Պեր Լաշեզ` մեռյալների քաղաք

Պեր Լաշեզը Փարիզի ամենամեծ գերեզմանատունն է։ Տեղացիներն այն անվանում են «La cité des morts» (մեռյալների քաղաք)։ Այն իսկապես փոքրիկ քաղաք է իր փողոցներով ու թաղամասերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համարը։ Մուտքի մոտ քարտեզի օգնությամբ կարող եք գտնել՝ որ թաղամասում ում գերեզմանը կամ էլ ընտանեկան դամբարանն է գտնվում, որոնց զարդանախշ դռների ներսից երևում են խորհրդավոր վիտրաժները։

Զբոսաշրջիկների մեծ մասն այստեղ է գալիս տեսնելու Ֆրեդերիկ Շոպենի, Ժորժ Բիզեի, Մոլյերի, Օսկար Ուայլդի, Ջիմ Մորիսոնի, Էդիթ Պիաֆի, Մարսել Պրուստի և այլ նշանակավոր արվեստագետների, գրողների, հասարակական գործիչների, կոմպոզիտորների գերեզմանները։

 

Փարիզեցիներն էլ սիրում են այստեղ գալ՝ զբոսնելու, կտրվելու առօրյա աղմուկից, միայնակ մնալու ինքներն իրենց հետ։ Տեղն իսկապես նման չէ ոչ մի այլ վայրի։