Լուսավոր սահման

Երբևէ լսածս ամենալուսավոր, բարի ու հետաքրքիր նախաձեռնություններից մեկը՝ «Լուսավոր սահման»։ Նախաձեռնությանը հետևում եմ դեռ ամենասկզբից և ուղղակի համոզված էի, որ այն երկար կյանք կունենա ու շարունակական բնույթ կկրի, որովհետև մարդիկ անում են շատ կարևոր ու լավ մի բան։ Կանգնում են սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացիների կողքին, նրանց օգնության ձեռք մեկնում ՝ընտրելով ամենաարդյունավետ միջոցն ու այն երկարատև դարձնելով։ Նվիրում են «լույս»։ Հետաքրքիր է, չէ՞, լույս են նվիրում։ Դե եթե հաշվի առնենք, որ լամպը հենց լույսն է, ուրեմն իրոք՝ լույս են նվիրում։ Բազմաթիվ կամավորների ու նույնիսկ օտարերկրացիների գրեթե ոչինչ չի խանգարում «լույսը» հասցնել սահման։ Ո՛չ վատ եղանակը, և ո՛չ էլ վթարը։ Հենց դա էր պատճառը, որ այդպիսի հետաքրքրությամբ էի լցված այս ծրագրի հանդեպ։

Վերջերս մի շատ հետաքրքիր զրույց ունեցա «Լուսավոր սահման» նախաձեռնության համակարգող, «Երիտասարդ ինժեներների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Կարապետյանի հետ, ով ավելի մանրամասն պատմեց նախաձեռնության մասին։

-Ո՞րն է «Լուսավոր սահման» նախաձեռնության նպատակը:

-Ծրագրի նպատակն է՝ մեղմել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը` ամեն ընտանիքի նվիրելով հինգ լուսադիոդային լամպ, հինգ հատ, որովհետև լամպերն ամենաօգտագործվող տեղերում տեղադրելով, մարդը զգալի խնայողություն կնկատի ու հետագայում, ցանկության դեպքում, արդեն կարող է ինքն իր միջոցներով փոխարինել լամպերն ու այդ խնայողությունները ծախսել այլ նպատակների վրա։ Ասեմ, որ բոլոր լամպերն ունեն երեք տարվա երաշխիքային սպասարկում: Լամպերը մատակարարներից գնելու դեպքում պատահականության սկզբունքով վերցվում են մի քանիսն ու ստուգաչափվում, որպեսզի տեսնենք, թե տուփի վրա առկա տվյալները արդյո՞ք համապատասխանում են իրականությանը։ Բացի այդ, այն մատակարարները, որոնք համապատասխանում են մեր տեխնիկական չափանիշներին, կարող են գնային առաջարկ տալ և մասնակցել մրցույթին։ Այսինքն, մշակվել են մինիմալ չափանիշներ լուսադիոդային լամպերի գնման համար, որոնցից ցածր չափանիշների դեպքում գնելն ուղղակի նպատակահարմար չի։

-Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ու՞մ առաջարկով:

-«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնության միտքն առաջացել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումների հետևանքով, որպեսզի փորձենք ձեռնարկել քայլեր, որոնք կմեղմեն հատկապես թիրախային համարվող սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների վիճակը։ Գաղափարը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանինն էր։

-Ովքե՞ր և ինչ կազմակերպություններ են իրականացնում նախաձեռնությունը։

-Տարբեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք գաղափարը, և մի քանի կազմակերպություններ միանալով պարոն Հարությունյանի կոչին՝ այսօր «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունն իրականացնում են «Երիտասարդ ինժեներների ասոցացիա» ՀԿ-ն, «Շտիգեն» արևային էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կազմակերպությունը և «Սահման» ՀԿ-ն։

-Ե՞րբ տրվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։

-Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2016 թվականի նոյեմբերի 9-ին, դեկտեմբերի 10-ին լուսադիոդացվել է առաջին գյուղը՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրը։ Ու դրանով էլ սկսեց նախաձեռնությունը շարունակական բնույթ կրել։ Արդեն Հայաստանի Հանրապետությունում լուսադիոդացվել են տասը սահմանամերձ համայնքներ ու գյուղեր, իսկ երկուսն էլ Արցախում՝ Թալիշն ու Մադաղիսը։

-Ովքե՞ր են սովորաբար լինում ծրագրի մասնակիցները։

-Ծրագրի մասնակիցները երեք կառույցների աշխատակիցներն են, մեզ աջակցում է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը, բազմաթիվ ընկերություններ, ունենք ֆինանսական աջակիցներ, կամավորներ, ովքեր գալիս են մեզ հետ գյուղ։ «Լուսավոր սահման» նախագծի պայմաններում յուրաքանչյուրը փորձում է օգնել ինչով կարող է. տրանսպորտի հարցերով, կայքի սպասարկմամբ, նյութերով, ֆոտոներով, ֆինանսական աջակցությամբ։ Ֆինանսական աջակցությունը հիմնականում ստանում ենք նվիրատվություններից, որոնք կատարվում են առցանց տարբերակներով, վճարային տերմինալներով։

-Ինչպիսի՞ն է լինում սովորաբար գյուղացիների առաջին ռեակցիան, երբ իմանում են անցկացվող ծրագրի մասին։

-Մինչև գյուղ գնալը մենք տվյալներ ենք հավաքում, որպեսզի գործող տնային տնտեսություններին աջակցենք: Այսինքն, այն տնային տնտեսությունները, որոնք տարին մի անգամ են այնտեղ բնակվում, իրենք չեն ստանում, քանի որ մեր նպատակն է աջակցել հենց գյուղում ապրողներին։ Գյուղում ապրողները առաջին հերթին ոգևորվում են մեծ ուշադրությունից, որովհետև իրենց համար շատ կարևոր է զգալ, որ մենակ չեն։ Իհարկե, ամսվա վերջում խնայողության չափը տեսնելով, կրկնակի ոգևորություն են ապրում։ Հետագայում, երբ անցնելով լուսադիոդացված գյուղերի միջով, երբ գնում ենք նոր գյուղեր, կանգնում ենք, հարցուփորձ անում ու տեսնում, որ մարդիկ շատ գոհ են: Հատկապես գոհ են լինում, երբ տեսնում են, որ երաշխիքային սպասարկումն աշխատում է, քանի որ այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի վիճակը որոշ տեղերում այնքան էլ բարվոք վիճակում չէ, ու այդ պատճառով լամպեր կան, որոնք փչանում են, բայց մատակարար ընկերությունները սիրով փոխարինում են դրանք նորերով։ Այսինքն, մարդիկ տեսնելով, որ գոյություն ունի մեխանիզմ, որն աշխատում է, մեծ ոգևորությամբ են լցվում։

-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են գրանցվել ծրագիրն իրականացնելիս։

-Բնականաբար հետաքրքիր դեպքեր շատ են եղել։ Մեզ հետ արտասահմանից են մասնակիցներ եղել։ Վերջին անգամ, երբ Մովսես գյուղ էինք այցելել, մեզ հետ եկան ամերիկահայեր, ովքեր շատ ոգևորված էին ու նպատակադրված հաջորդ տարի ևս մեզ միանալու։ Իսկ առաջին այցի ժամանակ մի գերմանացի կար մեր մասնակիցների մեջ, ով մեզ հետ գյուղ գալով մասնակցեց գործընթացին, հասկացավ գործընթացի նպատակը, իմաստը և շատ ոգևորված գնաց Հայաստանից։ Դժվարություններ էլ են եղել, բայց քանի որ լավ նպատակով ենք ճանապարհ ընկել, դրանք հաղթահարել ենք ու նույն պատրաստակամությամբ շարունակել ենք ճանապարհը։ Մեքենան էլ է փչացել, ճանապարհին էլ ենք մնացել, բայց դրանք մեզ չեն խանգարել։

Հունվարի 28-ն էր, պետք է գնայինք Վազաշեն ու Այգեպար, ու շատ ուժեղ ձյուն էր գալիս: Շատերը չէին հավատում, որ կգնանք, բայց ոչնչի չնայելով մենք գնացինք ու այդ ուժեղ ձյան պայմաններում նույնիսկ ձնագնդիկ խաղացինք:

-Ի՞նչ հետագա պլաններ ունենք։

-Նախաձեռնությունը պետք է շարունակական բնույթ կրի։ Հայաստանի սահմանամերձ 34 գյուղերից 10-ն արդեն լուսադիոդացվել է։ Ցանկանում ենք նախաձեռնությունը մնացած գյուղեր ևս հասցնել։

Նախագիծը բացի իր բարեգործական բնույթից նաև մեծացնում է մարդկանց տեղեկացվածության մակարդակը էներգախնայողությունից ու լուսադիոդային լամպերից։ Այն զարգացնում է Հայաստանում նոր ձևավորված լուսադիոդային լամպերի շուկան՝ գնելով որակյալ արտադրանք։ Բացի այդ, ձևավորում է մշակույթ, որով հենց դուք էլ կարող եք աջակից դառնալ նախաձեռնությանը՝ առցանց տարբերակով նվիրաբերելով գումար, որով կգնվի գոնե մեկ լամպ սահմանամերձ գյուղում ապրող որևէ ընտանիքի համար։ Դե, իսկ մենք էլ կարեկցող ու գնահատող ազգ ենք։