Լոնդոնի աննկուն ոգին

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Լոնդոնի ամենաբարձր կետում` Լանգեյթ-հիլլում է գտնվում Սուրբ Պողոսի տաճարը (Սենթ Պոլ), որը Եվրոպայի խոշորագույն անգլիկան տաճարն է, կառուցված 1708 թվականին: Սակայն սա հինգերորդ տաճարն է, որը կառուցվել է նույն տեղում: Նրանցից երեքը այրվել են հրդեհների պատճառով, իսկ մեկն էլ ավերակների են վերածել վիկինգները:

Սենթ Պոլ տաճարի մասին կարող եք կարդալ համացանցում. թե ով է կառուցել, ինչ ճարտարապետական լուծումներ ունի բարոկկո ոճի մարգարիտ համարվող այս կառույցը, ինչ պատմական անցքերի է ականատես եղել, ովքեր են թաղված նրա բակում և այլն:

Կիմանաք նաև, որ այստեղ են կատարել ծովակալ Նելսոնի և Ուինսթոն Չերչիլի հոգեհանգստյան արարողությունները (Ի դեպ, տաճարի բակում են թաղված 200 նշանավոր բրիտանացիներ), այստեղ է կատարվել արքայազն Չարլզի և ժողովրդի սիրելի լեդի Դիանայի պսակադրությունը:

Սենթ Պոլ տաճարը դուք հավանաբար տեսել եք Հարի Փոթերի մասին ֆիլմերում, այստեղ են նկարահանվել «Մերի Փոփինս», «Շերլոկ Հոլմս», «Աստղային ուղի» (Սթար թրեք) ֆիլմերի որոշ դրվագներ:

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Բայց այսօր ես ուզում եմ խոսել մի լուսանկարի մասին, որն արվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատմության դասագրքերից գիտեք, թե ինչ ծանր բաժին էր ընկել Լոնդոնին: Գերմանական ինքնաթիռները կանոնավոր ու տարիներ շարունակ ռմբակոծում էին Լոնդոնը: Լոնդոնցիներն աննկուն էին: Ռմբակոծությունից հետո դուրս էին գալիս, հավաքում զոհվածների դիակները, փլատակված փողոցներում շարունակում ապրել: Նրանք հավատում էին, որ մի օր իրենք հաղթելու են, պատերազմն ավարտվելու է: Ասելն իհարկե հեշտ է, բայց կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ էին զգում նրանք:

Ու ահա նման մի ռմբակոծության ժամանակ` 1940 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը, ինքնաթիռները իրենց ռումբերը կախեցին Սենթ Պոլի վրա: Ռմբակոծությունն աննախադեպ ուժգին էր, երկար, ժամեր շարունակ չէր ցրվում փոշու ամպը:

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Ես արդեն ասացի, որ տաճարը կառուցվել է Լոնդոնի ամենաբարձր կետում, հետևաբար տեսանելի էր քաղաքի տարբեր մասերից: Լոնդոնցիները շունչները պահած սպասում էին, թե երբ կցրվի խավարն ու փոշու ամպը: Տաճարի հանդիպակաց հատվածում ամպի ցրվելուն էր սպասում նաև լուսանկարիչ Հերբերտ Մեյսոնը: Ի՞նչ կտեսնեն լոնդոնցիները փոշու ամպի ցրվելուց հետո. տաճարի ավերակնե՞րը, որը բրիտանացիների համար կխորհրդանշեր Բրիտանիայի անկումը, կկոտրեր բոլորի ոգին: Սպասման լարված ժամեր… Երբ ամպը ցրվեց, երևաց Սենթ Պոլի վեհապանծ գմբեթը: Տաճարը կանգուն էր, ասես ազդարարում էր. «Ես ողջ եմ, ինձ հնարավոր չէ ծունկի բերել, վեր կացեք, լոնդոնցիներ»:

Չգիտեմ, ձեզանից ոմանք գուցե մտածեն, թե պատահականություն էր, ոմանք, թե` իսկական հրաշք, բայց մի բանում հաստատ բոլորը միակարծիք կլինեն. հնարավոր չէ կոտրել ժողովրդի ոգին, որն ուզում է ապրել և պայքարում է հանուն հայրենիքի և ապագայի: Եվ այդ ժամանակ անգամ քարեղեն կառույցները ասես մարդեղանում են, աննկուն ոգի ստանում ու պայքարում մեզ հետ: