Լիլիթ Համբարյանը

Զրուցակիցս Հայաստանը միջազգային մրցույթներում ներկայացրած, «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի մասնակից, երգչուհի Լիլիթ Համբարյանն է: 

-Պատմեք Ձեր մասին: Ինչպե՞ս եք սկսել երգել: Ձեր ընտանիքում երգողներ եղե՞լ են: Երգի, երաժշտության հանդեպ սերը ումի՞ց եք ժառանգել: 

-Ես ծնունդով Վանաձորից եմ, հենց այնտեղ էլ սկսվել է իմ երաժշտական կյանքը: Առաջին քայլերս սկսել եմ Վանաձորի երգի պետական թատրոնի ստուդիայից, այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան էի: Հետագայում դարձա Երգի պետական թատրոնի մեներգչուհիներից: Երգելուն զուգահեռ՝ որոշեցի նաև երաժշտական գործիքներ նվագել: Ընտրեցի ժողովրդական գործիքները, աղջկա համար ավելի բարդ` շվին, դուդուկը, զուռնան:
Սկզբում երաժշտական դպրոցում էի դասերի գնում, իսկ հետո՝ ավելի հմտանալու համար սկսեցի հաճախել մասնավոր պարապմունքների:
Մանկուց երգել եմ տարբեր մանկական երգչախմբերում: Երկար տարիներ հանդես եմ եկել առաքելական եկեղեցիների երգչախմբերում թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս:
Բարձրագույն կրթություն ստացել եմ Վանաձորի մանկավարժական համալսարանում: Սովորել եմ «երաժշտական կրթություն» բաժնում, մասնագիտությամբ՝ երգչախմբի ղեկավար: Ավարտելուց հետո նույն բուհում աշխատանքի եմ անցել որպես վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավար: Մեկ տարի անց տեղափոխվեցի Շվեյցարիա՝ բնակվելու, բայց ամիսներ անց վերադարձա ոչ թե Վանաձոր, այլ Երևան: Մինչ օրս ապրում և երգ-երաժշտությամբ եմ զբաղվում ինձ համար հարազատ դարձած քաղաքում: Այստեղ մասնակցում եմ տարբեր քաղաքային միջոցառումների: Ի ուրախություն ինձ՝ էնթրո ժանրում որպես մեներգչուհի հանդես եմ գալիս «Colors of music entro band» խմբում:
Առաջին անգամ Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրել եմ 2016 թվականին: Մալթայում էր «Arpeggio-2016» մրցույթը, որի ժամանակ գրավեցի առաջին տեղը՝ արժանանալով բացարձակ հաղթողի կոչման:
Իսկ երկրորդ մրցույթը վերջերս էր՝ հուլիս ամսին, Լիտվայում: Մրցույթը կոչվում էր «Klaipeda-2017»: Ինձ համար շատ կարևոր էր այդ մրցույթում մասնակցությունս, որովհետև կյանքումս առաջին անգամ պատիվ ունեի հանդես գալու պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Մրցույթում դարձա գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Գրան պրի» մրցանակի:
Երգելու տաղանդս ժառանգել եմ տատիկիցս, որը փոքր տարիքիցս ապրում է իմ հաջողություններով և մինչ օրս ինձ ուժ է տալիս:
Այժմ «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանին եմ մասնակցում: Հուսամ՝ այստեղ էլ հաջողություններ կգրանցեմ:

-«YKCB» խմբի ռեփեր Տիգրան Կարապետյանի հետ եք համագործակցել: Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը: 

-Ես և Տիգրանը միասին սովորում էինք Աբել Աբելյանի անվան դերասանական ստուդիայում, դեռ վաղուց մտածում էինք միասին հանդես գալու մասին, և, ի վերջո, մեր համատեղ աշխատանքը ստացվեց, որի շրջանակներում էլ նկարահանվեց տեսահոլովակը, և մենք հանդես եկանք «Հետ գաս էլի» երգով, որը, կարծում եմ, հատկապես երիտասարդների կողմից սիրվեց:

-Իսկ համերգների մասնակցության հրավերներ հաճա՞խ եք ստանում: Երգերը, որոնք պետք է կատարեք, ինչպե՞ս եք ընտրում:

-Ե՛վ համերգների, և՛ երաժշտական տարբեր միջոցառումների հրավերներ հաճախ եմ ստանում: Երգացանկս բավականին լայն է և բազմաժանր, քանի որ ես հանդես եմ գալիս տարբեր երաժշտական ճաշակ ունեցող մարդկանց համար, փորձում եմ հանդես գալ տարբեր ժանրերում:

-Միայն լավ ձայն ունենալը բավակա՞ն է երգչուհի լինելու համար: 

-Իհարկե, ըստ իս՝ ամենակարևորը ձայնն է, եթե իհարկե, կոչումդ երգիչ կամ երգչուհի դառնալն է: Բայց ձայն ունենալուց բացի՝ պետք է ունենալ երաժշտական ճաշակ, արտաքին գրավչություն, բեմական կեցվածք, անկեղծություն և ինքնատիպություն:
Հանդիսատեսին պետք է ճիշտ ներկայանալ կարողանաս, պետք է միշտ ասելիք ունենաս:
Ես և շատ կատարողներ հիմնականում հանդես ենք գալիս արդեն ճանաչում գտած երգիչների երգացանկով: Ես կցանկանայի ստեղծել իմ ոճը, որպեսզի կարողանայի ինձ ամբողջությամբ դրսևորել և ասելիքս տեղ հասցնել:

-Ի՞նչ եք կարծում՝ երգչուհու կարիերան խոստումնալից ապագա ունի՞, թե՞ լրացուցիչ մասնագիտություն ունենալն անհրաժեշտ է: 

-Հստակ պատասխան տալ չեմ կարող: Ամեն դեպքում՝ լրացուցիչ մասնագիտություն, կարծում եմ, արժե ունենալ: Թեկուզ և բազմակողմանի զարգացած լինելու համար:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք: 

-Ազատ ժամանակ սիրում եմ սպորտով զբաղվել: Սիրում եմ գրքեր կարդալ՝ Սևակ, Չարենց, Լևոն Շանթ: Տպավորված էի Լևոն Շանթի «Հին աստվածներ» գրքով, որը լիարժեք հասկանալու համար մի քանի անգամ եմ ընթերցել:
Սիրում եմ նաև շրջագայել, հնարավորության դեպքում առիթը բաց չեմ թողնում: