laura sekoyan

«Լույսերը տարան»

Երևի մեկ շաբաթ առաջ էր։ Սովորական երեկո էր, նստած դասերն էինք անում, երբ հանկարծ «լույսերը տարան»։ Մտածեցինք, թե վթար է եղել, և այդ պատճառով են լույսերը տարել։ Բայց այդ անլույս իրավիճակը մի փոքր երկար տևեց։ Դուրս եկանք և տեսանք, որ գյուղում ընդհանրապես լույս չկա, և այնքան ձյուն էր եկել, որ գյուղը ծածկվել էր սպիտակով։ Սա այն եզակի օրերից էր, որ դասերը կիսատ թողած՝ ամբողջ տնով մոմ էինք ման գալիս։ Գտանք… Եվ մեր գտած մոմն այնքան փոքր էր, որ տասնհինգ րոպեից հետո նորից մոմի որոնումների մեջ էինք։ Այս անգամ մոմ չգտանք։ Տատիկը, հիշելով իր ապրած մութ ու ցուրտ օրերը և օգտվելով մթությունից, պատմում էր, որ իրենք մոմ չլինելու դեպքում հին վառած մոմերը հալեցնում էին, հաստ թել էին դնում մեջտեղում և նոր մոմ ստանում։ Մենք էլ որոշեցինք նույնն անել։ Իհարկե, շատ լավ չստացվեց, բայց ամեն դեպքում՝ այն լույս էր տալիս։ Այդ լույսի տակ մենք հասցրինք տնայինները գրել, իսկ չսովորած դասերն այդպես էլ մնացին չսովորած։

Երբ սեղանին այլևս գիրք ու տետր չկար, ամենքս նստեցինք մի անկյունում ու սկսեցինք խոսել։ Ես ու եղբայրս հարցեր էինք տալիս տատիկին, թե ինչ էին անում երեկոյան ժամերին, ինչպես էին հասցնում դաս կամ որևէ գործ անել։ Տատիկս առանց շտապելու պատասխանում էր բոլոր հարցերին, պատմում էր հետաքրքիր պատմություններ։ Այդ մթությունից և անգործ վիճակից բոլորիս քունն սկսեց տանել։ Պառկեցինք քնելու։

Ինչպես միշտ, բոլորը քնել էին՝ բացի ինձնից։ Սովորականի պես մտքումս վերլուծում էի օրս։ Եվ ինձ համար հասկանալի դարձավ մի պարզ բան, որ նախկինում մութ ու ցուրտ տարիների մասին պատմություններին մեր սերնդի բոլոր ներկայացուցիչները թերահավատորեն էին մոտենում։ Մեզ պետք էր ընդամենը մի այդպիսի առիթ, որպեսզի մենք էլ հասկանայինք, թե ինչ ճանապարհ են անցել մեր տատիկները, պապիկները, ծնողները և արդեն մենք։