Ծաղկաձորյան օրագիր. Լինել լրագրող

Վարպետության դաս «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանից


-Նախ ասեմ, որ մեծ սիրով եմ ընդառաջ գնում «Մանանա» կենտրոնի և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հրավերներին, որովհետև մարդը ինչքան էլ կայացած է լինում, երբեմն այսպիսի հանդիպումների ժամանակ այնպիսի հարցադրումներ են լինում, որ մեզ` լրագրողներիս, մտածելու տեղիք է տալիս:
Այսօր կա մի այսպիսի խնդիր, որ «դիկտաֆոն», լուսանկարչական սարք վերցնողները կարող են կոչվել լրագրող: Բոլորին թվում է, եթե ապահովված են վերջին տեխնիկական սարքերով և ունեն սոցիալական ցանցերում ակտիվ շփում, ուրեմն, կարող են նստել իրենց տանը և դռան վրա գրեն «խմբագրություն» և մի հետաքրքիր անուն, ապա կդառնան լրագրողներ: Իմ կարծիքով, նույնիսկ ամենալավ հեռախոսով ու ամենավերջին տեխնիկայով ապահոված մարդը չի կարող համարվել լրագրող, եթե իր առջև նպատակ չի դնում` ինչի մասին գրել, ինչն է իրեն սրտամոտ, ինչ թեմաների մեջ կարող է խորանալ և ինչպես մատուցել, որ կարդացողների մոտ հետաքրքրություն առաջացնի: Լրագրողների մեջ մի խումբ կա, որոնք արդեն ընտրել են իրենց հիմնական թեման: Դրա համար բոլոր թերթերը, կայքերը ունեն հատուկ բաժիններ և այդ բաժինների պատասխանատուներ, որոնք խորանում են այդ թեմայի մեջ: Մեկը կարող է խորանալ մշակութային, մյուսը` քաղաքական թեմայի մեջ, մեկն էլ իրեն տեսնում է իրավունքի ոլորտի լուսաբանման մեջ: Դրա համար նախկինում եթե մի լրագրողը կարող էր տվյալ թերթի համար գրել տարբեր թեմաներ, այսօր շատ քիչ պրոֆեսիոնալ թերթեր կան, որ պահում են այդպիսի լրագրողների: Ընդհակառակը, այդ թերթերը հակված են տալ այնպիսի լրագրողական «արտադրանք»` հոդված, հրապարակումներ, որոնք նեղ մասնագիտական խնդիրներին են առնչվում, այսինքն թերթերը, տվյալ դեպքում ես խոսեմ մեր թերթի՝ «Առավոտ»-ի մասին, որը նաև ունի aravot.am էլեկտրոնային կայքը, ունի բաժիններ, և ամեն մի լրագրող պատասխանատու է մի բաժնի համար: Օրինակ, ես համակարգում եմ իրավունքի ոլորտը, այսինքն, գրում եմ իրավական թեմաներով: Ի՞նչ է պահանջվում իրավական թեմայով գրող լրագրողից: Իրավական թեմայով գրող լրագրողին այսօր քիչ է համարձակությունը: Նա պետք է իմանա աշխատել փաստաբանների, քննիչների, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, ուժային կառույցների, ոստիկանության հետ: Նա պետք է իմանա լավագույնս այն օրենքները, գործողությունները, նաև իր իրավունքները, որ ոչ միայն իր իրավունքների պաշտպանությամբ հանդես գա, այլ նաև կարողանա պաշտպանել դիմացինի շահերը և, ամենակարևորը, կարողանա նյութ հրապարակել: Ես դժբախտաբար շատ եմ տեսել այնպիսի լրագրողների, որոնք նույնիսկ իրենց իրավունքները չգիտեն: Դա նշանակում է, եթե լրագրողը գնա քննիչի մոտ և հարցնի «Ես իրավունք ունե՞մ սա անել», պարզ է, որ քննիչը կկասկածի, որ լրագրողը պրոֆեսիոնալ է և արդեն կօգտվի այդ անփութությունից: Այս քայլով լրագրողը թույլ տվեց իր առաջին սխալը: Եթե լրագրողը ցանկանում է հրապարակել անչափահասի գործ, հայրենիքի դավաճանության կամ անձնական գաղտնիք, ապա պետք է նաև իմանա, որ կա տվյալների պաշտպանության մասին օրենք: Լրագրողը պետք է իմանա տեղեկատվության ազատության մասին օրենքը, թե ինչ սահմաններում և ինչ ժամկետում կարող է պահանջել տվյալ ինֆորմացիան: Նա պետք է իմանա, թե որ դեպքում կարելի է աղբյուրը, անուն ազգանունը հրապարակել: Լրագրողի համար շահագրգիռ կարևորը կողմ չդառնալն է: Եթե քաղաքացին հայց է ներկայացրել որևէ նախարարության դեմ, ապա ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ լրագրողը դատարան ներկայանա կողմերից մեկի մեքենայով: Թվում է` մանրուք է, բայց կարևոր է, որ նա լինի անաչառ:
Ես հիմա բերում եմ իմ ոլորտի օրինակով, սակայն այս կանոններն ասեմ, թե պայմանները հավասարապես վերաբերվում են նաև այլ, օրինակ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական, առհասարակ բոլոր ոլորտներում աշխատող լրագրողներին:
Այսօր կա նաև լրագրողների դիտորդ մարմին և տեղեկատվական վեճերի խորհուրդ, որ մինչև դատարան դիմելը կողմերից մեկ որոշում է լրագրողի գործողությունները՝ էթիկայի կանոնները ինքը խախտել է թե ոչ: Այնպես չէ, որ միայն «Առավոտ» թերթը ունի էթիկայի կանոններ, և խախտումը վերաբերում էր, ենթադրենք, ներխմբագրական խնդիրներին, այլ այնպես է, որ դիտորդ մարմինը կամ տեղեկատվական վեճերի խորհուրդը որոշում է, թե որտեղ խախտեց լրագրողը օրենքը, և դա նախադեպեր է ստեղծում մյուս լրատվամիջոցների համար:
Երբ խոսում են վարպետության մասին, մի բան կարող եմ ասել, որ լրագրողի ամենամեծ հաջողությունը պայմանավորված է նրանով, որ լրագրողը պետք է ոչ միայն «մարզական վիճակում» լինի` իմանա, թե ինչ է կատարվում այդ հարցի շուրջ, այլ նաև պետք է սիրի այն գործը, որն ինքը անում է: Ես երբեք չեմ հասկանում այն լրագրողներին, որոնք կարող են զանգել ինձ և ասել.
-Ռուզան, այսինչ դատին գնացել ե՞ս:
-Հա, գնացել եմ:
-Դե մի հատ պատմի:
Ես չեմ հասկանում այդպիսի լրագրողների: Դա ինձ հիշեցնում է ուսանողական տարիներս, երբ զանգում ու ասում էին` հանձնարաված այսինչ վեպը կարդացե՞լ ես, մի հատ սյուժեն պատմի:
Հա, պատմելով մարդը ավարտեց, բայց որ պատմելով հիմա լրագրությա՞մբ են զբաղվում, այ դա արդեն դատապարտելի է: Եվ եթե դուք էլ նման իրավիճակում հայտնվեք, ապա հիշեք, որ կլինեն լրագրողներ և իրենք ուղղակիորեն օգտվելով, որ դուք չեք գնացել, կփորձեն ձեզ այնպես ներկայացնել, որ դուք հրապարակելուց հետո պատմության մեջ կընկնեք: Որ հարցնեն այս սխալ ինֆորմացիան որտեղից ես գրել, հո չե՞ք ասելու. «Գիտեք ինչ, ես զանգեցի նրան, նա ինձ այդպես ասաց»: Դա դատապարտելի է և նաև դատապարտելի է, որ այսօրվա սոցիալական ցանցերի ինֆորմացիան արտատպում են առանց հեղինակի կամ աղբյուրը նշելու: Դա սարսափելի բան է, երբ մարդը ի սկզբանե զբաղվում է գրագողությամբ:
Ես քիչ առաջ ծանոթացա մասնակիցներից Լիայի հետ: Լիան գրել էր իրենց սահմանամերձ գյուղի` Ներքին Կարմիրաղբյուրի մասին, որը մշտապես կրակահերթի տակ է և կարողանում է այնպիսի ինֆորմացիա տալ, որը չի վնասում մեր երկրի անվտանգությունը: Քանի որ այդպիսի տարածքներից եկող ոչ բոլոր ինֆորմացիաները կարելի է տարածել: Չէ որ մեզ կարդում է նաև թշնամին: Ես զարմացա, որ այդ տարիքում նա այնպես է գրում, որ նման հարցեր չեն առաջանում:
-Ի՞նչ դժվարություններ կան լրագրողի աշխատանքի մեջ:
-Գիտեք ինչ, ցանկացած մասնագիտության մեջ կա դժվարություն: Սկսած մեզ այստեղ բերած տաքսու վարորդից, մինչև ամենաբարձր պաշտոնները: Լրագրողի մասնագիտությունը այնքանով է դժվար, որ հրապարակային մասնագիտություն է, իսկ ցանկացած հրապարակային մասնագիտություն դժվար է, քանի որ քո միջոցով են տեղեկանում: Կարծում եմ ամենադժվարը մատուցելն է: Լրագրողի մասնագիտությունը թույլ է տալիս աշխատել բոլոր խավերի մարդկանց հետ: Ամենքը չեն իրենց պատկերացնում էկրանի առաջ: Ուղիղ եթերը միայն այն չի, որ մեկ կամ երկու ժամով հաջողված կամ չհաջողված մատուցես ու վերջացնես: Կյանքը դարձել է մի պատուհան, որտեղ մարդիկ անընդհատ տեսնում են քեզ, դու գնում-բերում և մատուցում ես այն ինֆորմացիան, որը տեսնում ես: Իսկ եթե աղավաղում ես ինֆորմացիան, ուրիշ բան ես գրել, ուրիշ բան նկարել, ապա դու չես լինի պրոֆեսիոնալ: Դժվարությունները կլինեն այդ առումով:
-Իսկ ինչպե՞ս մոտենալ մարդուն, որ նա թույլատրի իրենից հարցազրույց վերցնել, նկարել:
-Հիմա բոլորը քիչ թե շատ գիտեն իրենց իրավունքները: Փաստորեն դուք դեռ համոզելու փուլը չեք կարողացել անցնել: Ամեն մի տարիք սիրում է, թե իրեն ինչպես կմոտենաս, ինչպես կհամոզես: Օրինակ, ասացիք` տատիկը չի թողել, որ իրեն նկարեք: Դուք պետք է ներկայանայիք, ասեիք` ով եք, եթե վկայական ունեք լրագրողի, ցույց տաք: Ցանկացած մարդ էլ կվիրավորվի, եթե իրեն նկարողը չներկայանա: Իհարկե, լրագրողի վկայական ունենալը դեռ չի նշանակում, որ դու արտոնյալ վիճակում ես:Դու պետք է թույլտվություն ունենաս, եթե անչափահասը ծնողի հետ է: Նույնիսկ մենք, որ գնում ենք ինչ որ բան լուսաբանելու` մեր վկայականներով, պետք է կարողանանք համոզել: Այստեղ կարևոր է, այսպես ասած, ձեր` «հոգեբանի և դերասանի վարպետությունը», երբ զրուցակիցը տեսնում է, որ դիմացինը կարողանում է բացատրել իր նպատակը, թե ինչի համար է նկարում: Դուք պատկերացնո՞ւմ եք, փողոցում մեկը գա ձեզ նկարի ու թողնի գնա: Կվիրավորվեք հաստատ: Բայց երբ դուք մոտենաք և ասեք, օրինակ.
-Բարև Ձեզ, ես նկատեցի, թե ինչքան գեղեցիկ է կանգնած Ձեր երեխան, կարելի՞ է նկարել:
Նա հաստատ կհամաձայնի: Լրագրողը միշտ պետք է պատրաստ լինի աշխատելու: Հյուր եք գնացել, թե այցելել եք մի այլ նպատակով, միշտ կարող է պատահել գրելու համար հետաքրքիր նյութ: Եթե նույնիսկ գնում ես այլ բան լուսաբանելու, բայց ճանապարհին հանդիպում ես մի ծերունու, ով հետաքրքիր զրուցակից է, անպայման զրուցեք: Գուցե դա շատ ավելի կարևոր լինի, քան այն նյութը, որի մասին ուզում էիք գրել: Միշտ պատրաստ եղեք: Ու նյութը հրապարակելուց առաջ միշտ ճշտեք, արդյո՞ք նա ճիշտ է ասում, կարող է այդ ծերունին ասում է զավակ չունեմ, բայց զրույցի ընթացքում ասում է տղան Ռուսաստան է: Հրապարակելուց առաջ միշտ ճշտեք, քանի որ հրապարակելուց դուք եք դառնում նյութի տերը: Լրագրողի գործի մեջ վտագանվոր է նաև խոստում տալը, երբեք ոչինչ մի խոստացեք, եթե ձեզնից չի կախված խոստումը: Ձեզնից կախված ամեն բան արեք, բայց մի խոստացեք: Երբեք մի ամաչեք ձեր ստորագրություն համար ու մի ստորագրեք ծածկանունով:
-Ի՞նչ կասեք լրագրողների իրավունքների մասին:
-Կապ չունի, թե ինչ թեմայով ես գրում`մշակութային, իրավական թե մեկ այլ թեմա, դու պարտավոր ես իմանալ երկու կարևորագույն օրենք: Դա ԶԼՄ-ների մասին օրենքն է և Տեղեկատվության ազատության մասին օրենքը: Այդտեղ կա և իրավունքների և պարտականությունների մասին: Դու իրավունք ունես տեղեկություն ստալանու, բայց ումի՞ց, ո՞նց, ի՞նչ եղանակով: Հենց այդ մասին են ասում հիշյալ օրենքները: Դու իրավունք ունես պաշտոնյային դիմել գրավոր, բանավոր, ժամկետը սահմանես: Պետք է անպայման հղում անես, Տեղեկատվության ազատության մասին օրենքին, որ այս ժամկետում լինի իմ հարցի պատասխանը, ոչ թե պաշտոնյան երբ ուզի` պատասխանի, իսկ եթե հղում արել ես, ապա ուրեմն ժամկետը նշված է ու պետք է տվյալ ժամկետի մեջ լինի ինֆորմացիան: Այստեղ օգնության է գալիս օժանդակ օրենքը, եթե 5 օրվա ընթացքում պատասխան չկա, ապա կարող ես դիմել դատարան և ստանալ այդ ինֆորմացիան: Լրագրողը իրավունք ունի գտնվել ցանկացած դռնբաց տարածքներում`հանրահավաքներ, ցույցեր, դռնբաց դատական նիստեր: Բացառությամբ այն դեպքերի, որտեղ հավատարմագրում է պահանջվում, օրինակ` ԱԺ-ում: Նաև պետք է կարողանաք տարբերել զրպարտչին լրագրողից: Մի քանի օր առաջ եկել էր մեկը ու ասում էր որ իրեն շտապ լրագրող է պետք, հետս տանեմ մի տեղ: Պատասխանում եմ, որ մարդը պետք է նյութին տեղյակ լինի: Ասում է`ինձ պետք միայն տեսնեն, որ ինձ հետ լրագրող կա, ու վերջ: Ես ասացի` կներեք, նախ թերթում լրագրողների արտադրամաս չկա, որ արտադրենք, մեկն էլ տանք ձեզ, և երկրորդ, լրագրողը մինչև գալը պետք է տեղը, ժամանակը և որոշ ինֆորմացիա իմանա: Ոչ բոլորին պետք է հավատալ, քանի որ կարող է խաբում են` իրենց գործը առաջ տանելու համար:
Եթե ինչ որ բան մութ է մնում, մի’ ամաչեք, նորից տվեք հարցը: Ինձ հետ պատահել է, որ հարցը նորից տամ, ու զրուցակիցս մոռացել էր, որ այդ հարցին ինքը մեկ ժամ առաջ ուրիշ պատասխան էր տվել:
Ու կարևոր է նաև հիշեք. այս ձայնագրիչների վրա հույս չարժե դնել, փորձեք նաև հիշել, գրառումներ անել: Պատահում է` ուզում եք հավաքել հարցազրույցը ու հանկարծ տեսնում եք, որ ոչինչ չի ձայնագրել, ի՞նչ պետք է անեք: Ու հիշեք, զրուցակցին չի կարելի ընդհատել, հարցի պատասխանը չավարտած միանգամից մի տվեք հաջորդ հարցը, սպասեք` վերջացնի նոր: Ու եթե նա տեսնում է, որ դուք իրեն լսում եք, սկսում է բացվել և ինչ չէր ուզում ասել տասը րոպե առաջ, կամաց-կամաց ասում է:
-Ի՞նչ կասեք քաղաքականացված լրագրողների մասին:
-Ես 1989թ-ից աշխատել եմ մամուլում և փորձել եմ միշտ ապակուսակցական լինել և չհարել որևէ կուսակցության: Գուցե կան կուսակցություններ, որոնց այս կամ այն բանը ինձ դուր է գալիս, և դրանք ավանդական կուսակցություններն են, բայց միշտ փորձել եմ լինել ապաքաղաքական: Հիմանականում վտանգի են ենթարկվում այն լրագրողները, որոնք այս կամ այն կուսակցության գաղափարակիցն են: Ես դեմ եմ տեսակավորմանը, երբ մեկը իրեն ընդդիմադիր է համարում, մյուսը` դիմադիր: Ես կարծում եմ, որ լրագրողը պետք է մնա լրագրող: Բայց եթե լրագրողը գտնում է, որ պետք է լուսաբանի միայն այս կուսակցության խնդիրները, ուրեմն, մենք գործ ունենք ավելի շատ քաղաքական մեկնաբանի, կամ ավելի ճիշտ, կուսակցականի հետ, քան լրագրողի: Այդպիսի լրագրողը կունենա այն նույն խնդիրները, ինչ տվյալ կուսակցությունը:
Ես ամենասկզբում էլ ասացի և ուզում եմ դրանով էլ ավարտել. Բարդ, հրապարակային, բայց նաև անչափ հետաքրքիր ու պատասխանատու մասնագիտություն է լրագրողի մասնագիտությունը: Եվ եթե կլինեն ձեր մեջ մարդիկ, որոնք կընտրեն այս մասնագիտությունը, ապա ես անձամբ միշտ պատրաստ եմ օգնել:

Զրույցը գրի առավ Մուշեղ Վարդանյանը