Լոնդոնի զբոսայգիները

«Այգի զբոսնելու համար և անսահմանություն` խորհելու:  Կարո՞ղ էր արդյոք նա ավելին պահանջել: Մի քանի ծաղիկ ոտքերի տակ և աստղեր` գլխավերևում»,- սա Վիկտոր Հյուգոյի խոսքերն են: Այս պահին անգլիացի գրողի չհիշեցի, ով այգիների, զբոսայգիների մասին մի իմաստուն միտք ասած լինի: Բայց որ ասած կլինի, չեմ կասկածում, քանի որ եթե ապրել է Լոնդոնում, պարզապես իրավունք չունի չասելու:

Լոնդոնը աշխարհի մեծագույն մեգապոլիսներից մեկն է: Ենթադրաբար` պետք է լիներ աղմկոտ, փոշոտ, ծխի մեջ կորած: Բայց շտապեմ առարկել: Լոնդոնն աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկն է:  Եթե անգամ առանձնապես զբոսայգիների սիրահար չեք, լինելով Լոնդոնում, չեք կարող անտարբեր անցնել բոլոր այն զբոսայգիների կողքով, որոնք միավորում են Լոնդոնի թաղամասերը իրար: Չգիտեմ, գուցե սխալ եմ արտահայտվում, քանի որ հարյուրավոր հեկտարներ ձգվող զբոսայգիները, կարծես ոչ թե միավորում են, այլ իրենց շուրջն են հավաքում Լոնդոնի թաղամասերը:

Լռություն, մարգագետիններ, որտեղ կարելի է հենց նստել խոտերի վրա, դարավոր ծառեր, լճակներ, ճեմուղիներ, արձանիկներ, շատրվաններ, երբեմն միջնադարյան դղյակներ, ձիավարության, հեծանվորդների համար նախատեսված ճանապարհներ, խաղահրապարակներ, մարզադաշտեր, լռություն, հանգիստ, ոչ մի սրճարան, ոչ մի կոմերցիոն տարածք… Այստեղ միայն հանգստանում են: Ցավով փաստեցի, որ Երևանի գողտրիկ կանաչ անկյունները վաղուց չկան, կամ այնքան են կառուցապատվել, որ միայն անունն է մնացել զբոսայգի:

Նրանք, ովքեր իրենց սրճարանը հենց զբոսայգու սրտում են կառուցել, երևի չհասկանան լոնդոնցիներին, որոնք հարյուրավոր հեկտարները քաղաքի հենց սրտում չեն դարձրել շահույթի աղբյուր: Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ, որ Լոնդոնն աշխարհի ամենաթանկ քաղաքներից է, որտեղ անշարժ գույքը աստղաբաշխական թվերի է հասնում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում կտրել ծառերը «էլիտար» շենքեր կառուցելու համար: Փոխարենը ամեն ծառուղում դրված նստարանի վրա կարող եք կարդալ, թե ում հովանավորությամբ է տեղադրվել այն, կամ ի հիշատակ ում:

Ես լուսանկարիչ չեմ, բայց փորձել եմ մի քանի լուսանկար անել իմ այցելած զբոսայգիներից` Քենսինգթոնյան այգիներ, Հայդ պարկ, Ռեջենթ պարկ, Հալլանդ պարկ, Գրինվիչ…

Եթե կհետաքրքրի, կարող եմ ամեն մեկի մասին պատմել, կամ էլ կարող եք ինքներդ որոնել տեղեկություններ:

Հա, ու ինչ էի ուզում ասել. գուցե հենց դուք լինեք այն սերունդը, որ կստեղծի հայաստանյան անկրկնելի զբոսայգիները: Ի դեպ հիշատակի հավերժացման լավագույն ձևն է: Չե՞ք հավատում: Հիշեցնեմ. Խոսրով թագավորը այդ ե՞րբ էր, որ հիմնեց Խոսրովի անտառը: Ի դեպ, Լոնդոնի զբոսայգիներն էլ ժամանակին հիմնել են արքաները իբրև որսատեղի, բայց հետագայում դրանք բացվել են լոնդոնցիների առաջ, դարձել սիրելի զբոսավայրեր:

Մի բան էլ հիշեցի մեր գրիչներից, ձեռագիր մատյանի լուսանցքում արված մի գրություն.

«Մաշի ձեռս, դառնա ի հող,

Գիրս մնա հիշատակող…»

Այգիներ հիմնելու ժամանակն է: