ani beglaryan

Լուսին

Ողջույն, այսօր խոսելու եմ իմ կյանքի մշտական ուղեկիցներից մեկի՝ լուսնի մասին։ Ես դեռ փոքր տարիքից սիրել եմ լուսինը, հաճախ նայել նրան ու երազել, մեկ-մեկ էլ խոսել նրա հետ։

Կենդանակերպի նշանով խեցգետին եմ։ Մի քանի ամիս առաջ կարդացի, որ լուսինը խեցգետինների երկնային մարմինն է, երևի դրա համար եմ լուսնից այդքան մեծ էներգիա ստանում։ Իսկ դուք երբևէ լսե՞լ եք Լուսնի տոնի կամ նրա մասին հյուսված առասպելների մասին։

Ուրեմն պարզվում է, որ կա լուսնին նվիրված տոն, որ շատ մեծ շուքով է նշվում Չինաստանում և Վիետնամում սեպտեմբերի երկրորդ կեսին և համարվում է ամենատարածված տոնը՝ զիջելով միայն Նոր տարուն։ Տոնը հիմնականում նշվում է ջերմ, ընտանեկան միջավայրում, որի ընթացքում մարդիկ հիանում են լիալուսնի տպավորիչ տեսարանով և իրար են նվիրում «Լուսնի թխվածքաբլիթ»-ներ։ Լուսնի տոնի հետ կապված կա մի պատմություն։ 24 տառերը հավաքվում են` նշելու Լուսնի տոնը։ Խնջույքի ժամանակ սկսում են վիճել, թե իրենցից որ մեկն է ավելի նման լուսնի թխվածքաբլիթին․
O- Ես ամենանմանն եմ
C- Ես էլ թխվածքաբլիթ եմ, բայց ինչ-որ մեկը կծել է ինձ։
D- Ես էլ եմ նման թխվածքաբլիթին, բայց ինչ-որ մեկը դանակով կտրել է ինձ։
Q- Ես նման եմ լուսնային բլիթին, ուղղակի մի փոքր ավելցուկ ունեմ։

Լուսնի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ կան։ Ոմանք համոզված են, որ երկնային լուսատուին երկար նայելիս կարելի է խելագարվել: Շտապեմ հիասթափեցնել` ես հաճախ եմ երկար նայում լուսնին ու դեռևս խելագարության նշաններ չեն հայտնաբերվել։ Չնայած՝ ասում են, որ լուսինն իսկապես ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հոգեպես անառողջ են:

Լուսնի տոնին վերաբերող կա մի շատ հետաքրքիր առասպել՝ Չան և Խոու ամուսինների մասին։ Համաձայն առասպելի` Խոու Ին արտակարգ աղեղնավոր է: Այդ ժամանակ երկնքում արևները տասն էին։ Արևները կրակի էին տվել Երկրի ամբողջ բուսական աշխարհը, և մարդիկ մեկը մյուսի հետևից մահանում էին։ Մի օր Խոու Ին, օգտագործելով իր նետն ու աղեղը, նետահարեց արևներից իննին՝ փրկելով բնակիչների կյանքը։ Արևմուտքի թագուհին, որպես պարգևատրում, Խոու Իին հանձնեց մեկ շիշ անմահության թուրմ, որը նախատեսված էր մեկ անձի համար։ Հերոս Խոու Ին տվեց թուրմն իր կնոջը, ով խոստացավ թաքցնել այն միայն իր համար։ Խոու Ին գնալով ավելի ու ավելի հայտնի էր դառնում՝ շնորհիվ իր հերոսության։
Խոու Ին շատ աշակերտներ ուներ։ Մի օր նա իր աշակերտների հետ գնում է որսորդության, բայց աշակերտներից մեկը` Փան Մենը, ձևանալով հիվանդ, մնում է տանը։ Վստահ լինելով, որ Խոու Ին լքել է տունը, նա շտապում է իր տուն և փորձում ուժով Չան Ըից խլել էլիքսիրը։ Չանը, հասկանալով, որ չի կարող դիմակայել, ամբողջությամբ խմում է թուրմը։ Այդ խմիչքը նրան բարձրացնում է շատ վեր՝ հասցնելով մինչև լուսին, և Չանը դառնում է անմահ։ Խոուն, ստանալով վերջին նորությունները, շտապում է տուն, սեղանը տեղափոխում լուսնի լույսի տակ՝ հավատալով, որ Չանը կվերադառնա իր մոտ։ Այդ օրվանից ի վեր, մարդիկ երկրպագում են լուսնին՝ պատրաստելով ամենահամեղ ուտելիքները:

Կան շատ-շատ այլ առասպելներ լուսնի ծագման հետ կապված։ Հաճախ լուսինը մեկնաբանվում է որպես մարդ, սովորաբար՝ լծակով ու դույլերով կին, որ կերպարանափոխվել է։ Ամեն դեպքում, դեռ վաղ ժամանակներից լուսինը գրավել է մարդկանց ուշադրությունն ու զարմանքը, գիշերները դարձել է նրանց լույսի աղբյուրը, իսկ լույսը ջերմություն է։