VHN_2120

Լուսանկարչությունը ոգեշնչման աղբյուր է

Գեղեցիկի ընկալումը, այն յուրովի տեսնելու և հավերժացնելու ձիրքը ոչ բոլորին է շնորհված: Կան մարդիկ, ովքեր անգամ գեղեցիկն անմահացնելու համար չեն խնայում ժամանակ, էներգիա, չեն մտածում դժվարությունների և խոչընդոտների մասին: Ահա այսպիսի բնորոշումով էլ մի լուսանկարիչ, ով ջանք ու եռանդ չի խնայում, որ հասարակ, կամ այլ կերպ ասած` ոչ բոլորին հասանելի գեղեցկությունն ավելի տեսանելի և հասանելի դարձնի:

֊Վահան Աբրահամյան անունը հայտնի է գրեթե ցանկացած վանաձորցու և ոչ միայն։ Դժվա՞ր էր այն ճանապարհը և այն ժամանակահատվածը, որի միջով անցել եք:

֊Անուն կերտելը դժվար է ու ժամանակատար, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ տարիներ ի վեր կատարած աշխատանքիս հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, սերը ու հարգանքն ի վերջո հանգեցին ճանաչված լինելուն։ Եթե մարդ անմնացորդ նվիրվում է իր գործին, արդյունքը չի ուշանում։

֊Ինչո՞ւ և ե՞րբ որոշեցիք զբաղվել լուսանկարչությամբ:

֊Լուսանկարչությունը դեռևս փոքր ժամանակ հետաքրքրել է ինձ, անհավանական չթվա, բայց 5-6 տարեկանից գրավիչ է եղել, մանավանդ, որ բազում խաղալիքներիս մեջ կար իսկական Свема ֆոտոխցիկ, որի նկարած ժապավեններն էլ լուսահոգի հայրիկս տպում էր։ Այն ժամանակ դա մի խորհրդավոր արարողություն էր, մութ սենյակում կարմիր լույսի առկայությամբ հատուկ մեծացնող սարքի օգնությամբ ֆոտոթղթի վրա երևակվում էր սև֊սպիտակ նկար։ Այդ գործողությունը հայրս երբեմն ինձ ու քրոջս էր վստահում։ Մենք մեզ հրաշագործի տեղ էինք դնում։ 9 տարեկան էի, երբ հայրս գնեց FED-5V ֆոտոխցիկ, որն արդեն անբաժանելի ընկերս էր։ Երևի այսպես սկսվեց սերը լուսանկարչության հանդեպ։ Ի դեպ, վաղամեռիկ քեռի ունեի՝ Կարեն Հարությունյան, 15 տարեկանում է մահացել, նա էլ դեռևս 60-ական թվականների վերջին, 70-ականների սկզբին, գունավոր նկարներ է նկարել ու ինքն էլ տպել, կինոժապավեններ նկարել ու գրավել է ժամանակի օպերատորների ուշադրությունը, իմ կարծիքով նաև գեներով է ինձ անցել տեսա և լուսանկարչության հանդեպ սերն ու հետաքրքրությունը։

VHN_1483

֊Ո՞րն է Ձեր մանկության երազանքը։ Հասե՞լ եք դրան, կամ դեռևս աշխատո՞ւմ եք այդ ուղղությամբ, և արդյոք լուսանկարչությունը կար Ձեր մանկության երազանքներում։

֊Փառք աստծո, ունեցել եմ լավ մանկություն, լավ ընտանիք ու հարազատներ, ընկերներ, որոնց շնորհիվ էլ մանկությունս և պատանեկությունս անհոգ է անցել։ Հետաքրքրվել եմ ամեն ինչով՝ լինի դա աշխարհագրություն, աստղագիտություն, բուսաբանություն, քիմիա, զբաղվել եմ սպորտով։ Ինչպես ամեն մի երեխա, ես էլ երազել եմ դառնալ տիեզերագնաց, բժիշկ֊վիրաբույժ, ճարտարագետ, գնացքի մեքենավար, երգեհոնահար, այս շարքը կարելի է էլի թվել։ Բայց միշտ երազել եմ լինել լավ մարդ՝ մեծերից լսելով, որ նախ պետք է մարդ լինել, նոր որևիցե մասնագետ, իմ մեջ դա մանկուց է տպավորվել։ Երազանքներ շատ ունեմ, նշեցի, որ աշխարհագրություն շատ եմ սիրում, քարտեզներ էլ շատ եմ ունեցել և միշտ ինձ մտահոգել է, որ Մեծ Հայքից մնացել է 10 անգամ ավելի փոքր տարածք։ Երազել եմ ապրել և ունենալ ծովից ծով Հայաստան։ Լուսանկարչության մասին այն ժամանակ շատ լուրջ չեմ մտածել։

֊Ո՞վ կամ ի՞նչն է եղել Ձեր ոգեշնչման աղբյուրը: 

֊Իմ ոգեշնչման աղբյուրը բնությունն է, երկինքն է՝ իր աստղազարդ ու  անձեռակերտ հրաշքներով, վերջապես՝ իմ երևակայությունն է։ Լինելով երազկոտ և վառ երևակայություն ունեցող անձնավորություն՝ միշտ յուրովի եմ տեսնում և ընկալում ցանկացած երևույթ և դրանք լուսանկարների տեսքով հրամցնում եմ հանդիսատեսին։

֊Կարծում եմ՝ շատերին է հետաքրքիր, թե որքան ժամանակ է պահանջում Ձեզնից մեկ լուսանկարը վերջնական տեսնելը (նկարելու ընթացքը, խմբագրումը, և այն բոլոր կետերը, որոնք պահանջվում են մեկ լիարժեք լուսանկար ստանալու համար)։

֊Լուսանկար մշակելը շատ ժամանակ չի խլում, որովհետև տեխնիկապես գրագետ եմ նկարում, երկրորդ՝ երկար մշակելու դեպքում ժամանակս չի հերիքի մյուս նկարներն էլ մշակեմ։ Մեծ մասամբ թողնում եմ այնպես, ինչպես կա, RAW ֆորմատի դեպքում, որը հում ֆայլն է և պարունակում է հսկայական ինֆորմացիա նկարի լուսա–գունային ու այլ պարամետրերի մասին, 2-3 րոպեն չի գերազանցում։ Դիմանկարները ավելի երկար են մշակվում, կախված՝ ինչ առաջադրանք է դրված իմ առջև, ընդհուպ մինչև 25-30 րոպե (մաշկի մաքրում, կոնտուրների հստակության փոփոխություն և այլն):

֊Ո՞վ կամ ի՞նչն է, որ միշտ գտնվում է Ձեր տեսախցիկի և Ձեր ուշադրության կենտրոնում։

֊Ուշադրությանս կենտրոնում մարդն է, բնությունն իր բազմազանությամբ և ցանկացած հետաքրքիր ու արտաքո երևույթ։ Լուսանկարչի խնդիրն է գտնել ու ներկայացնել հանրությանն այն երևույթն ու իրադրությունը, որը չեն տեսնում մնացած մարդիկ, ինչպես նաև տարբեր իրադարձությունների լուսաբանումը։

֊Ովքե՞ր են Ձեր լսարանում, ո՞վ է Ձեր հանդիսատեսը:

֊Իմ հանդիսատեսն ամեն տարիքի ու մասնագիտության մարդիկ են, տարբեր երկրներում ու բնակավայրերում ապրող։ Չմանրանամ, պարզապես ասեմ՝ բոլոր ոլորտներից էլ կան։ Ի դեպ, շնորհակալ եմ հանդիսատեսիս՝ իր անաչառ ու ճշգրիտ գնահատանի և քննադատության համար։

VHN_9111

֊Ըստ Ձեզ, հասարակությունը արդյոք ճանաչում և գնահատում է լուսանկարչությունը՝ որպես արվեստի կարևորագույն ճյուղերից մեկը:

֊Լուսանկարչությունը վաղուց է մտել հանրության կյանք և իր ուրույն դերն ու նշանակությունն ունի՝ ամենալայն իմաստով։ Բացի արվեստի ճյուղ լինելը՝ դրա միջոցով բազմաթիվ խնդիրներ են լուծվում։ Շատ ժամանակ երկար ու ձիգ նախադասությունների փոխարեն 1-2 լուսանկարով ավելին ես պատմում և ցուցադրում, այդպիսով կարևորում ես նկարը։

֊Ի՞նչ է պահանջում այսօրվա հասարկությունը, ի՞նչ տեսակ լուսանկարներն են, որ ավելի են ընդունված ներկա ժամանակներում:

֊Լուսանկարչությունը բազմաժանր է, հետևաբար ամեն մեկն իր համար հետաքրքիր թեմա գտնում է և զարգացնում։ Դիմանկարչությունն ու բնանկարները բավականաչափ տարածում ունեն, ինչպես նշեցի՝ տարատեսակ թեմաներով հասարակությունը միշտ է հետաքրքրված, չեմ ուզում որևէ ոլորտ առանձնացնել։

֊Ո՞րն է Ձեր ամենասիրելի լուսանկարը, որի հետ կապված ունեք և՛ լավ հիշողություններ, և՛ միգուցե հետաքրքիր պատմություն՝ կապված լուսանկարի ստեղծման հետ:

֊Ամենասիրելի լուսանկարներից են հարազատներիս կադրերը, որոնք արդեն կյանքից վաղաժամ հեռացել են։ Ամենասիրելի նկարներից են սիրահար զույգը նստած Բաթումիի ծովափին։ Մոտ 200 մետր հեռվից նկատելով մայրամուտի ֆոնին այդ զույգին՝ մարդկանց զարմացած հայացքի ուղեկցությամբ վազեցի լողափ և ակնթարթորեն նկարեցի մտքումս արդեն նկարված կադրը։ Ինչ վերաբերում է ամենալավ կոչվածին, ես իմ բոլոր նկարներն եմ սիրում։ Դրանք հոգեզավակներ են և ամեն մեկի կերտումն էլ յուրովի է եղել։

VHN_0458

֊Ավելի հակված եք ինքնե՞րդ որոշել Ձեր լուսանկարների վերնագրերը, կամ որևէ մեկնաբանություն թողնել, թե՞ դա թողնում եք Ձեր լսարանի դատին:

֊Նկարները հիմնականում վերնագրում էր վաղամեռիկ քույրս, ես չեմ սիրում վերնագրել։ Իրավիճակից ելնելով՝ երբեմն վերնագրում եմ կամ դիմում եմ ընկերներիս օգնությանը։

֊Ցանկացած ձեռքբերում շատ կարևոր է՝ լինի փոքր, թե մեծ։ Որո՞նք են Ձեր ձեռքբերումները, և ի՞նչ հաջողություններ եք գրանցել։

֊Ցանկացած ձեռքբերում նոր ուժ և կորով է տալիս, դա բնական է։ Նշեմ, որ հազվադեպ եմ մասնակցում ցուցահանդեսների, մրցույթների։ 2008-ին մասնակցել եմ ALMA.ORG Ամերիկայի հայկական գրադարանների միության կողմից կազմակերպված մրցույթին, 2 նկար Բոստոնում ցուցահանդես֊վաճառքին մասնակցեցին։ 2010-ին Կիևի մետրոպոլիտ Վլադիմիրի այցը լավագույնս լուսաբանելու համար Պատրիարքարանից Օրհնության գիր ստացա։ 2015-ին մեր նախագահականից լուսանկարներ գնեցին և ցուցադրեցին Ռումինիայում, Բուլղարիայում, Հայաստանը լավագույն ներկայացնելու համար շնորհակալագիր ստացա։ Ցուցահանդեսներ եմ ունեցել Դրեզդենում, Մոսկվայում, եվրոպական մի շարք երկրներում, հարավ-ամերիկյան երկրներից Բրազիլիայում և Արգենտինայում, Ղազախստանում, ինքս չեմ մեկնել, պարզապես ֆայլերն ուղարկել եմ և տեղում տպագրվել են։ Օրեր առաջ հաճելի լուր ստացա 5TH 35 AWARDS INTERNATIONAL PHOTOGRAPHY AWARD մրցույթից, դասվեցի Հայաստանի լավագույն 35 լուսանկարիչների շարքին, սերտիֆիկատ ստացա մի քանի լուսանկարիչ ընկերներիս հետ միասին, որոնց նույնպես սրտանց շնորհավորում եմ։

35AWARDS Certificate

֊Ո՞րն է եղել Ձեր կյանքի շրջադարձային պահը:

֊Իմ կյանքի շրջադարձային պահը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժն էր, որն ավերեց հայրենիքիս մի ստվար զանգված և խեղեց բազում ճակատագրեր։ Դրանից հետո մեր կյանքը անչափ բարդացավ և դժվարացավ, որն իր անջնջելի հետքը դրեց հետագայի վրա։ 

-Եղե՞լ են մարդիկ, ովքեր ամեն գնով Ձեզ փորձել են ոգևորել, և արդյոք եղել են մարդիկ ովքեր չեն հավատացել Ձեզ, և հակառակ օգնության կամ ոչինչ չանելուն՝ խանգարել են:

-Առաջին օգնողն ու ոգևորողը եղել են ծնողներս, քույրս, որոնք ավաղ, հիմա չկան։ Ինձ միշտ ոգևորել են մտերիմներս, որոնց շնորհակալ եմ։ Խանգարողներ ամեն գործի մեջ կան, բայց ես դա չեմ զգացել, ինքս նպատակասլաց եմ, եթե մի բան մտադրում եմ, անպայման կատարում եմ և հասնում դրան։ Երևի հենց այդ բնավորության գծի պատճառով ես չեմ զգացել կամ անտեսել եմ այդպիսիներին, չնայած չեմ հիշում որևէ մեկին, որն ինձ ուզենար խանգարել։ Ես միշտ բարեկամներ եմ վաստակել, թշնամիներ՝ ոչ, փառք Աստծո։

֊Եթե ոչ լուսանկարչություն, ապա…

֊Լուսանկարչությունը երկրորդ մասնագիտություն լինելով իշխում է մյուսների վրա։ Առանց դրա տխուր կլիներ կյանքը, չնայած՝ ինքս ավարտել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտի Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը և հայկական բանակում ծառայելուց հետո անցել եմ աշխատանքի Վանաձորի Կապի միավորումում, այժմ էլ Բիլայնում թվային հեռախոսակայանի ավագ ճարտարագետ եմ։ Նշեմ, որ շատ եմ սիրել նաև դասախոսի մասնագիտությունը, բայց կրկնում եմ՝ լուսանկարչությունից հեռու ինձ չեմ պատկերացնում։ Տեսնելով ինձ՝ բազմաթիվ անձինք նույնպես «վարակվեցին» լուսանկարչության «ցավով» և իրենց գործերով ապացուցում են դա։ Լուսանկարչությունն այն մասնագիտությունն է, որ ինքդ հաճույք ես ստանում և դրա համար քեզ նաև վճարում են։

VHN_9918

֊Ցանկացած մարդ իր կյանքում ունի կանաչ կետ, որին ձգտում է ամեն գնով հասնել, արդյոք Դուք հասել եք այդ կետին:

֊Այդ կանաչ կետին չեմ հասել ու աստված գիտի՝ կհասնեմ, թե ոչ։ Դա արդեն անձնական տրիույթում է։

֊Որոնք են լինելու Ձեր հաջորդ քայլերը:

֊Կյանքը հիասքանչ է և շարունակվում է։ Կաշխատեմ նոր հաջողությունների հասնել և հայրենիքիս գեղատեսիլ վայրերը ցուցադրել բազմամիլիոնանոց աշխարհին։

֊Եվ վերջին, սակայն կարևոր հարցը, լուսանկարչությունը Ձեզ համար…

֊Ոգեշնչման աղբյուր է և ազատ ինքնաարտահայտման ձև, հանգստանալու և գեղեցիկը փոխանցելու միջոց, անչափ կարևոր է, որ հանդիսատեսին այն փոխանցի այն զգացողություններն ու էներգիան, որ ես եմ զգում։