ընկնում է մեր գյուղի հարակից տարածքում։ Էնտեղ դարերի պատմություն կա, հայ ժողովրդի պայքարը, որի վկայությունը գրված է քարերին, խաչքարերին։
Իմ մանկությունը մինչև 8 տարեկան էդտեղ է անցել, հետո մեզ հայտնի Արցախյան դեպքերի հետ կապված ընտանիքով տեղափոխվել ենք Երևան, հետո` Փոքր Վեդի։
Շատ մանրամասն չեմ  հիշում` ինչպես, ինչու եկանք հենց Փոքր Վեդի, բայց տեղափոխվեցինք: Սկզբում հայրս մեզ` երեխաներիս էր բերել, ապա նաև մյուսները եկան, և հաստատվեցինք ու դարձանք տեղի բնակիչ։ Դա հայրս էր որոշել։

-Ընտանիքում քանի՞սն էիք։
- Էդ ժամանակ տատս, պապս, ծնողներս և հինգ երեխաներ։
Երկու պապիկներս մի քանի ամիս ապրեցին, շատ ծանր տարան էդ ամեն ինչը, որ իրենց տուն ու տեղը, իրենց ստեղծածը թողեցին ու դուրս եկան։ Մահացան։ Դժվար էր։ Մենք երեխա էինք, մենք էլ չէինք համակերպվում։
-Ինչու՞ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը։
-Ակտիվ էի դպրոցում, ինչ բեմադրություն լինում էր, ինձ ընդգրկում էին։ Հիշում եմ` խաղացել եմ Արա Գեղեցիկ։ Շատերն էին ասում, որ լավ դերասան կդառնամ, ես էլ ուշ, բայց հասկացա, որ իմը սա է։
- Իսկ ինչպե՞ս տանն ընդունեցին այն փաստը, որ պետք է թատերական ինստիտուտ ընդունվեք, դերասան դառնաք։

-Սկզբում, ճիշտն ասած, լավ չընդունեցին, ասում էին` մեր ազգում ե՞րբ է դերասան եղել։ Հայրս,  հատկապես, շատ էր ուզում, որ ես իրավաբան դառնամ։ Բայց փաստը նա է, որ ես ավարտեցի թատերական ինստիտուտը։
Լավ կրթություն եմ ստացել, լավ ուսուցիչ ենք ունեցել։ Ռուբեն Բաբայանի արվեստանոցն եմ ավարտել, ով տիկնիկային թատրոնի տնօրենն է, հիմա էլ ինստիտուտի ամբիոնի վարիչն է։
-Հիշո՞ւմ եք առաջին խաղացած դերը։
-Առաջին խաղացած դերը եղել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, «Անահիտ» ներկայացման մեջ հեքիաթասացի դերն եմ խաղացել։
-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք թատրոնում։
-1998 թվից սկսել եմ աշխատել տիկնիկային թատրոնում, 2010-ից` Արտաշատի թատրոնում։
-Արտաշատի թատրոնում հիմա փոխտնօրեն եք, ինչպե՞ս ստացվեց։
-Արդեն մի քանի տարի է, որ առաջարկ կար, դրա համար ծրագիր գրեցի, ներկայացրեցի նախարարին: Սկզբում վերապահումներով ընդունվեց այդ փաստը, բայց քանի որ անձնակազմը նույնպես կողմ էր իմ` փոխտնօրեն նշանակվելուն, իսկ դա շատ կարևոր է, հաշվի է առնվում նաև ստեղծագործական խմբի կարծիքը,  արդեն մեկ տարի է` այդ պաշտոնին եմ: Բայց ես մի պահանջ առաջ քաշեցի, որ պետք է լինեմ դերասան-փոխտնօրեն, քանի որ դա ինձ համար առաջնային է։
-Աշխատում եք նաև տիկնիկային թատրոնում։ Ավելի շատ սիրում եք խաղալ բեմի՞ վրա, թե՞ տիկնիկներին խաղացնել բեմում։

-Տիկնիկային թատրոնը հրաշք աշխարհ է։ Երկուսն էլ սիրում եմ։ Այն նեղ օղակ չէ, այնտեղ և’ տիկնիկն է, և’ դու, կամ միայն տիկնիկն է։ Աշխատում եմ նաև դրամատիկական թատրոնում, բայց տիկնիկայինը բարդ է, անշունչ առարկային պետք է կենդանություն տաս, ինչքան պետք է էներգիա ունենաս, որ կարողանաս։ Դրա համար տարիներ են պետք, որպեսզի յուրացնես տիկնիկի հետ աշխատելու տեխնիկան: Եվ հետո ասեմ, որ երեխաների համար խաղալը էլ ավելի պատասխանատու է։ Երեխաները զգում են ամեն ինչ, ձեռքդ երևաց, ինչ֊որ բան էնպես չարեցիր, ամբողջ ներկայացումը չի ստացվի։ Պետք է շատ ջանք թափես, որ կարողանաս նաև համոզել։
-Կա կարծիք, որ հատկապես երիտասարդները հիմա թատրոն չեն գնում։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Ես այդքան երիտասարդներին չեմ մեղադրում, որքան, թե ինչ են բեմադրում։ Մենք մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, հեղափոխություն արեցինք։ Այս տարվա ընթացքում 5 նոր բեմադրություն ենք արել, և արդյունքը չուշացավ։ Եվ մեր հանդիսատեսն ավելացավ, և ներկայացումների թիվը, և ֆինանսական հոսքը, որոնք շատ կարևոր են թատրոնի, դերասանների համար։
Ամեն ինչ գցել հանդիսատեսի չգալու, չհետաքրքրվելու վրա, էդքան էլ ճիշտ չի։
Ամբողջ Արարատի մարզում այդ մի թատրոնն  է և Երևանից մոտ 20 կմ է հեռու։ Եթե որակ չապահովենք, կգնան Երևան` ներկայացում նայելու։ Բայց ասեմ, որ այս տարի ունեցել ենք հանդիսատես Երևանից, մշակույթի համալսարանի աշխատակազմը լսել էր, որ ունենք մի ներկայացում` «Որբերի կացարանը» վերնագրով, որի ռեժիսորը Բագրատ Գևորգյանն էր, եկել էին դիտելու։ Նաև ունեցել ենք հանդիսատեսներ Էջմիածնից։
Մեր հետագա պլանների մեջ մտնում են շրջագայությունները, նաև փառատոներին մասնակցելը, որը շատ կարևոր է թատրոնի համար։
Նաև պետք է ասեմ, որ մեր մարզպետը օգնեց աբոնեմենտային համակարգի ներդնելուն դպրոցներում: Առաջին անգամ երեխաները կարող են մեկ տոմսով երկու ներկայացման մասնակցել, որը ողջունելի քայլ է ներկայիս իշխանությունների կողմից, իսկ երեխաների համար հիանալի հնարավորություն է արվեստի հետ շփվելու և զարգանալու։
-Եղե՞լ է մի ներկայացում, որը խաղալիս մեծ պատասխանատվություն եք զգացել և ավելի մեծ սիրով եք խաղացել։ Ի՞նչ ժանրերում եք հանդես եկել։

-Բոլորն էլ սիրում եմ անխտիր, բայց ավելի շատ պատասխանատվություն եմ զգացել «Բեթղեհեմի աստղի տակ» ներկայացումը խաղալիս։ Այդ ներկայացման մեջ, անկախ նրանից, թե ինչ դերով ես ներկայանում, ուրիշ զգացողություն ես ունենում։ Մեկ էլ շատ ազդվում ես, երբ Ձմեռ պապիկ ես։ Բոլոր ժանրերով էլ խաղացել եմ, և այն կարծիքին եմ, որ դերասանը բոլոր ժանրերում էլ պետք է լավ խաղա, հակառակ դեպքում չպետք է խաղա։ Միջակություն չեմ սիրում։ Ինչպես մտածողներից մեկն է ասել` լավ է չանել ոչինչ, քան անել ոչինչ։