anush margaryan ararat

Լինել-չլինելու մասին

Անփույթ կերպով թերթում ես գրքերի խունացած էջերը, գուցե հաջողվի նրանցում եղած տողերի մեջ սկսածդ մտքերին ավարտ գտնել։ Փոխարենը գտնում ես չորացրած դաշտային ծաղիկներ, մեկի կողմից պահված դեղնած ու քրքրված թղթի կտոր կամ էլ մատիտով գրված հազիվ նշմարելի բառեր․․․ Երևի ուղղված մեկին, ով քեզ պես կարդալ չի սիրում։ Կարդալ չսիրող մարդիկ տարօրինակ են, բայց դու, լինելով ինչ-որ զուգահեռ տիեզերքից, շեղվում ես ընդհանուր օրինաչափությունից։ Եթե որոշես կարդալ, նշիր գրքերում քո սիրած տողերը, ես կկարդամ ու ուղեղումս պատկերդ կվերակառուցեմ։

Հետո խմում ես թեյդ, որի մեջ շաքարի պարունակությունն ավելի շատ է, քան եռացրած ջրինը։ Տրամադրություն չունես, բայց ոչ այն պատճառով, որ անզգուշորեն վառեցիր լեզուդ, այլ հենց այնպես՝ չունես։ Տրամադրությանդ փոփոխության հաճախականությունը համընկնում է հոգուդ փոփոխություններին։ Դրանից է, երևի, որ քեզ հետ կապերը երբեք կովալենտ ոչ բևեռային չեն լինում․ մեկ է՝ վաղը, մեկ շաբաթից կամ ամսից գնալու ես։

Հետաքրքիր է, չէ՞, մեր ներսում կատարվող ամեն ինչ պարզագույն քիմիական ռեակցիա է։ Դրանից է, երևի, որ փոփոխականությունդ ինձ համար սովորական երևույթ է։ Չէ, իրականում ոչ թե հետաքրքիր է, այլ միտք պայթեցնող․․․ Չգիտեմ՝ դու ինչպես, բայց ես ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ հասկանում եմ, որ ուղեղումս յուրաքանչյուր խառնաշփոթ պայմանավորված է ճշգրիտ քանակությամբ հորմոններից ու քիմիական միացություններից։ Մի՞թե մեր առօրյա զգացողությունները անիրական են։

Գիտե՞ս՝ դու նման ես լինել-չլինելուն, ճիշտ ինչպես մեր զգացածները։ Ես չգիտեմ՝ դու իրականում կաս, թե ուղղակի պարզագույն ռեակցիայի արդյունք ես։ Նրանք չգիտեն Աստծո գոյության մասին, բայց հավատում են, որ իրենց լսում է։ Գուցե, նույն կերպով ես է՞լ հավատամ, որ դու կաս, բայց, ախր, գիտես, որ աթեիստ եմ․․․