Լեյլիի Լեյլի տատիկը

Անկեղծ ասած, ես մի տեսակ կարեկցանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր տատ ու պապ չունեն, որովհետև մարդը, ով չի մեծացել տատիկ-պապիկների հեքիաթներով, կոնֆետներով ու սիրով, մի մեծ աշխարհ է կորցրել: Հիշում եմ, մինչև եղբորս ծնվելը տատիս միակն ու անկրկնելին ես էի, որովհետև ամբողջ օրն ինձ հետ էր լինում, միասին այգի կամ հարևանների տուն` սուրճ խմելու էինք գնում, ինձ էր միայն հեքիաթներ պատմում, գրպանի քաղցր ու անուշ կոնֆետները, ի վերջո, ինձ էին բաժին հասնում, որովհետև հորաքույրներիս երեխաները բավական մեծ էին, ու տատիկն էլ միայն ԻՄՆ էր: Երբ եղբայրս ծնվեց ու տատիս ուշադրությունը գրավեց, ես խանդում էի ու անընդհատ լաց լինում: Մերոնք զգացել էին դա, քանի որ ես չէի գնում եղբորս սենյակ, նրա հետ չէի խաղում, ու մայրս փորձեց բացատրել ինձ: Ես էլ կարծես հասկացա, թե ինչու են նրան բոլորը սիրում:

Երբ պառկում էինք քնելու, ես ու եղբայրս ստիպում էինք տատիս հեքիաթ պատմել` հաշվի չառնելով նրա հոգնածությունը: Տատս միշտ ընդառաջում էր մեզ, պատմում մեր սիրած հեքիաթները: Մի օր էլ ես տատիս խնդրեցի մի նոր բան պատմել: Նա ժպիտով նայեց ինձ ու սկսեց մի շատ հետաքրքիր հեքիաթ պատմել գյուղացու ու հրաշագործի մասին: Երբ հարցրի, թե ինչ է այդ հրաշալի հեքիաթի վերնագիրը, տատս նայեց ինձ ու խորը շունչ քաշելով ասաց. «Է՜խ,է՜խ…»: Վերջերս հեքիաթը միտքս էր ընկել, ու տատիս հարցրի, թե որտեղից է իմացել այն: Ի զարմանս ինձ՝ նա ասաց, որ ինքն էր հորինել…

Երբ պարապմունքի շտեմարանը ձեռքիս վերադառնում եմ տուն, տատս հարցնում է.

-Էսօր ի՞նչ ես սովորել:

Ես, իմանալով, որ տատիս լեզուն ու գրականությունը կարելի է «տասը» գնահատել, միշտ ասում եմ.

-Տատ, դու էս մեկը չգիտես:

-Հնարավոր չէ, ասա, տեսնեմ՝ որն է:

Ու միշտ, երբ սկսում եմ սովորածիս առաջին տողերն արտասանել, տատս ժպիտով ընկերակցում է ինձ այնքան, մինչև ես մոռանում եմ, իսկ ինքը առանց սխալների ավարտում է:

Ու ամեն անգամ ծիծաղելով ավելացնում է.

-Չէ, Լիլի ջան, իմ դասատուն քոնից լավն է եղել:

Տատս հինգ թոռ ունի, որոնցից երեքը արդեն մեծ կյանք են մտել: Նրանցից հետո ես եմ ու այս տարիների ընթացքում իմ նվաճումներով փորձում եմ հետ չմնալ նրանցից: Գրեթե միշտ տատիս հարցնում եմ.

-Տատ, էդքան խելացի թոռ ունես, ամենախելացին ո՞վ է:

Տատս միշտ նայում է ինձ ու ամեն անգամ մեկիս անունը տալիս, բայց այն հարցին, թե ում է ամենից շատը սիրում, միշտ մեկ սպառիչ պատասխան ունի՝ քեզ:

Երևի մեծ դեր է խաղում այն, որ հենց ես եմ կրում Լեյլի տատիս անունը ու չեմ սիրում, երբ աղավաղում են այն՝ ասելով Լեյլա՝ իմանալով, որ ընդունում եմ կամ Լեյլին, կամ Լիլին:

Երբ ընկերուհիներս մեր տուն են գալիս, խնդրում են տատիս, որ մի բան երգի: Անգամ երբ տատս տրամադրություն չի ունենում ու մերժում է մեզ, նայելով ինձ՝ դեմքին ժպիտ է հայտնվում, ու սկսում է իր անուշ ձայնով երգել: Զարմանում եմ տատիս երաժշտական կարողությունների վրա: Երբ ընտանիքով դիտում ենք «Երգ երգոց»-ը, տատս գրեթե բոլոր երգերը կամացուկ երգում է ու հանկարծ տեսնում, որ բոլորս ապշած իրեն ենք նայում:

Ախր, շա՜տ լավն է տատս, հատկապես, երբ տուն է գալիս ու ասում.

-Լիլի, գիտե՞ս քեզ ինչ եմ բերել:

Ու իմ՝ հետաքրքրությունից փայլող դեմքը էլ ավելի է պայծառանում, երբ տատս հանձնում է նվերս:

Երբ նա պատրաստվում է տեղ գնալ ու հագնում է իր՝ զգեստապահարանում խնամքով պահված զգեստները, որոնք ես չեմ էլ տեսել, միշտ հարցնում է.

-Լիլի, սիրո՞ւն է:

Ու երբ դրական պատասխան է ստանում, ասում է.

-Քեզ եմ տալու:

Եվ ես, լսելով այդ, ակամայից հիշում եմ մանկությունս, երբ հագնում էի տատիս երկարափեշ, ծաղկավոր զգեստները, որոնց վրայից օծանելիքի հոտ էր գալիս: