Լինենք զինված ոչ թե զենքով, այլ գիտելիքներով

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի Քաղաքական դասընթացների Ազատ լսարան ծրագիրը իր մեկնարկը տվեց Վանաձոր քաղաքում: Դասընթացներին մասնակցում էին Լոռու մարզի տարբեր բնակավայրերից, թվով 40 երիտասարդներ՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Ծրագիրը տևեց մոտ երկու շաբաթ՝ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 28-ը: Ծրագիրը մինչ այս ևս երկու շրջափուլ կյանքի է կոչվել Երևանում, և հիմա արդեն երրորդ շրջափուլով Վանաձոր քաղաքում է: Առաջին հանդիպումը սեպտեմբերի 15-ին էր: Բացումն արեց ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Հովսեփյանը: Դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Կիրո Մանոյանը, ՀՊՏՀ դասախոս, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը, Տ.Գ.Թ., և ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը:
Ծրագրի նպատակն է՝ տեղի երիտասարդության՝ Հայաստանին ու հայությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների խորացումը՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավմանը, խորացնելով նրա քաղաքական գիտելիքները: Դասընթացի թեմաներն են.
Հայաստանն արդի աշխարհում,
Պետականաշինության արդի խնդիրներն ու անելիքները,
Հայ քաղաքական միտքը հայության ապագայի շուրջ. հիմնահարցեր:
Ծրագրի մասնակից Նարեկ Փիլոյանի կարծիքով. «Դասընթացները տվեցին մեծ գիտելիքներ, փորձ, շատ հարցերի պատասխաններ, որոնց մենք չէինք տիրապետում, կամ ինչ-որ չափով տեղեկացված չէինք, ձեռք բերեցինք նոր ընկերներ, ամենակարևորը` հնարավորություն տվեց ազատ արտահայտվելու»: Իսկ ըստ Վահե Դարբինյանի, ամենահետաքրքիր թեման` «Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները Եվրոպայի կառույցների հետ, եվրոպական համակարգի հետ թե՛ արժեքային, թե՛ քաղաքական կտրվածքով և ընդհանրապես մեր դերը, մեր հարաբերությունները հարևանների հետ»:
Դասընթացները անց էին կացվում շատ ակտիվ, հարց ու պատասխան քննարկումներով:
Ծրագրի ավարտին առավելագույնս մեծ ակտիվություն ցուցաբերած 26 մասնակիցները, որոնցից 5-ը Սպիտակից, մյուսները` Վանաձորից և շրջակա համայնքներից, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի կողմից ստացան հավաստագրեր:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով.
-Տվյալ դասընթացի գաղափարը առաջ է եկել ընդհանուր քննարկումների արդյունքում, և պարզ էր, որ երկրում կար նման քաղաքական դասընթացների կարիքը, որովհետև հատկապես Երևանում արդեն մի քանի նման դասընթացներ, դպրոցներ եղան, դա նշանակում է, որ երիտասարդությունը շատ հետաքրքրված է, և « Հրայր Մարուխեան» հիմնադրամը հարմար համարեց, որ իր ծրագրերից մեկը լինի նմանատիպ, և փորձի երիտասարդությանը տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք մեր հիմնադրամի տեսակետից կարևոր են, որպեսզի Հայաստանում երիտասարդությունը իմանա, տեղյակ լինի և որպես պատրաստված քաղաքացի ավելի ակտիվ լինի իր առօրյայում, քաղաքական իրականության մեջ անկախ նրանից, որ կուսակցությանը կհամակրի:
-Բացի այս գործունեությունը, հիմնադրամն այլ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-«Հրայր Մարուխեան» հիմնադրամը եկող տարի կնշի իր տասնամյակը և ծրագրերը հիմանականում եղել են ուսումնասիրություններ՝ երկրի սոցիալ-տնտեսական հարցերի մասին, արտաքին քաղաքականության հարցերով շատ չի զբաղվել,-պատասխանեց Կիրո Մանոյանը,- կազմակերպությունը սկզբից կազմակերպել է երիտասարդների թրեյնինգի պատրաստության ծրագրեր, հաճախ դա արել է տարբեր արտասահմանյան հիմնադրամների հետ համագործակցաբար, բայց այս մեկը լրիվ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի ծրագիրն է, որը իր միջոցներով է իրականացնում, և հուսով եմ, կկարողանանք շարունակել:
Հիմնադրամի տնօրենի, «Ազատ լսարան» ծրագրի ղեկավարի՝ Իվան Աղազարյանի, և ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Հովսեփյանի խոսքերով, Վանաձորի երիտասարդությունը շատ ակտիվ էին, տեղեկացված էին և պահանջատեր էին: Համեմատած Երևանի մասնակիցների, անընդհատ իրենց առաջարկներով ու գնահատականներով ստիպում էին, որ մենք բարեփոխենք ծրագիրը ընթացքում: Ըստ ծրագրի ղեկավար Իվան Աղազարյանի.
-Ծրագիրը կլինի շարունակական, չորրորդ շրջափուլը կլինի հաջորդ տարի, թե, ո՞ր ամսին, դա դեռ չենք կարող ասել, իսկ թեմաները կլինեն երևի թե նույնը, բայց կավելացնենք արդեն նոր բանախոսների, նոր դասախոսություններ: Հիմնադրամը այս ամենից զատ բացել է աշխատանքի իրավունքի պաշտպանության գրասենյակ, նաև աշխատանքի իրավունքի ոլորտում իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ազգաբնակչությանը:
Եվ վերջում կցանկանամ եզրափակել ծրագրի հանձնախմբի պատասխանատու Կարին Հովսեփյանի խոսքով.
-Մշտապես լինել տեղեկացված և երբեք չբավարարվել տրվածով, այլ ուսումնասիրել, խորանալ և կատարել ուսումնասիրություններ: Հետևեք ձեր երկրի քաղաքականության աշխատանքներին, քանի որ դա ձեր ներկայի և ապագայի որոշիչն է: Լինենք զինված, ոչ թե զենքով, այլ գիտելիքներով: