aniharutyunyanarm

Լավ կլինի

-Ես մինչև էս գյուղը չշենացնեմ, մեռնողը չեմ,- ասում էր Խաչիկը:

Առանձնապես ջահել չէր, կյանքը վաղուց թաղել էր ամեն խաղողի վազի հետ, բայց ասում էր, որ պատմությունը մի անգամ էդպիսի երկարակեցություն տեսել է` Սիմեոն ծերունու օրինակով: Մտածում էր, որ Սիմեոնի նպատակից մի քիչ է պակաս սուրբ իր նպատակը, որովհետև կյանքում մի գյուղ ուներ ու մի կիսակառույց տուն` մեջը լիքը սրբապատկեր:

Մի աղջիկ ուներ, վաղուց մարդի էր տվել, երբեմն գալիս էր, հիմնականում՝ չէ, բայց Խաչիկը չէր նեղանում՝ մարդի տվեցիր, էլ քոնը չի, պահանջելու բան էլ չունեմ: Իրեն իր հողն էլ էր հերիք, մի մարգ լոլիկը, մի քանի շիթիլ վարունգն ու լոբին: Կարևորը խաղողն էր, որ օղի ու գինի էր դառնում: Գյուղի քեֆչիները Խաչիկի մշտական հաճախորդներն էին. «Հոպար, ամենալավ արաղը դու ես սարքում, մահ ա»:

Փողոցի տղամարդկանց գլուխգովան խոսակցություններին չէր մասնակցում, երբեմն Գևորգն էր հունից հանում, չէր դիմանում.

-Այտա, դու մի հատ քո գոմի կրիշը սարքի․ մի տարի ա՝ չռում ա, նոր անցի երկրի տնտեսությանը:

Ամբողջ օրը ինքն ու Գևորգը միասին էին, բայց երբ տեսնեիր, վիճում էին: Հարցնում էին․

-Հերիք չի՞ իրար միս ուտեք։ Խաչի՛կ, ո՞նց ես մինչև հիմա Գևորգի հետ ընկերություն անում։

-Շան տղեն օղորմածիկ կնոջս ա հիշացնում. ամբողջ օրը ինքնամոռաց խոսում ա` մեջը իմաստ չկա:

Ամեն ինչ կտաներ, բայց երբ տեսնում էր, որ աղբ են թափում գյուղի փողոցներում, իրեն կորցնում էր: Բարկանում էր երեխեքի վրա, պատասխանում էին․

-Ձյաձ Խաչիկ, մենք էլ հո քո նման հայրենասեր չենք։

Ավելի էր բարկանում․

-Խո՛զ մի եղեք, խո՛զ, ձեր հայրենասիրությունը ձեզ կպնի:

Ինքն էլ առանձնապես երբեք չէր խոսում հայրենիքի մասին, առիթների ժամանակ ամեն երկրորդ բաժակին զինվորների կենացը խմողներին խեթ-խեթ էր նայում, մոտ ընկերներին երբեմն սաստում էր` նստի տեղդ, թիթի՛զ լակոտ, խմել եք ուզում, խմեք, հայրենիքն ու զինվորներին ձեզ մահանա մի արեք:

Գյուղի ծառուղու ծառերը ամեն ջրերը տալուն հետ ջրում էր: Որ անցնում էին կողքով, ասում էին` ապրես, ասում էր` դաշտս ջրելու չլինեի, հո չէի ջրի, գիտեք պե՞տքս ա: Բայց ավելորդ համեստությամբ միայն իրեն էր խաբում. իր դաշտը մեկ կիլոմետրանոց ծառուղու ամենասկզբում էր, ինքը մինչև վերջ ջրում էր: Գյուղապետին ամեն տեսնելիս ասում էր` լույսերը ե՞րբ եք քաշելու, մեր փողոցի Վահրամը ամեն իրիկուն խմած, փողոցի ստոլբաները հաշվելով ա հասնում տուն: Բայց հո դարդը Վահրամը չէ՞ր, ինքն էս գյուղը պիտի շենացներ, նոր գնար կնոջ մոտ:

Մի Խաչիկ, հազար ու մի խնդիր գյուղում, ո՞րը լուծեր: Բայց պայքարող տեսակ էր. հույս էլ չլիներ, ինքն ասում էր` լավ կլինի: Հենց էնպես չէր շպրտում էդ բառերը, սրտից էր ասում, հավատում էր: Ինքը հավատաց, իրեն չհավատացին, բայց էդ լավ լինելը ինքն էդպես էլ չտեսավ, իրեն չհավատացողները տեսան, բայց արդեն մի քիչ ուշ էր:

Փողոցի առաջին լույսերը Խաչիկենց տան բակից սկսած քաշեցին։ Չնայած՝ տունը լքված էր, բայց փողոցի երկրորդ տունն էր, գյուղապետն էլ ասում էր` թող տեսնի Խաչիկը, հոգին հանգստանա, փողոցի լույսեր ասելով գնաց էդ մարդը:

Գյուղը չհասցրեց շենացնել․ մի քիչ ուշ էր սկսել, բայց հարևանները որպես գյուղի նվիրյալ էին հիշում, Գևորգն էլ խոստովանում էր․

-Ինքը գոնե խոսում էր, բողոքում էր, մի բան ուզում էր անել, իսկ մենք ամբողջ կյանքում մենակ կենաց ասող մնացինք: