Լուսանկարչությունը դռներ է բացում…

Երբ առաջին անգամ օգտագործեցի հեռախոսիս ֆոտոխցիկը, մտքովս անգամ չանցավ, որ ես կցանկանամ լուսանկարչությամբ զբաղվել և դրա միջոցով փոխել մարդկանց կամ ինձ շրջապատող հասարակությունը: Ես այն ժամանակ ամեն ինչից գոհ էի (թող տպավորություն չստեղծվի, թե հիմա դժգոհ եմ), ինձ ամեն ինչ սովորական էր թվում, և ես ինչ-բան փոխելու կարիքը չէի զգում: Եվ անգամ չէի էլ մտածի, որ մի օր կարժանանամ մրցանակի այն լուսանկարների համար, որոնք իմ մի մասն են կազմում: Եվ այդ գնահատանքը կլինի ոչ թե իմ հարազատի, ընկերոջ կամ որևէ մեկի կողմից, ով ինձ ճանաչում է, այլ մի մարդու` ով զբաղվում է լուսանկարչությամբ, հասել է մեծ հաջողությունների և ով ինձ պես ապրում է լուսանկարչությամբ:

Այդ մարդը ինձ համար դարձավ Նազիկ Արմենակյանը: Նա առանց ինձ ճանաչելու, իմանալու` իմ ով լինելը, բազմաթիվ թղթակիցների լուսանկարներից ընտրել էր հենց իմ լուսանկարները: Չգիտեմ, դա մի ուրիշ զգացողություն է` գնահատված լինել մասնագետի կողմից: Նամանավանդ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նայում է քո լուսանկարները և ասում. «Հա, լավ, էս իբր խի՞ ես նկարել, ինչիդ ա, մեկ ա՝ էս երկրում առանց փողի բանի չես կարա հասնես», իսկ մեկ ուրիշը կարող է նայել բազմաթիվ լուսանկարներ և առանձնացնել հենց քոնը:

Ցուցահանդեսում ևս ներկայացված էին իմ լուսանկարներից, որը նույնպես գնահատական և պարգևատրում էր ինձ համար այս անգամ արդեն իմ սիրելի «Մանանայի» կողմից, երբ մյուսների լուսանկարների հետ միասին բազմաթիվ հյուրերի դատին հանձնվեցին նաև իմ լուսանկարները:

Բացի դրանից կցանկանայի առանձնացնել հատկապես մի հետաքրքիր երևույթ: Ես շատ եմ սիրում թեյի բաժակներ և նոթատետրեր ու արդեն բավականին մեծ տեսականի ունեմ: Եվ շատ հաճելի էր ստանալ նվեր այն երկու բաները, որոնք ես այդքան շատ եմ սիրում: Հիմա դրանք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ մեծ տեսականու շարքում:

Երբ սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը, ամեն մեկն իր խոսքն ասաց, և հերթը ժյուրիի անդամ Նազիկ Արմենակյանինն էր: Նա ևս ասաց իր խոսքը և հասավ այն պահը, երբ պատրաստվում էր ասել, թե ով է իր նախընտրած թղթակիցը.

-Բոլորն էլ լավ էին, բայց ինձ համար առանձնացրեցի մի աղջկա:

«Կարող ա՝ ես եմ, ասեց աղջիկ, չէ հա, դժվար թե, էնքան լավ աղջիկ նկարողներ կան, չէ, ես չեմ»,- ինքս ինձ հետ ակտիվորեն վիճում էի ես:

-Ինձ հատկապես դուր եկավ մարդկանց լուսանկարելու նրա մոտեցումը:

«Կարող ա ամեն դեպքում ես լինեմ, է չէ, ինչ եմ մեծ-մեծ բաներ մտածում, հաստատ ես չեմ»,- ինքս ինձ շարունակում էի հանգիստ չտալ:

-Հռիփսիմե Եղիազարյան,- վերջապես Նազիկ Արմենակյանը հնչեցրեց իր նախընտրած թղթակցի անուն-ազգանունը:

«Ե՞ս, ե՞ս, հաստա՞տ ես եմ, կարող ա՞ սխալ լսեցի, չէ, ես էի, հիմա ինչ անեմ, ոնց գնամ, բա որ չիմանամ՝ բեմի որ կողմից բարձրանամ (հենց սկզբից վատ տեսողությանս պատճառով անհագստանում էի, որ եթե անհրաժեշտություն լինի բեմ բարձրանալ, որ կողմից եմ բարձրանալու և այդպես էլ չէի գտել աստիճանները), իսկ եթե ինչ-որ բան էն չանեմ»,- իրար հերթ չտալով մեկը մյուսի հետևից մտքեր էին գալիս և գնում, երբ ոտքերս արդեն ինձ առաջ էին տանում:

Ճանապարհի կեսն անցնելով, չգիտեմ ինչու, նոր մտքեր եկան և շփոթեցրեցին ինձ. «Կարող ա պետք ա չբարձրանամ բեմ», ու մի պահ կանգնել էի, սակայն երբ հասկացա, որ ինձ են սպասում, արագ շարունակեցի ճանապարհս և նույնիսկ տեսա այն աստիճանները, որոնք ինձ այդքան անհանգստություն էին պատճառել: Դրանք այն երեք-չորս աստիճաններն էին, որոնք ինձ տանելու էին իմ առաջին մրցանակի հետևից (առաջին մրցանակը միշտ էլ ամենաթանկն ու հիշարժանն է լինում) և առաջինները այն բազմաթիվ աստիճաններից, որոնք ինձ պետք է տանեին իմ երազանքի հետևից: Ես արդեն բեմի վրա էի. Նազիկ Արմենակյանը կարդաց ինձ ուղղված իր խոսքերը. «Լուսանկարչությունը դռներ է բացում», շնորհավորեց և ինձ հանձնեց իր հեղինակած «Վերապրածներ» գիրքը: Ես իջա բեմից և միայն այն ժամանակ կարողացա հանգիստ շունչ քաշել, երբ արդեն նստած էի աթոռիս` ընկերուհուս կողքին (ում շնորհիվ իրականություն էր դառնում իմ երազանքը), և այս անգամ մտքերս պատերազմի մեջ չէին, միայն մտածեցի. «Ինչ լավ ա, ամեն ինչ հաջող անցավ»: Ականջներումս Նազիկ Արմենակյանի խոսքերն էին. «Լուսանկարչությունը դռներ է բացում»… Եվ իրոք, այն ինձ համար բացեց իմ առաջին հաջողության դուռը և գուցե էլի շատ դռներ կբացի, բայց ես միայն իմ մասին չէ, որ մտածում էի: Ես ցանկանում եմ, որպեսզի լուսանկարչության միջոցով ես այդ դռները բացեմ նաև մյուսների համար` նրանց օգնելով:

Երբ հասա տուն, տատիկս ուրախ-ուրախ շնորհավորեց ու ասաց. «Արաքսիին ասել եմ, որ մրցանակ ես ստացել: Հեսա սաղ գյուղը ռեկլամ կանի»: Ահա այպիսին էր «իմ Օսկարի պատմությունը»: