Լույսի ու հույսի Շենիկ

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Եթե երբևէ եղել ես մեր գյուղում՝ Շենիկում, հատկապես՝ գիշերը, քեզ դիմավորել են մի շարք թափառական շները, ամեն փողոցի ծայրում վառվող մի փոքրիկ լույսն ու համատարած լռությունը:

Լույսերը վառվում են: Սա իմ գյուղն է, արդեն՝ լուսավոր: Մեկ շաբաթ առաջ գյուղում գիշերային լույսեր են տեղադրվել: Ոնց գյուղացիք են ասում. «Բա չհելնե՞նք Հյուսիսային պողոտա»:

Սա մեր Հյուսիսային պողոտան է: Իհարկե, այստեղ չկան բրենդային խանութներ (Սուսան տոտայի խանութը հաշիվ չի), ասեմ ավելին՝ չկան նաև ամենուր շրջող օտարերկրացիներ, և որ ամենակարևորն է՝ սա ամենևին էլ Հյուսիսային պողոտան չէ:

Դու չես հավատա, բայց այժմ գյուղում կարելի է ման գալ առանց հեռախոսի լույսի, կարելի է տեսնել 50 մետրից քեզ մոտեցող շներին (սա օգնում է արագ փախուստ կազմակերպելուն), կարելի է շատ ուշ ժամերի զբոսնել գյուղում (լավ, էս մեկը չափազանցրի):

Ինչևէ, ուրիշ բան էի ուզում ասել: Եթե քաղաքում ապրողները զարմանում են անլույս փողոցների վրա, մենք զամանում ենք հասարակ լույսի վրա: Էլ ի՞նչ է պետք գյուղացուն, եթե ոչ «լույս»:

Մենք էլ ենք ուզում ապրել լույսի մեջ, մենք էլ ենք ուզում, որ գյուղը չդատարկվի, մենք ուզում ենք, որ գյուղացին դեպի քաղաքի լույսը չվազի, որ տների լույսերը չմարեն, որ լույսը հույս դառնա ու ցրի խավարը, անվերջ ու անլույս խավարը: