aniharutyunyanarm

Լվացք

Տարվա եղանակների հետ գյուղում փոխվում է օդում ծանրացած հոտը: Գարունը բերում է ծաղկած ծառերի, տաք արևից գոլորշիացող ձմռան ցրտի ու թռչունների ծլվլոցի հոտը: Ամառը մեքենաների անիվներից, կովերի ու տնային կենդանիների քայլքից բարձրացող փոշու ժամանակահատվածն է, որովհետև ասֆալտի իշխանությունը դեռ ամբողջությամբ չի հաստատվել գյուղում: Աշուն, հասած մրգեր, ծաղիկներ, թափվող տերևներ ու անձրևներ. խոնավության ու թարմության, արդեն զգացվող սառնության հոտն է թափառում օդում:

Ձմռանը գյուղը դանդաղ ծխում է, վառարանները կարմրած վառվում են, ու ծխի հոտը նստում է մարդկանց ուսերին, հագուստին, պարաններից կախված լվացքին: Կախված լվացքին, էն լվացքին, որ մաման խնամքով առանձնացրել ու գույներով դասավորել էր, հերթով, ամեն գույնը իր հասանելիք ժամանակով լվացել, նույն հոգատարությամբ հանել ու թափ էր տվել, տարել դուրս, լվացքի պարանը սրբել ու կախել: Ձմռան խոնավությունից բավականին երկար չորացող լվացքը հավաքելիս ու տուն բերելիս մաման քթի տակ խոսում է։ Լսողությունս լարում եմ, որ լսեմ, որովհետև երբ մաման քթի տակ խոսում է, ուրեմն բողոքելիքը բարեբախտաբար ինձ ու առհասարակ կոնկրետ ինչ-որ մեկին հասցեագրված չէ: Կռիվը ծխի հետ է, որ չի հասկանում` էդ լվացքը դեռ մաքուր է, տեղ գնալու շորեր են, ախր, անտարբեր անցիր, կողքով անցիր, հո դժվա՞ր չի: Անկախ մամայի բողոքներից՝ գյուղն ինձ համար ձմռան ծխի հոտով է գյուղ ու էդ ծխից տուժող լվացքով: Ու ծուխը որքան թանձր է, այնքան գյուղը ապրում է, գյուղում ապրում են, տաքանում են, տները կան, լվացքների պարանները դատարկ չեն մնում:

Ընդհանրապես հաճախ եմ լվացքի պարաններին ուշադրություն դարձնում, երբ գյուղի մյուս ծայրի փողոցներում եմ լինում, որ զգամ, որ գյուղը ամբողջությամբ է շնչում: Սովորականի նման լվացքը չեմ գտնում հեռու փողոցի առաջին տան պարանին: Մտածում եմ` երևի էսօր լվացք չի եղել: Մի քանի օր անց նորից դատարկ, այս ամիս արդեն անընդհատ դատարկ: Մի օր էլ ասում են` հեռու փողոցի սկզբի տան Գևորգը ընտանիքին էլ է տարել Ռուսաստան: Լվացքն էլ են տարել: Իսկ մի ուրիշ փողոցում փոշոտված պարանին լվացք է ավելացել. պարզվում է` գյուղ նաև վերադառնում են: Գյուղում նաև փոքրիկներ են ծնվում. որոշ պարաններ նախկինից ավելի ծանրացած ու կռացած են, որովհետև նոր ծնվածների ու երեխեքի անընդհատ ցեխոտվող, կեղտոտվող շորերը պարաններից անպակաս են:

Թող գյուղում ծուխն ու լվացքը շատ լինեն, թող մաման ամեն անգամ քթի տակ կամաց խոսի ու կռվի, ոչինչ, թող իմ տեղ գնալու շորերը ծխոտվեն, էլի ոչինչ, բայց լինեն լվացքները, շատանան ու չպակասեն: