milena sedrakyan

Լվացքագիտություն

-Միլեն, Միլենա, լսո՞ւմ ես:

-Մամ ջան, եթե վերցրել եմ, լսում եմ:

-Միլեն, լվացքը կանես, չեմ հասնում ես, աղջիկ ջան:

-Լավ էր, էլի, մամ ջան, ի՞նչ լվացք, չեմ կարող ես հաստատ:

-Միլ ջան, կանես:

Ու անջատվեց հեռախոսը: «Ի՞նչ լվացք, է՞, ես՝ ուր, լվացքը՝ ուր,- մտածում եմ ես,- լավ է, սպասի՝ փորձեմ, թե չէ տուն գալուն պես կսկսվի. «Միլենա, դու մեծ աղջիկ ես: Մենք պահածո էինք փակում քո տարիքում: Ես հիմա տուն գամ, գործ պիտի չլինի, որ գնամ ու քնեմ: Ինձնից բոյով աղջիկ ունեմ, մի հատ էլ ես, հա՞, պիտի գործ անեմ»:

Սև, սպիտակ, գունավոր հագուստները լցրեցի իրար մեջ, փոշին ավելացրեցի և ուղղակի սեղմեցի լվացքի մեքենայի ռեժիմներից մեկը, իսկ լվացքն ավարտվելուն պես այն տարա պատշգամբ՝ փռելու: Ծուռ ու շիտակ, թաց ու չոր, երկար ու կարճ՝ առանց նայելու փռեցի, որ մայրիկիս ասածը կատարած լինեմ: Ինձնից գոհ նստել էի հյուրասենյակում ու սպասում էի, թե երբ պիտի դուռը թակեն, որ գլուխ գովեմ: Դուռը բացվելն ու մամայի՝ «Աղջի, դու խայտառակ ես»-ը, մեկ եղավ:

-Մամ, բայց ինչի՞:

-Միլենա, հագուստը հավասար են փռում, հագուստը գույներով են փռում, երկար հագուստները առջևում, կարճերը՝ վերջին պարանին, գեղեցիկ, թարս են փռում, որ ամրակի հետքը չմնա:

-Մամ, լվացք փռելը մշակույթի նոր ճյո՞ւղ ա, չեմ հասկանում, ես լվացքագիտություն չեմ անցել:

-Բա հարևաննե՞րը, այ խայտառակ, պիտի մտածեն՝ ես եմ փռել, վայ, Միլենա…

Երեք-չորս օր անընդմեջ մայրս դժգոհ էր՝ անհավասար է, երկար է, կարճ է, սխալ ես փռում:

Հերթական օրը կարծում էի, որ մայրս մտնելուն պես պիտի բողոքի:

-Մամ, գույները չէին սազում էս անգամ,- ասացի ես հենց նա բացեց տան դուռը:

-Չէ, աղջիկ ջան, էդ ինչ սիրուն էիր փռել, այ, ապրես դու, հիացած էինք ես ու հայրդ, շենքի են ծայրից տեսանք, հա:

Հիմա կարող եմ հանգիստ գրել՝ ժողովուրդ, ես լվացք եմ փռում: