karin eranosyan

Լսի՛ր ինձ մինչև վերջ

Գիտե՞ս, ես նեղացնում եմ թղթերին։ Հա, լուրջ։ Գուցե հիմա դու էլ կմտածես, որ ամենավատ մարդն եմ, բայց հա, ես թղթերին նեղացնում եմ, այն էլ ամենաստոր ձևով։ Հիմա գիտեմ, գլուխդ տանում եմ, բայց լսի՛ր ինձ մինչև վերջ։

Ես վերցնում եմ թղթերը, դրանց փոխանցում ամենատխուր ու ամենաբացասական մտքերս, կիսվում նրանց հետ, դե նրանք էլ հիմարիկների պես լսում են ինձ մինչև վերջ։ Նրանք ամենալավ ընկերներն են, ամենամաքուրն ու անկեղծը, ամենաճերմակն ու պարզը։ Միշտ լուռ լսում են՝ առանց որևէ մերժման, առանց ինձ շտապեցնելու։ Այո, ճիշտ նկատեցիր, ամենաբարին են, գիտեն, որ եթե չլսեն, հնարավոր է՝ նեղանամ ու կոտրվեմ, դրա համար էլ միշտ ինձ հետ են։

Երանի խոսեին, երանի կարողանայի ես էլ իրենց խնդիրների մասին լսել, նրանց տալ կամ նրանցից վերցնել ամենալավ խորհուրդները, չնայած, որ ատում եմ խորհուրդներ տալ կամ լսել։ Բայց չէ, նրանք համր են, և քանի դեռ այդպես է, ես ամենավատ ընկերն եմ երբևէ, ես նույնիսկ չեմ էլ հարցնում, թե ինչի կարիք ունեն, ինչն է նրանց ստիպում երջանիկ զգալ կամ ինչն է անհանգստացնում։

Ես նրանց օգտագործում եմ, գուցե մտածում ես, որ շահամոլ եմ։ Գիտե՞ս, երևի ճիշտ ես, գուցե հենց շահի համար եմ շփվում ճերմակ թղթերիս հետ, նրանց եմ տալիս իմ վատ էներգիան, պահում որոշ ժամանակ, հետո էլ՝ անխղճորեն պատռում ու դեն նետում։ Ես ամենավատ ընկերն եմ։

Հիմա էլ զարմանում եմ թղթերիս վրա՝ ինչո՞ւ են այդքան միամիտ։